Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-Ն՝ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ»

Հունիս 01,2004 00:00

Ասում է «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը

Վերջին շրջանում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, նաեւ Վրաստանի կողմից Հարավային Կովկասին առնչվող միջազգային մի քանի նոր ծրագրեր են դրվել շրջանառության մեջ, որոնք կյանքի կոչվելու դեպքում հերթական անգամ շրջանցելու են Հայաստանը: Դրան նախ անդրադարձել էր ադրբեջանական «Զերկալոն»՝ նկատի ունենալով Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության նոր ծրագիրը եւ ընդգծելով, թե՝ «Ադրբեջանը աստիճանաբար զարգանում է, մինչդեռ Հայաստանը հայտնվել է տրանսպորտային փակուղում»:

Ըստ թերթի, վերջերս Մոսկվայում ընդունված որոշման՝ Իրան, Ադրբեջան, Ռուսաստանը միացնող երկաթգծի շինարարության հեռանկարում, Ադրբեջանով բեռնափոխադրման տարանցումը ծավալներով էլ ավելի կմեծանա, մինդեռ ՀՀ-ինը գնալով պակասում է: «Հարկ է նշել, որ արեւմտյան ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում հնարավոր է համարվում նաեւ Թուրքիա-Վրաստան երկաթգծի շահագործումը: Այդ երկաթգիծը, որը կշրջանցի Հայաստանը, եւս մեկ հարված կլինի այդ երկրին»: Սույն հրապարակումը համեմված է ԱՊՀ երկրների վիճպետկոմից ստացված տվյալներով, ըստ որոնց, ԱՊՀ երկրներում բեռնափոխադրման ծավալները 2004-ի առաջին եռամսյակին անցյալ տարվա համեմատ միջինը կազմել է 108 տոկոս: Ու եթե առաջին եռամսյակում բեռնափոխադրումները, ասենք՝ Ադրբեջանում ավելացել են 10 տոկոսով, Վրաստանում՝ 9 տոկոսով, ապա ԱՊՀ երկրների շարքում բեռնափոխադրման ամենացածր ծավալները գրանցվել են Ղազախստանում եւ Հայաստանում: ՀՀ-ում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 3 տոկոսով: Միաժամանակ, եվրասիական ՏՐԱՍՍԵԿԱ միջազգային տրանսպորտային միջանցքի ադրբեջանական հատվածում բեռնափոխադրումներից 2004-ի առաջին եռամսյակի ընթացքում Ադրբեջանը ստացել է 211,9 մլրդ մանաթի, կամ՝ ավելի քան 22 մլն դոլարի եկամուտ: «Ինչպես տեսնում ենք, Հայաստանն իր վարած քաղաքականության արդյունքում տարեց-տարի տարածաշրջանում դառնում է «իզգոյ» պետություն, ինչը, անկասկած, կարող է մի օր հանգեցնել այդ երկրի տնտեսության կատարյալ քայքայմանը»,- եզրակացրել է «Զերկալոն»:

Գրեթե նույնն են պնդում հայաստանյան ընդդիմադիր ուժերը: Երեկ այս ամենին մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ «Արմատ» կենտրոնի ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանը: Ըստ նրա, վերջին վեց տարիներին իշխանությունների վարած քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնացել միջազգային մի շարք ծրագրերից, որոնց հիմնական պատճառը ոչ միայն անհեռատես արտաքին քաղաքականությունն է, այլեւ՝ ԼՂ հակամարտության չլուծված լինելու հանգամանքը: Ե. Աբգարյանի մատուցմամբ, 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա քաղաքական թիմը ԼՂ հարցի լուծման գործընթացը սկսելը շատ արմատական էին համարում հենց այն պատճառով, որ արդեն 90-ականների սկզբներից առարկայական էին դառնում միջազգային մի շարք ծրագրեր, որոնք կապված էին Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Դա առաջին հերթին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցումն էր, ծրագրվում էին նաեւ «Ինոգեյթի» տարբերակներ, երկաթուղային ցանցի այնպիսի ծրագրեր, որոնք կարող էին փոխարինել եղած չաշխատող ուղիները, նաեւ էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի անցկացման ծրագրեր: «Ահա այս չորս ուղղությունների վերաբերյալ արդեն ծրագրային խոսակցություններ էին սկսվել, եւ հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ եթե ՀՀ-ն մտներ ԼՂ հակամարտության լուծման գործընթացի մեջ, դա մեզ կարող էր նաեւ որոշակի առավելություն տալ եւ բանակցությունների ժամանակ անդրադառնալ այնպիսի հարցերի, ինչպիսիք են հիշյալ ծրագրերում ներգրավվելը: Այդ բանակցություններն, ի դեպ, ըստ էության, պետք է դառնային կատալիզատոր մեր միջազգային համագործակցության ծրագրերին մասնակցելու համար: Ի վերջո, պետք էր հասկանալ, որ առանց տնտեսական լծակների քաղաքականություն չկա: Այսօր խոսք է գնում հաղորդակցական ուղիների վերաբացման դիմաց 7 շրջան Ադրբեջանին վերադարձնելու մասին, ինչի վերաբերյալ մեր ժամանակ խոսք լինել չէր կարող: Այն ժամանակ կարող էր խոսք լինել մինչեւ 4 շրջանի մասին, բայց դրանցից յուրաքանչյուրը բանակցությունների առարկա էին դառնալու հօգուտ Հայաստանի ինչ-որ բան շահելու համար: Դրանով երկու շատ կարեւոր հարց էր լուծվելու՝ տնտեսական եւ քաղաքական»,- պարզաբանեց պարոն Աբգարյանը:

Նա անդրադարձավ նաեւ վերջերս ՌԴ-Իրան-Ադրբեջան, նաեւ Վրաստան-Թուրքիա երկաթգծերի շահագործման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածություններին, որոնք եւս շրջանցում են Հայաստանը: «Թուրքերը ծրագրել էին Ղարս-Ախալցխա երկաթուղու կառուցումը, հիմա նրանք ավելի օպտիմալ եղանակ են գտել՝ Բաթում-Տրապիզոն: Սրանով Հայաստանի երկաթուղին ընդհանրապես կշրջանցվի եւ կվերածվի փակուղային կայարանի: Սա է մեր իշխանությունների 6 տարիների հանցավոր գործունեության կամ՝ անգործության արդյունքը, որից մեր երկիրն ահավոր վնասներ դեռ կկրի»,- ասաց պարոն Աբգարյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել