Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՀԵՌՈ՞Ւ Է ԴԵՊԻ ՄԱՐԴԸ ՄԵՐ ՃԱՄՓԱՆ

Մայիս 28,2004 00:00

ԴԵՌ ՀԵՌՈ՞Ւ Է ԴԵՊԻ ՄԱՐԴԸ ՄԵՐ ՃԱՄՓԱՆ Մայիսի կեսերին ԵԽ ԽՎ-ում հավաքված անդամ երկրների խորհրդարանի նախագահները երկու օր շարունակ փորձում էին պարզել՝ ժողովրդավարակա՞ն է արդյոք ժողովրդավարությունը իրենց երկրներում։ Ելույթներում հնչում էին խիստ ինքնատիպ պատասխաններ ժողովրդավարության ձեւերի եւ դրսեւորումների մասին։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի փոխխոսնակի գնահատականներն, օրինակ, շատ նման էին մեր ազգային մենթալիտետային դրսեւորումներին։ Բրիտանիայի խորհրդարանականը նախ ասաց, թե այն ընտրատեղամասը, որտեղից ինքն ընտրվել է պատգամավոր, գտնվում է օդակայանի մերձակայքում եւ ամեն անգամ ընտրողները իրեն բողոքի հսկա տրցակ են ներկայացնում օդակայանի խանգարիչ աղմուկի մասին։ Ինքը ամեն անգամ խոստանում է օգնել, բայց ոչ մի էական օգնություն չի ցուցաբերում։ Սակայն ընտրողները դարձյալ իրեն են ընտրում։ Այս անկեղծ պատմությունից հետո բրիտանացին հարց ուղղեց ԵԽ ԽՎ-ում հավաքվածներին՝ հիմա դուք դատեք, ժողովրդավարական է արդյոք մեզ մոտ ժողովրդավարությունը։ Դահլիճը, իհարկե, եվրոպական զսպվածությամբ արձագանքեց հարցին։ Իսկ եթե նման հարց տրվեր մեր խորհրդարանականներին, ինչպիսին կլիներ նրանց պատասխանը։ Հասկանալի է, որ մեր դեպքում խոսքը ոչ թե օդանավերի աղմուկի, այլ երկրի ընդհանուր դեմոկրատական զարգացումներին է առնչվում։ Երեկ, խորհրդարանական նախավերջին ճեպազրույցների օրը, «Առավոտը» խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներին երկու հարց էր ուղղում։ Մեկը վերոհիշյալ ժողովրդավարությանն էր վերաբերում, մյուսը հետեւյալն էր՝ ո՞վ է այսօր ղեկավարում ՀՀ-ն եւ ի՞նչ դերակատարություն ունի կոալիցիան երկրի կառավարման գործընթացներում։ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, Հայաստանի Հանրապետությունը այսօր ղեկավարում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Իսկ կոալիցիան իր որդեգրած սկզբունքներին համապատասխան իրականացնում է երկրի իշխանության բոլոր թեւերի գործառույթները»։ Իսկ ժողովրդավարության մասին Գալուստ Սահակյանը ահա թե ինչ ասաց. «Եթե հարցնեք՝ Ֆրանսիան ժողովրդավարական է, թե ոչ, նույն կերպ կպատասխանեմ։ Ինձ համար ավելի բարձր են ազգային արժեքները, մեր ազգի խնդիրները եւ, բնականաբար, տեսնում եմ, որ ժողովրդավարությունը նաեւ օգտակար կլինի մեր խնդիրների լուծման համար։ Իսկ ինչ վերաբերում է՝ ժողովրդավա՞ր է արդյոք ժողովրդավարությունը, այդպիսի բանաձեւ չկա ամբողջ աշխարհում։ Փաստորեն մենք ժողովրդավարական հիմքով ենք առաջ գնում եւ մինչեւ կառավարման լիազորությունների մի մասը հասարակական կազմակերպություններին չփոխանցվի, բնականաբար, դեռեւս ընթացքի մեջ կարող ենք համարել ժողովրդավարությունը»։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի գնահատականը երկրի ժողովրդավարական վիճակի մասին խիստ լավատեսական է. «մեր երկիրը ժողովրդավար երկիր է եւ համարվում է Հարավային Կովկասի առավել կայուն ժողովրդավար երկրներից մեկը»։ Լեւոն Մկրտչյանն ասաց, որ երկիրը ղեկավարվում է Սահմանադրությամբ. «պետության առաջին դեմքը ՀՀ նախագահն է եւ կատարում է Սահմանադրությամբ իր լիազորությունները եւ հիմնական պատասխանատվությունն է կրում մեր երկրի ընդհանուր քաղաքական եւ ներքաղաքական զարգացումների համար։ Ձեւավորված է քաղաքական կոալիցիա, որը ներկայացված է ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանությունում, որը պատասխանատվություն է կրում օրենսդիր եւ գործադիր ամբողջ դաշտի համար»։ «ԺՊ» խմբի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանի կարծիքը, թե ընդդիմության պրոբլեմները առաջին հերթին կոալիցիայի հետ են, պրն Մկրտչյանը չմեկնաբանեց, բայց ասաց՝ քանի որ պատասխանատվությունը այսօր կոալիցիայինն է. «եւ եթե ընդդիմությունը խնդիրներ է դնում եւ համաձայն չէ այսօրվա իրավիճակի որոշ գնահատականների հետ, բնական է, որ նրա հակասությունը կոալիցիայի հետ է»։ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանի կարծիքով, կոալիցիայի դերակատարությունը երկրի ղեկավարման գործերում այնքան էլ նպաստավոր չէ. «Ինձ թվում է, այսօր կոալիցիան բավականին լուրջ խնդիրներ ունի, որովհետեւ երկրի պատասխանատվությունը ինքն է վերցրել։ Կան ներքաղաքական խնդիրներ եւ այդ խնդիրներին միակողմանի չի կարելի նայել։ Առաջացած ներքաղաքական վիճակը հիմք է տալիս ենթադրել, որ ընդդիմությունն այսօր ոչ թե դեմ է երկրին, այլ դեմ է կոալիցիային։ Որովհետեւ բանավեճը անընդհատ ընթանում է կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ»։ Իսկ դեպի ժողովրդավարություն դեռ հեռո՞ւ է մեր ճամփան. «Մենք շատ հեռու ենք լրիվ ժողովրդավար երկիր դառնալուց։ Մենք ժամանակին բավականին բուռն քայլեր ենք կատարել, որոնք խանգարել են։ Անցումը պետք է լինի ներդաշնակ։ Արձանագրված քայլերը շատ դանդաղ են։ Եվ մենք բավականին հետ ենք ժողովրդավարական ճանապարհից»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել