Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն

Մայիս 28,2004 00:00

Հայտարարություն Հայրենակիցներ. Հայաստանի Հանրապետության իշխանությունների անհեռանկար արտաքին քաղաքականության արդյունքում հարցականի տակ է մեր երկրի ապագան ու անվտանգությունը: Գործող վարչակարգը աններելի սխալներ, բ ացթողումներ ու զիջումներ է անում, որոնց ծանր հետեւանքները հետագայում շտկելը մեզնից մեծ ճիգեր է պահանջելու: Հայաստանը հայտնվել է ռազմաքաղաքական, տնտեսական անվտանգ զարգացումների լուսանցքում: Տարիներ շարունակ խոսվում էր Ռուսաստան-Հայաստան-Իրան տարանցիկ հաղորդակցության ուղու ստեղծման մասին, սակայն, բառացիորեն օրերս, Մոսկվայում ստորագրված փաստաթղթով հիշյալ ուղին վերափոխվեց, դարձավ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան` շրջանցելով Հայաստանը: Սա լրացրեց վերջին տարիներին մեր Երկրի կրած խայտառակ պարտությունների շարքը: Ժամանակին մենք հեշտությամբ դուրս մնացինք Տրասեկայի, Ինոգեյթի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ծրագրերից: Օրերս Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց Վրաստան-Թուրքիա երկաթուղագծի կառուցման մասին, որն անցնելու է Աջարիայով` դարձյալ շրջանցելով Հայաստանը: Վերջերս Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսը եւ Ղազախստանը համաձայնագիր ստորագրելով միացյալ տնտեսական տարածք ստեղծելու մասին` հիմք դրեցին այդ երկրների միջեւ նոր որակի տնտեսական հարաբերության: Այս ամենին զուգահեռ տասը նոր անդամ երկրներով ընդլայնվեց նաեւ Եվրամիության կազմը: Փաստորեն, այդ երկրների հետ եւս կբարդանա Հայաստանի տնտեսական համագործակցությունը: Իսկ ի՞նչ է ձեռնարկում Հայաստանն այս անընդհատ ու գրեթե անդառնալի կորուստների դիմաց: Շուտով Ստամբուլում երկրների նախագահների մակարդակով կսկսվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Կքննարկվի անվտանգության եւ զարգացման երկարաժամկետ նոր համակարգի ստեղծման հարցը: Հայաստանը կամովին դուրս է մնում նաեւ այս գործընթացից: Քոչարյանը հայտարարում է, թե հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման պատճառով չի մեկնի Ստամբուլ: Հարց է առաջանում. 1999 թ. այդ հարաբերությունները լա՞վ էին, որ մեկնեց ու ստորագրեց ԵԱՀԿ հայտնի փաստաթղթի տակ: Եթե այո, ապա վերջին տարում այդ հարաբերությունների վատթարացման պատասխանատուն ինքն է: Փաստորեն, մենք գործում ենք Հայաստանի համար անհեռանկար երկու կառույցների` ԱՊՀ եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում: Այսպիսով, ռազմավարական աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բոլոր զարգացումները շրջանցում են Հայաստանը: Ո՞րն է մեր այսքան կորուստների գինը: Ինչի՞ համար ենք գիտակցված այսքան խայտառակ պարտությունների գնում: Ցավոք, այս ամենն արվում է միմիայն գործող իշխանությունը եւս ինչ-որ ժամանակահատված պահպանելու համար: Վրդովեցուցիչ է ԱՄՆ պետդեպարտամենտի 2003թ. տարեկան զեկույցի եւ ԵԽ ԽՎ-ի թիվ 1374 բանաձեւի նկատմամբ իշխանությունների անլուրջ մոտեցումը, որն ավելորդ անգամ ընդգծում է այս վարչախմբի պետական մտածողության բացակայության մասին: Վերջերս Քոչարյանը հայտարարեց, որ Պուտինն իրեն զորակցություն է հայտնել: Սրանով նա փաստեց, որ բոլոր բնագավառներում Հայաստանի շահերի ոտնահարումը խրախուսվում է Պուտինի կողմից: Եվ ցավալի է, որ այս բոլորին համարժեք պատասխան չի տրվում թե՛ մեր մտավորականների, թե՛ քաղաքական գործիչների, եւ թե՛ մեր հասարակության կողմից: Հարկավոր է սթափվել: Դիմում ենք ողջ ժողովրդին, մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին. Հայաստանը որպեսզի չվերածվի Ռուսաստանի շահերի պաշտպանությանը ծառայող հենակետի, այլ դառնա համայն հայության երազած Հայրենիքը, անհրաժեշտ է շուտափույթ փոխել թե՛ վարվող քաղաքականությունը, թե՛ այն իրականացնող իշխանություններին: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ27.05.2004 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31