Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականացված՝ մինչեւ մանկապարտեզ

Հունիս 01,2004 00:00

Քաղաքականացված՝ մինչեւ մանկապարտեզ Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Քաղաքակիրթ երկրներում երեխաներն իրենց պաշտպանվածության, անկաշկանդության ու անհոգության առումով առանձնապես տարբերություն չեն տեսնում այդ օրվա եւ իրենց կյանքի մյուս օրերի միջեւ: Մեզ մոտ, սակայն, երեխաներն իրենց «ազատ են զգում» անհամեմատ քիչ դեպքերում: Օրինակ, նրանց ամեն օր չեն թողնի Օպերայի բակում կամ մեկ ուրիշ տեղ ազատ նկարել եւ վազվզել խոտերի մեջ: Անցյալ տարի, նախագահական ընտրությունների օրերին, երբ Կենտրոնի մանկապարտեզներից մեկում էի՝ ինչ-որ տարածքի խնդրի պատրվակով, մի պահ զարմացած նայում էի 5 տարեկան երեխաների խաղին: Խաղը հետեւյալն էր. երեխաները բաժանվել էին 2 խմբի՝ դեմիրճյանական ու քոչարյանական, եւ իրար հարվածում էին փափուկ խաղալիքներով: Բայց խաղի համար երեխաները նախապես կանոններ չէին մշակել եւ չգիտեին, թե որեւէ կողմի հաղթանակն ինչպես է արտահայտվելու: Որովհետեւ այս երեխաներն իրենց խաղով որեւէ շահ չեն հետապնդում, պարզապես խաղում են, պարզապես ընդօրինակում են այն տեսարանները, որոնք, ցավոք, նրանց կյանքում մեծ տեղ են զբաղեցնում: Հիշենք՝ նախագահական քարոզարշավի ընթացքում աշակերտների «օգտագործումը» հանրահավաքներին: Աշակերտներին փաստորեն կտրում էին դասերից, բերում քոչարյանական հանրահավաքներին՝ երկրի ապագա խորհրդանիշի հանդեպ սեր ու հարգանք սերմանելու նպատակով: Եվ երեխաները, ավտոբուսներով բերված ամբոխի մեջ տրորվելով, թափահարում էին եռագույն դրոշակները՝ հանուն իրենց խորհրդանիշի: Հետո արդեն այս երեխաները տեսնում են, թե ինչպես այդ խորհրդանիշը հրահանգում է դաժան ծեծի ենթարկել իրենց դասընկերոջ ծնողին, եղբորը եւ անգամ քրոջն ու մորը: Ավելորդ է անգամ խոսել կրթական ոլորտի այլ գործընթացների մասին: Անցյալ շաբաթ կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական կրթակարգը: Այն ամերիկամետ կրթակարգը, որը, թերեւս, ապագա սերունդներին այնքան կբթացնի, որ ամերիկացի դպրոցականի նման իր «քինդեր-սյուրպրիզի» խաղալիքից այն կողմ չի գնա ու չի էլ իմանա, թե իր հարեւանն այդ օրը միտինգից վերադարձա՞վ, թե՞ աննպատակ ձերբակալվեց: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել