Լրահոս
Օրվա լրահոսը

Շոուն կսկսվի հունիսի 4-ին

Հունիս 01,2004 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում
պետք է մեկնարկեր Արտաշես Գեղամյան-Արամ Կարապետյան «հակամարտությունը»։

Սակայն հայցվորի միջնորդությամբ դատավորը (Մ. Մնացականյան) դատը հետաձգեց մինչեւ հունիսի 4-ը։ Ըստ միջնորդության՝ հայցվորը ծանոթանում է գործի նյութերին։ Սակայն, ինչպես տեղեկացանք, պատասխանողը հակընդդեմ հայց չի ներկայացրել։ Մեր տարակուսանքը՝ «սեփական հայցի՞ն եք ծանոթանում», Ա. Կարապետյանը հեռախոսազրույցում այսպես փարատեց. «Մենք ուզում ենք դատական պրոցես տանենք, ոչ թե քաղաքական»։ Ապա տեղեկացրեց, որ հետաձգելու միջնորդությունը պայմանավորված է եղել՝ «հարցումներ ենք արել, որոնց պատասխանները թերի են»։ Հիշեցնենք, որ հարցումներն ուղղված էին պաշտպանության նախարարին, ՀՀ մաքսային կոմիտեի ղեկավարին, ՀՀ գլխավոր դատախազին։ Ա. Կարապետյանը մասնավորապես հետաքրքրվել է սույն պետական այրերից (հենվելով Ալ. Կարապետյանի եւ Ա. Գեղամյանի հայտարարությունների վրա), թե ինչու են նրանք գերազանցել օրենքով իրենց վերապահված լիազորությունները եւ ինչու դատախազությունը համապատասխան միջամտություններ չի արել։

Պաշտպանության նախարարը գրավոր պատասխանել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի 2003 թ. մարտին «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա մեկնելու ժամանակ Արամ Կարապետյանին ինքնաթիռից իջեցնելու փաստի հետ։ Ավելին, դա որակել է «որոշ մարդկանց բորբոքված երեւակայության արդյունք»։ Մաքսային կոմիտեից Ա. Կարապետյանին պատասխանել են, որ իր նկատմամբ կոմիտեի աշխատակիցները որեւէ անօրինական քայլ թույլ չեն տվել եւ խնդրում են ասվածները հիմնավորել։ Միաժամանակ տարակուսում են, որ այդ մասին խոսվում է ավելի քան մեկ տարի անց։ Դատախազը դեռ լռում է։

«Արդյո՞ք դատական նիստը հետաձգելը ձեր նկատմամբ թերահավատություն չի ծնի» «Առավոտի» հաջորդ դիտարկման արձագանքը եղավ՝ «Եթե անընդհատ հետաձգենք՝ դա ուրիշ, բայց 3 օրում ոչինչ չի փոխվի,- ասաց Ա. Կարապետյանը,- դատից կերեւա՝ ով ով է»։ Մինչդեռ Ա. Գեղամյանի եւ Ալ. Կարապետյանի լիազորված անձ Աղասի Արշակյանը գտնում է, որ «սա եւս մի ապացույց է, որ Ալեքսան Կարապետյանի գնահատականները ճիշտ էին»։

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել