Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶՆԵՐԸ

Հունիս 01,2004 00:00

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶՆԵՐԸ Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «Առավոտը» մի խումբ մշակույթի գործիչներից փորձեց պարզել՝ ի՞նչ երազանքներ են ունեցել նրանք երեխա ժամանակ, եւ որքանո՞վ են դրանք իրականացել: Գեւորգ Գեւորգյան՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն.172 «Անսպասելի հարց էր, որովհետեւ մինչեւ հիմա միայն կինոստուդիայի մասին եմ հարցեր լսել ու ռոբոտի պես պատասխանել: Մեկ-մեկ պետք է մոռանանք մեր ռոբոտ լինելը ու նաեւ նման հարցերի պատրաստ լինենք: Ես միշտ երազել եմ երաժիշտ լինել, որեւէ գործիքով նվագել, ինչը չի իրականացել, որովհետեւ դպրոցն ավարտելուց հետո ճակատագրի բերումով պոլիտեխնիկ ինստիտուտ եմ ընդունվել, այնուհետեւ աշխատանքի եմ անցել հեռուստատեսությունում, հետո՝ «Հայֆիլմում», որը հետագայում դարձավ իմ տարերքը: Ճիշտ է, մի քիչ ակորդեոն, մի քիչ էլ դաշնամուր եմ նվագում, բայց դա շատ քիչ է: Ես ուզում էի դուդուկ նվագել՝ ինչպես Լեւոն Մադոյանը: Ցավոք, Ջրվեժում, ուր անցել է մանկությունս, դուդուկի դասատու չկար: Կար միայն ակորդեոնի դասատու, այդ պատճառով էլ, չսիրելով հանդերձ, ակորդեոնի դասերի գնացի: Մինչդեռ երեխա ժամանակ, երբ մենակ էի մնում, մատներով ձեւ էի անում, թե իբր դուդուկ եմ նվագում»: Ռուբեն Բաբայան՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն.172 «Երազանքներ շատ եմ ունեցել, մեկն, օրինակ, որ աշխատեմ թատրոնում: Բայց, ցավոք, ինձնից դերասան դուրս չեկավ, քանի որ մասնագիտությամբ գրականագետ եմ: Ամբողջ կյանքում երազել եմ երգիչ դառնալ ու երգել: Ափսոս՝ երաժշտական լսողություն չունեմ: Իհարկե, հիմա առանց լսողության էլ եմ երգում, բայց երգս ինձնից բացի որեւէ մեկին հաճույք չի պատճառում»: Արմեն Էլբակյան՝ Մարիոնետների թատրոնի տնօրեն.172 «Միշտ երազել եմ ապրել անկախ Հայաստանում, որովհետեւ ռեպրեսիաներից տուժած ընտանիքի թոռ եմ: Չնայած երեխա էի, բայց գիտեի, որ Հայաստանը ԽՍՀՄ հանրապետություն է եւ իրավունք ունի անկախ լինելու: Իսկ ընդհանրապես շատ էի ուզում օդաչու դառնալ, ամբողջ օրը աթոռը շրջում էի, նստում վրան ու ինքնաթիռի ձայն հանում»: Կարեն Աղամյան՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ.172 «Երազանքներս շատ են եղել: Այն, որ նկարիչ պիտի դառնամ, երազել եմ 4 տարեկանից: Այդ տարիքից արդեն նկարում էի: Ուզում էի նաեւ ավտոմեքենաշինության գծով դիզայներ դառնալ, ինչը մասնակիորեն իրականացավ: Չիրականացած երազանքներ էլ ունեմ, որոնց մասին չեմ ուզում խոսել»: Ռուդոլֆ Ղեւոնդյան՝ դերասան.172 «Միշտ երազում էի գնացք շուռ տալ ու անընդհատ տարբեր առարկաներ էի դնում գնացքի ռելսերի վրա: Նեղվում էի, որ գնացքը ոչ մի կերպ չէր շրջվում: Մի օր էլ մեր հին ռադիոն քանդեցի, միջի մագնիսը դրեցի ռելսերի վրա: Երբ գնացքը անցավ, մագնիսը 2 կես եղավ: Հետո երկար ժամանակ փորձում էի կպցնել իրար, տարբեր բեւեռներն իրար վանում էին: Դեռ 9 տարեկանում հասկացա, որ մագնիսի միջոցով կարելի է գնացք տեղաշարժել: Ու հիմա, որ ճապոնացիները մագնիսական դաշտերի միջոցով արագընթաց գնացքներ են աշխատեցնում, էդ իմ երեխա ժամանակվա գյուտն են կյանքի կոչել: Էնպես որ, թող գան ու ղուրբան լինեն ինձ: Մի երազանք էլ ունեի: Երեխա էի, երբ դիտեցի «Ամուսնություն իտալական ձեւով» ֆիլմը ու երազեցի ամուսնանալ Սոֆի Լորենի կամ գոնե Ջինա Լոլոբրիջիդայի հետ, ինչը այդպես էլ երազանք մնաց»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել