Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ

Հունիս 01,2004 00:00

2003թ. մարտի 6-ին «Արարատ» հյուրանոցի եւ ֆրանսիական դեսպանատան անցումում, ժամը 20-ի սահմաններում Հովհաննես Հարությունյանը «ԳԱԶ 3110» մակնիշի 442ԼԼ01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկեց 24-ամյա Արթուր Հարությունյանին։ Վերջինս մահացավ։

Ամբաստանյալն աշխատում էր «Էներգոինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկում՝ որպես վարորդ։ Չնայած 2003թ. մայիսի 8-ին նրան առաջադրված մեղադրականում (հաստատել է Երեւան քաղաքի դատախազության ավագ քննիչ Գ. Հարությունյանը) գրված էր՝ «նախկինում դատված», սակայն թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի, թե ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում ամբաստանյալը գործով անցավ որպես «նախկինում չդատված» անթույլատրելի վրիպումով։ Տուժողը՝ Արթուր Հարությունյանը, բացառիկ կենսագրություն է ունեցել. նա ուսանել է Վենետիկի Ս. Ղազար կղզու Մխիթարյան վանքի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, ավարտել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը։ 2000թ. հունիսից մինչեւ 2002թ. հունիսը ծառայել է ազգային բանակում։ Գերազանց տիրապետել է իտալերենին, ֆրանսերենին, անգլերենին, աշխատել է գիդ-թարգմանիչ, Le Petit Fute ֆրանսիական հրատարակչությունում՝ գրասենյակի լրագրող, «Սոֆադ» ՍՊԸ-ում՝ իտալացի գործընկերների հետ կապերի պատասխանատու, ապա «Lovable» ՍՊԸ-ում՝ հայաստանյան ներկայացուցիչ։

«Ճակատագրի հեգնանքով Արթուրի մահը առաջինը չէ։ Հայրենիքի առջեւ իր պարտքը կատարելու ընթացքում ոճրագործի ձեռքով կյանքից հեռացավ մեր մյուս ընկերը՝ Արայիկ Ավետիսյանը։ Այս երկու դեպքերը հիշում ենք, որովհետեւ անպատիժ են ցանկանում մնալ երկու հանցագործություն կատարողներն էլ»,- սրբազան տեր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանին էին գրել աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտները, հայցելով, որ սրբազանը միջամտի ՀՀ գլխավոր դատախազին՝ «հանցագործությունը քողարկելու փորձերը բացառելու համար»։ Սակայն ինչ հետեւեց։ Նախ՝ նախաքննության, ապա դատաքննության ողջ ընթացքում վարորդի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց… ստորագրությունը չբացակայելու համար։ Փոխվեց դեպքի վայրը՝ այն «հասավ» Գ. Լուսավորչի թիվ 5 շենքի մոտ, որպեսզի հաստատվի, թե հետիոտնը գտնվել է «վտանգավոր գոտում», այն էլ ձախից դեպի աջ «արագ քայլերով հատելով»։ Նախաքննության փուլում պարզվել էր, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Դատարանում հակառակն էր՝ «ամբաստանյալը մնացել է դեպքի վայրում եւ փորձել է օգնել տուժողին»։ Ավելի տհաճ է նրա հետեւյալ պատճառաբանությունը. «Դեպքից հետո փորձել է նյութապես օգնել տուժողի հարազատներին, սակայն վերջիններս չեն համաձայնվել»։ Կենտրոնի դատավոր Ժորա Վարդանյանի 2003թ. հունիսի 3-ի դատավճռով 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը պետք է բռնագանձվեր «Էներգոինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկի միջոցներից։ Եվա Դարբինյանի նախագահությամբ վերաքննիչ դատարանն էլ նույնը վճռեց։ Արթուրի մայրը՝ Սեդա Կարապետյանը, երեկ «Առավոտում» էր եւ ասաց, որ վճիռն այդ մասով նույնպես չի կատարվել։ Դատարանում Սեդա Կարապետյանը հայտնել էր, որ «Գրանիտ» ՓԲԸ-ի միջոցով իր պատվերով կազմվել է նախահաշիվ՝ մինուճար որդու գերեզմանին հուշաքար տեղադրելու, կառուցապատելու համար։

Վարորդը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ «առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու»։ Սակայն ո՞ւմ կամ ի՞նչը պիտի վարեր «ազատազրկվածը»։ Ելքը չգտնելով՝ վարորդին չեն… ազատազրկել։

ՀՀ քաղաքացիական գործերով դատարան է դիմել տուժողի իրավահաջորդը՝ որդու շիրմաքարի գումարի փոխհատուցման պահանջով։ Երեք դատավորների՝ Վ. Ավանեսյանի, Գ. Մատինյանի, Տ. Սահակյանի 2003թ. դեկտեմբերի 8-ի վճռով ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվեր 2000 դոլարին համարժեք գումար։ Չգիտես ինչու, իրար են անցել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարությունները։ Դիմել են վճռաբեկ դատարան։ Վերջինս բողոքը առանց բավարարման է թողել։ ԴԱՀԿ-ն հարուցել է կատարողական վարույթ։ Սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը գումարը չի փոխանցել։ «Ինձ ասացին, որ գումարի փոխարեն տալու են մուրհակ։ Սակայն ես մուրհակ չեմ ցանկանում վերցնել»,- ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւանի ստորաբաժանման պետ Ա. Խաչատրյանին գրել էր որդեկորույս մայրը։ Սեդա Կարապետյանը առաջին անգամ է դիմում մամուլի օգնությանը, սպասելով, թե որեւէ պատվախնդիր ղեկավար կգտնվի, որ ենթարկվի դատարանների կայացրած վճռին։ Իսկ կգտնվի՞։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել