ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԶԵԿՈՒՅՑԸ ԹԵՐԻ
Անցած շաբաթ ԵԽ ԽՎ քաղաքական խորհրդում պետք է լսվեր Ղարաբաղի հարցով
զեկուցող Թերի Դեւիսի զեկույցի նախագիծը։ Սակայն հայտնի է, որ այդ լսումը
հետաձգվեց։ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ
Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, Թերի Դեւիսի զեկույցը ոչ թե թերի էր, այլ ինքը՝
պարոն Դեւիսը, հետեւյալ կերպ է մեկնաբանել դրա չհրապարակումը։
Ըստ Թերի Դեւիսի, Երեւան-Ստեփանակերտ-Բաքու այցելության ընթացքում ինքը կազմել էր բավականին համակողմանի զեկույց եւ պատրաստվում էր այն բանավոր ներկայացնել քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում։ Սակայն ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ իր հանդիպումները (մայիսի 12-13-ը, Ստրասբուրգ), ինչպես նաեւ երկու երկրների նախագահների հանդիպումները նոր շեշտադրումներ են առաջացրել հարցի զարգացումների մեջ։ Ընդ որում, պարոն Դեւիսը շեշտել է, թե ինքը Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված այսօր ավելի լավատես է, քան ձմռանը՝ Երեւան-Ստեփանակերտ-Բաքու կատարած իր այցերից հետո։ Թերի Դեւիսը այն կարծիքն է հայտնել, թե ճիշտ կլինի զեկույցը վերանայել եւ շեշտադրումները փոխել։ Նա խոստացել է փոփոխված տարբերակը բանավոր ներկայացնել ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանի ժամանակ։
Չմոռանանք, որ նույն այդ օրերին Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար քվեարկություն եւ թեկնածուներից մեկն էլ Թերի Դեւիսն է։ Այնպես որ, շատ բան կախված կլինի այդ քվեարկության արդյունքից։ Եթե պարոն Դեւիսը ընտրվի ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ապա, բնականաբար, կփոխվի Ղարաբաղի հարցով զեկուցողը։ Վերջինս, անշուշտ, ցանկություն կհայտնի այցելել տարածաշրջան, անձամբ ծանոթանալ խնդրին։ Եվ ամեն ինչ կսկսվի նորից։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ