Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱԶԳԻ ԴԱՍԵՐԸ

Մայիս 28,2004 00:00

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱԶԳԻ ԴԱՍԵՐԸ Ըստ պատմաբանների՝ հայոց պատմությունը համաշխարհային պատմության համար խիստ ուսանելի է՝ հայկական սխալները չկրկնելու առումով: 1918 թ. մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որը, չնայած իր կարճ՝ ընդամենը երկամյա պատմությանը, բավականին ուսանելի հետք է թողել: Երեկ Մամուլի ազգային ակումբը կազմակերպել էր «Առաջին հանրապետության դասերը» թեմայով կլոր սեղան: Դասերը շատ էին: Սակայն ներկաները եկան ընդհանուր եզրակացության, որ ոչ ոք առանձնապես չի վառվում դրանք սովորելու ցանկությամբ: Պարույր Հարիկյանը կարծում էր, որ «Դաշնակցական կառավարությունը 1918-20թթ. ֆիասկո է ապրել: «Մահ կամ ազատություն» ասելով՝ նրանք երկրի մի կեսը տվեցին Թուրքիային, մյուս կեսը՝ Ռուսաստանին: Ոչ մի դաշնակցական գործիչ չգործեց «Մահ կամ ազատություն» կարգախոսով»: Փոխարենը ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը կշեռքի նժարներին դնելով 1-ին հանրապետության թողած դրականն ու բացասականը, գտնում էր, որ «դրականը գերակշռում էր»: Ավելին, նա չէր ընդունում այն մեղադրանքները, ըստ որոնց՝ դաշնակցական կառավարության ապաշնորհությունն էր պատճառը, որ հայկական առաջին հանրապետությունն ընդամենը 2 տարվա կյանք ունեցավ. «Վրաստանում եւ Ադրբեջանում չկար դաշնակցություն»,- նկատեց նա՝ բայց այդ անկախ հանրապետություններն էլ 1920թ. խորհրդայնացան: Համեմատելով 1-ին եւ 3-րդ հանրապետությունները, նա ասաց. «Այն ժամանակ քաղաքական եւ ռազմական գործիչների նվիրվածությունը կար, այսօր այդ բանը չկա, եւ դա ժողովրդին հիասթափեցնում է»: ՀՀՇ կուսակցության անդամ, «Արմատ»-ական Երջանիկ Աբգարյանը, բնականաբար, չէր կիսում Կիրո Մանոյանի տեսակետները. «Սարսափելի չնչին տոկոս է կազմում այդ տարիների դրականը: Իրողությունն այն է, որ այսօր ունենք 29 հազար քմ Հայաստան, իսկ որ կարելի էր 70 հազար քմ տարածքով դառնալ Խորհրդային Հայաստան՝ անկասկած է»: Նա «կատեգորիկ դեմ» էր այն կարծքին, թե անկախության կորուստը նախանշված էր. «Իշխանության ղեկը ստանձնածներն իրենց գործին չէին տիրապետում: Եթե ամեն ինչ դրված լիներ պրակտիկ հիմքերի վրա, այլ վիճակ կլիներ: Կոպտագույն ելակետային սխալ էր մտածողությունը, թե՝ առանց դրսի օգնության չենք կարող ոչինչ անել: Դաշնակները կարծում էին, թե մեկը պետք է մեր ձեռքից բռնի, մեզ անկախություն տա: 1919թ. շատ հարմար իրողություն էր՝ հույները հարձակվում էին, թուրքերը զբաղված էին, այդ ժամանակ կարելի էր բանակցությունների գնալ, բայց սկսեցինք սպասել, ժամանակ ձգել, ինչպես հիմա: Կարելի էր ավելի վաղ խորհրդայնանալ՝ 60 հազար քմ-ով: Իրապաշտության կատարյալ բացակայություն էր տիրում, պատմական պահի զգացողություն չկար: Բացի երազանքից՝ ոչինչ չկար: Զարմանում եմ, որ էդ խելքով 2 տարի ձգեցին»: ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը մեջբերեց. «Նժդեհն ասում էր՝ բավական է դժբախտությունները օտարի մեջ փնտրել եւ հույսը օտարի վրա դնել: Միշտ դրվում է պատրոն գտնելու հարցը, սեփական ուժերի վրա հույս չենք դրել: Մեր ռուսամետությամբ եւ արեւմտամետությամբ մենք սպանում ենք անկախություն կրողին»: «Հայ ազգայնական միաբանության» նախագահ Արմեն Ավետիսյանի կարծիքով՝ 1-ին հանրապետությունը քայքայած բացասական երեւույթները շարունակվում են նաեւ հիմա. «1-ինը միակուսակցական էր, ինչը հանգեցնում է լճացման եւ հետաճի: Նույնն ավելի ցայտուն կրկվեց ԽՍՀՄ-ում: Իսկ հիմա իբր բազմակուսակցական հանրապետություն է, բայց գործում է «Մեր դեմ խաղ չկա» տարբերակը: Ուրեմն այս հանրապետությունը կամ վերածվելու է ազգային հանրապետության, կամ կործանվելու է»: Մեղավորն, ըստ նրա, «Օտարներին կամ մասսոնական օթյակներին ծառայելու իշխանական ցանկությունն է: Այն ժամանակ էլ կային հրեոց փեսաներ, հիմա էլ: Ունենալով իբր անկախ պետություն, չունենք ազգային բնույթի պետություն: 1-ինը փայփայում էր Կովկասյան սեյմի գաղափարը, հիմա էլ մեզ Կովկասյան տունն են պարտադրում: Այսինքն, ինչպես այն ժամանակ, հիմա էլ վարվում է զուտ իրավիճակային, կոնյունկտուրային քաղաքականություն: Չկա գերնպատակ»: Պատմաբան, ԵՊՀ դասախոս Հայկազ Հովհաննիսյանը հայտնեց, որ հայոց պատմությունը մանրամասն ուսումնասիրած պատմաբանները գտել են, որ հայոց պատմությունը ամբողջ համաշխարհային պատմությանը դասեր է տալիս, սխալները չկրկնելու իմաստով. «Բոլորը զարմանում են, որ այսքան խելոք եւ հերոսական ժողովուրդն այս վիճակում է: Էսքան խելոք մարդիկ ու էսքան խղճուկ վիճակո՞ւմ»: Եվ որպես համոզիչ ապացույց մեր խելոքության՝ նկատեց. «Հոլանդիայի, Բելգիայի պատմաբանները գալիս են, նայում ես…կռիշից ներքեւ կգցեմ նրանց իմ խելքով, գիտելիքներով»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31