Հայտնի բան է. երբ Հայաստանի տիպի որեւէ երկրում իշխանություններն ապաշնորհ են գտնվում բնակչության առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական հիմնարար խնդիրները լուծելու հարցում, ապա պատասխանատվությունն իրենցից հնարավորինս հեռու վանելու համար դիմում են ամեն տեսակ մանր խորամանկությունների:
Դրանցից ամենատարածվածը, թերեւս, հայրենասիրական հիստերիայի բորբոքումն է, որը սովորաբար ուղեկցվում է ամեն գնով երկրի ներքին կայունության (նույնն է թե՝ տվյալ վարչակազմի իշխանության) պահպանմանը միտված նպատակասլաց քարոզչությամբ: Նկատենք, որ Հայաստանում ձեւավորված ներկայիս իրավիճակը միանգամայն տեղավորվում է վերը նկարագրված սխեմայի մեջ: Վերջին ամիսներին սոցիալական աճող լարվածության ֆոնի վրա, իհարկե ոչ առանց իշխանական քարոզչամեքենայի գործադրած ջանքերի, ավելի ու ավելի ուժգին է հնչում ռազմահայրենասիրական «լիրիկան»: Իսկ ներքաղաքական պերմանենտ ճգնաժամի գրեթե բոլոր շրջափուլերում «անսպասելիորեն» մեծ հնչեղություն է ձեռք բերում, մասնավորապես, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ վերոհիշյալ հնարքը բանեցվեց նաեւ բոլորովին վերջերս, երբ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից հայտնեցին նրա՝ ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթաժողովին չմասնակցելու որոշման մասին, ընդ որում, դա պատճառաբանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկայիս վիճակի մասին աննախադեպ անհեթեթ փաստարկով: Ի լրումն, առանց այդ էլ երկու երկրների միջեւ առկա լարվածության համապատկերում թերեւս հատուկ դիվանագիտական «տաղանդ էր» հարկավոր վարվելու համար այնպես, ինչպես օրերս վարվեց ՀՀ վարչապետը: Խոսքը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի հողային պահանջների մասին նրա արտահայտած մի քանի նկատառումների մասին է, ինչն արդեն իսկ մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում: «Պաշտոնական Երեւանի հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումը դադարեցված է»: Այս մասին գրում է թուրքական Cumhuriyet թերթը: Ըստ նույն աղբյուրի, պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ներկա պայմաններում այլեւս իմաստ չունի խոսել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանների բացման մասին: Մինչդեռ, թերթի ընդգծմամբ, նախկինում ծրագրվում էր, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում պետք է «քննարկեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը», սակայն, «գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելով նախագահ Քոչարյանը ցույց է տվել, որ ինքը մտադիր չէ քննարկելու տվյալ խնդիրը»: Ըստ Cumhuriyet-ի, «կրակին յուղ է ավելացրել» նաեւ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ Հայաստանին Թուրքիայի տարածքների մի մասի վերադարձման հնարավորության մասին արտահայտած մտքերը, ինչն Անկարայում դիտարկվում է որպես ոչ բարեկամական քայլ: Քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Այս հայտնի աֆորիզմը խելոք երեւալու նպատակով մեկ անգամ չէ, որ օգտագործել են մերօրյա հայ քաղաքական գործիչները: Սակայն, չնայած դրանում ամփոփված խրատին, իրականության պարտադրած օրախնդիր ու երկրի համար խիստ կենսական քայլեր կատարելու փոխարեն մեր պետական այրերը, որպես կանոն, «ռեալիզացվում են» երիցս անօգուտ, եթե չասենք՝ վտանգավոր ու անհեռանկար տիրույթներում: Այդպես երեւի ավելի հեշտ է: Նախ՝ ապահովվում է ինչ-որ կարեւոր՝ հայրենասիրական գործերով զբաղվելու պատրանք, ապա՝ հենց դրանով էլ, անհրաժեշտության դեպքում, պատճառաբանվում է առաջընթացի «ոչ այնքան սրընթաց» տեմպը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ