Երեկ
Ստամբուլում բացվեց Թերթերի 57-րդ համաշխարհային կոնգրեսը եւ Խմբագիրների
11-րդ ֆորումը, որին մասնակցում է 1400 ներկայացուցիչ՝ 88 երկրներից:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի մասնակցությունն այդ համաժողովի բացմանը, ցույց տվեց, թե որքան է այդ երկիրը շահագրգռված քաղաքակիրթ աշխարհի հետ շփումներում: Ճիշտ է, բացման ժամանակ Թերթերի համաշխարհային ասոցիացիայի նախագահ, կորեացի Սեոկ Հյուն Հոնգը բավականին կիսաքաղցր խոսեց Թուրքիայում մամուլի ազատության վիճակի մասին՝ «դեռ կան սահմանափակումներ՝ լրագրողների ինքնարտահայտման համար», բայց թուրքերին հորդորեց չնեղսրտել, որովհետեւ որոշ բարեփոխումներ, այնուամենայնիվ, կատարվել են: Իր ելույթում, Էրդողանը, չնայած հորդորներին, բավականին նեղսրտեց, ասելով, որ Թուրքիային սիրում են քննադատել մամուլի ազատությունը սահմանափակելու համար, ինչը երբեմն վիրավորական է:
Ֆորումի բացման ելույթներն ընդմիջվում էին թուրքական երգուպարով՝ «Անատոլիայի կրակը» խմբի կատարմամբ: Ռիթմով պարերը շատ նման էին մեր «քոչարիին»՝ իռլանդական ստեպի տարրերով: «Ամենաբաց» պորտապարը կատարվեց Էրդողանի ելույթից հետո այնպես, որ վարչապետն ամոթխածորեն թեքեց գլուխը: Պորտապարի ընթացքում պարող տղաների ձեռքին մահակների նման մի բան էր, որը հավանաբար խորհրդանշում է սահմանադրական կարգը պահպանելու կազմակերպված պետության պատրաստակամությունը:
Բայց, անշուշտ, կան ավելի կազմակերպված պետություններ: Բացման ժամանակ «Ազատության ոսկե գրիչը» շնորհվեց ուզբեկ լրագրող Ռուսլան Շարիպովին՝ հեռակա, որովհետեւ նա գտնվում է տնային կալանքի տակ: Իսկ դրանից առաջ 4 տարի Ռուսլանը գտնվում էր զնդանում՝ հոմոսեքսուալիզմի կեղծ մեղադրանքով եւ ենթարկվում էր խոշտանգումների: Մրցանակը հանձնող Խմբագիրների միջազգային ֆորումի նախագահ Գլորիա Բրաուն Անդերսենը էպիտետներ չխնայեց Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հասցեին: «Նա իրեն ուժեղ մարդ է համարում, բայց իրականում սովորական բռնապետ է, որը վախենում է ազատ խոսքից»: Բայց դժվար թե նման գնահատականներն ազդեն բռնապետերի վրա՝ նրանք միշտ զինված են «իրավական» փաստարկներով:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ստամբուլ