Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳԼԽԱՎՈՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԽԱՂՆ Է»

Մայիս 28,2004 00:00

«ԳԼԽԱՎՈՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԽԱՂՆ Է» Ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը – Դուք «Նեզավիսիմայա գազետա»-ին հայտնել էիք, թե մայիսի 21-ից անընդհատ վերսկսելու եք հանրահավաքները: Մինչդեռ այդ օրը Ձեր կուսակցության քաղխորհրդի նախագահը հանրահավաքում ազդարարեց, թե քանի որ վերջին զանգի, Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերի, հետո Անկախության տոնակատարություններն են՝ հաջորդ հանրահավաքը կլինի հունիսի 4-ին: Հայտնի անեկդոտի հերոսի պես, որը նոր է տեղեկանում 1915-ին հայերի կոտորածի մասին՝ ընդդիմությունն է՞լ ուշացումով պարզեց Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ճակատամարտերի ամսաթիվը: – Որեւէ մեկը չի արգելել ինձ, Արշակ Սադոյանին, Արտաշես Գեղամյանին կամ մեկ այլ կուսակցության ներկայացուցչի արտահայտել սեփական տեսակետը հանրահավաքային գործընթացների վերաբերյալ: «Արդարությունը» 9 կուսակցությունների համախմբում է, եւ քաղաքական ցանկացած հարց քննարկվում է դաշինքի նիստերում, որոնց ընթացքում, անկախ նրանից՝ կհիմնավորե՞ս քո տեսակետը, թե՞ ոչ՝ որոշումները կայացնում է մեծամասնությունը: Եվ այդ որոշումները պարտադիր են դաշինքի բոլոր կուսակցությունների համար: – Կարելի է եզրակացնել, թե մայիսի 21-ից անժամկետ հանրահավաքներ սկսելու մասին Ձեր հայտարարությունը համաձայնեցվա՞ծ չէր դաշինքում: – Միանշանա՛կ համաձայնեցված չէր՝ դա իմ սուբյեկտիվ մոտեցումն էր: Ես միշտ եղել եմ վճռական գործողությունների կողմնակից եւ դաշինքի բոլոր նիստերում պաշտպանել ավելի սրելու, առավել արագացնելու, վերջը մոտեցնելու դիրքորոշումը: Երբեմն եղել է նաեւ այնպես, որ իմ հայտարարություններից ելնելով՝ դաշինքը ստիպված (չկիսելով տեսակետս, բայց իմ հեղինակությանը չվնասելու համար) կա՛մ արել է որոշ քայլեր, կա՛մ նախատեսել դրանք: – Այնուամենայնիվ, երբ մի բան ազդարարվում է, հետո չի արվում՝ հիասթափություն է առաջացնում ընդդիմության համակիրների մոտ: Ասենք՝ հայտարարվեց, թե ճանապարհների փակման խնդիրը լուծելու համար դաշինքի ներկայացուցիչները հանրահավաքից առաջ մեկնելու են մարզեր եւ այնտեղից Երեւան բերելու մարդկանց, ու հետո չիրականացվեց: Չե՞ք ընդունում, թե սա անհետեւողականություն է: – Եթե Ձեր հարցադրումների ոգով գնահատենք ցանկացած գործողություն՝ պիտի ասենք, թե Յուրի Գագարինը պետք է տիեզերք թռչեր ոչ թե 1968-ին, այլ՝ եթե Սովետական Միությունն իր 15 հանրապետություններով հետեւողական լիներ՝ 1958-ին դա հնարավոր կլիներ իրականացնել: Ցանկացած գործընթաց ունի իր վերլուծության, մարսելու եւ մոտեցումները հստակեցնելու ժամկետը: Ընդդիմությունը, սակայն, լուրջ հաղթանակներ է ունեցել այս շրջանում, որոնք հետեւողական պայքարի շնորհիվ էին: Եվ վերջին հանրահավաքում իմ ելույթն էլ նվիրված էր հենց դրան, որ 2003-ի ընտրություններից հետո այն դիրքորոշումները, որ հայտնեց միջազգային հանրությունը՝ մեկ տարի հետո էլ պնդեց նույնը: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ չի ընդունում այդ ընտրությունների արդյունքները: Եվ վստահ եմ, որ հեռանալու են այս իշխանությունները՝ նրանց ժամանակը հաշվված է: Իհարկե, հասկանում եմ, որ շատ-շատերը ցանկանում են, որպեսզի դա հնարավորինս արագ իրականացվի՝ ուստի ընդդիմությունից պահանջներն ավելի խիստ են: – Ուղղակի երբ հանրահավաքներից մեկում Սադոյանը զգուշացրեց, թե պայքարը երկարատեւ է լինելու, մի տրամադրվեք արագ հաղթանակների՝ հենց «Հանրապետության» քաղխորհրդի նախագահն էր, որ առարկեց նրան եւ պնդեց, թե իշխանության հեռացումը շաբաթների հարց է: – Նման բաներ միշտ էլ տեղի են ունեցել: Չեմ ողջունում, որ այդպես է: Բայց իսկապես համարում եմ, թե 9 կուսակցությունով որեւէ գործընթաց՝ թեկուզ հանրահավաք անելը բավական բարդ խնդիր է: Այն, որ կարողանում ենք կազմակերպել զանգվածային միջոցառումներ՝ ավելի լուրջ է, քան այն, որ ինչ-որ բառ այսպես չասվեց, այնպես ասվեց, ու դրանից հետո մնում ենք գործընկերներ՝ առանց իրարից նեղանալու: Այո՛, Սադոյանն ունի իր մոտեցումները երկրի զարգացման մասին, Վազգեն Մանուկյանը ներկայացնում է սեփական մոտեցումները՝ 2 տարով նախագահ ընտրելու վերաբերյալ, չեն փոխվել նաեւ Շավարշ Քոչարյանի մոտեցումները: Մարդիկ, չփոխելով իրենց դիրքորոշումները՝ մի հիմնական խնդրի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի, որ Հայաստանի ապագան ժողովրդավարությունն է, որն ապահովելու համար պետք է հարգվի Սահմանադրությունը, հետեւաբար՝ վերականգնվի սահմանադրական կարգը ու Ռոբերտ Քոչարյանը հեռացվի իշխանությունից: – Մայիսի 21-ի հանրահավաքում Գեղամյանը յուրօրինակ նամակ կարդաց՝ «ռուսաց թագավորին»: Կարծես մրցակցության մե՞ջ եք մտել Ռոբերտ Քոչարյանի հետ, թե ում է առավել զորակցում Պուտինը, եւ չկա որեւէ մեկը, որ երեւույթներին գնահատական տա իբրեւ սեփական պետության անկախության եւ արժանապատվության հարգն իմացող քաղաքացի: – Արտաքին քաղաքականության առումով առավել եւս տարբեր են մեր կուսակցությունների դիրքորոշումները: Եվ մենք խնդիր էլ չենք դրել այս հարցում ընդհանուր հայտարարի գալ, ասենք, Հայկոմկուսի կամ «Ազգային միաբանության» հետ: Սակայն այս առումով պիտի մի օրինակ բերեմ՝ Ռուսաստանին ավելի մեծ ու լուրջ ընդդիմախոս, քան Վրաստանի գործող նախագահ Սահակաշվիլին էր՝ չէի տեսել: Նրա այդ թեմայով նախընտրական հեռուստաելույթներն անգամ հասնում էին, իմ կարծիքով՝ անհեթեթության. որեւէ հարեւանի հասցեին չարժե հանդես գալ նման ձեւով: Բայց հիշում եմ նաեւ նրա այցելությունը Մոսկվա, հանդիպումը ՌԴ նախագահի հետ եւ դրանից հետո հարցազրույցը, որ շատ նման էր Գեղամյանի այս հանրահավաքի ելույթին: Այս առումով՝ կարելի է ճկուն լինել արտաքին քաղաքականության մեջ, իսկ ներքաղաքական կյանքում պետք է լինել առավելագույնս ազնիվ: – Ազնվորեն հնարավո՞ր է պատասխանել այն հարցին, որ եթե իսկապես «վարչախումբը հոգեվարքի մեջ է» կամ «Քոչարյանն այլեւս նախագահ չէ», ինչպես համոզված պնդում են ընդդիմության գործիչները՝ ինչո՞ւ չեք վերցրել իշխանությունը, քանի որ դեռ ասելի՞ք ունեք ցուցարարներին: – Պիտի հիշեցնեմ, որ մեզ առավել մեղադրում են ասելիք չունենալու մեջ, քան ասելիք ունենալու: Եվ ուզում եմ հասկանալ, թե դրանից ո՞րն ենք մենք: Ցանկացած հանրահավաք ունի իր տրամաբանությունը եւ բոլորից չէ, որ գալիս եմ լավ տրամադրությամբ: Մեր կազմակերպած քաղաքական գործընթացները խմբակային են՝ նման ֆուտբոլի, բասկետբոլի եւ այլ խաղերի, որ թիմով են խաղում եւ ոչ շախմատի կամ ծանրամարտի, որտեղ անհատական ցուցանիշների պիտի հասնես: Այս առումով՝ գլխավորը միասնական խաղ կազմակերպելն է, եւ այն փաստը, որ հանրահավաքները շարունակվում են գումարվել, ու ոչ թե սեփական տեսակետներն առանձին հիմնավորելն ու ապացուցելը, թե միակ ճշմարիտը ես եմ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել