Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերե՛ն երգենք

Մայիս 28,2004 00:00

Հայերե՛ն երգենք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած «Երիտասարդությունը՝ հանուն պետականության» համաժողովին, ինչպես եւ սպասվում էր, ներկա չէին հրավիրված ընդդիմադիր թեւի երիտասարդները: Երիտասարդ հանրապետականները ասում էին, որ ամեն անգամ նրանք ընդունում են հրավերը, սակայն երբեք չեն գալիս եւ երբեք առողջ բանավեճի ու քննարկումների իրենց առաջարկը չեն ողջունում: Համաժողովն ընդհանուր առմամբ հետեւյալ տրամադրությունն ուներ. «Այն հայորդին, որ բողոքում է իր հայրենիքից, ոգու հիվանդությամբ է տառապում», «Հայրենիքը ոչնչանում է հայրենասիրության պակասից», «Պատերազմում հաղթում է ոչ թե արդարը, այլ ուժեղը. լինենք ուժեղ»: Համաժողովին ընթերցվեց ՀՀ վարչապետի ուղերձը՝ ՀՀԿ երիտասարդներին, ողջույնի խոսք ասացին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի նախագահ Վազգեն Խաչիկյանը: Վերջինս կոչ արեց երիտասարդությանը համախմբվել, քանզի «երիտասարդության ջանքերով մեր պետությունը պիտի դառնա հայրենիք, եւ ոչ թե՝ հանրակացարան»: Բավական հոռետեսական էր ՀՀԿ ԵԿ նախագահ Արմեն Աշոտյանի խոսքը: Նրա կարծիքով, այսօր մեր երիտասարդությունը զուրկ է ազգային ինքնագիտակցության զգացումից: «Օրեցօր մեր կյանքում ամրապնդվող եսապաշտությունը հայությանը մղում է դեպի ինքնասպանում եւ ինքնաոչնչացում», իսկ այն կանխելու համար Ա. Աշոտյանը հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է տեսնում՝ բնազդային փուլից մինչեւ զգայական ու գիտակցական փուլեր, ռազմահայրենասիրական դաստիարակություն ընտանիքում ու դպրոցում, հավատքի շուրջ համախմբում. «Հայ առաքելական եկեղեցին, իր պատմական մեծ դերը կատարելուց բացի, ունի նաեւ բարոյական մեծ պոտենցիալ, որ կարող է ծառայել ազգային գաղափարախոսության վերածննդի համար»: Կազմակերպության նախագահը մեջբերեց Գ. Նժդեհի խոսքերը՝ 80 տարի առաջվա դպրոցի մասին, ուր բացակայում էր հայրենագիտակցության ոգին, եւ համոզմունք հայտնեց, որ այն ժամանակվանից հանրակրթական դպրոցում առաջընթաց չի եղել: «Հանրակրթական դպրոցի ճգնաժամային վիճակը ռազմահայրենասիրական դաստիարակության գծով, ցավոք, հիմք չի տալիս մտածելու, որ այս խնդիրը մոտ ապագայում հնարավոր կլինի լուծել»: Պրն Աշոտյանին մտահոգող մյուս խնդիրը Հայաստանում գործող հեռուստաընկերություններն են, այդ թվում՝ «պետական համարվողները, որ կարծես թե զուրկ են ազգային պետական գաղափարախոսությունից: Եթե նայեք ծրագիրը, Հայաստանում գործող հեռուստահաղորդումների 40 տոկոսից ավելիի անվանումները ոչ հայերեն են՝ նույն Հանրային հեռուստատեսությունում: Էլ չեմ ասում անգլերեն եւ ռուսերեն երկարատեւ սերիալների մասին ու Էմ Թի Վի-ից թխած երաժշտական հոլովակների մասին, որոնք լինում են անգլերեն, ռուսերեն, իսկ հայերեն՝ երբեք: Հռոմի կաթողիկե եկեղեցին քրիստոնեությունը քարոզելու նպատակով ներկայումս օգտագործում է ռոք օպերաների գաղափարը, իսկ մեզ մոտ երիտասարդության լեզվով համամարդկային արժեքների մատուցումը շոու172 բիզնեսում եւս ընդգծված չէ: Եթերը ողողված է թուրքական, քրդական, հունական եւ այլ ծագում ունեցող երաժշտությամբ, շատ քիչ են ազգային մոտիվները: Եվ բոլորս վիրուսի նման կպչող այդ մեղեդիները սկսում ենք երգել՝ չգիտակցելով, որ հայկական չէ, եւ հայերեն բառերով գրված այդ երգերը երբեք չեն կարող ծառայել մեր հայրենասիրական դաստիարակությանը»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31