Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԴԸ ԿՏՐԵՑԻՆ՝ ՃԱՄՓԱՆ ԷԼ ԿՓԱԿԵՆ

Մայիս 28,2004 00:00

«Քաղաքապետարանը մեր ձեռքով տնկած ծառերը կտրեց, օդը փակեց,
հիմա էլ մեր ճամփան է փակում»,- երեկ բողոքում էին Արաբկիրի 29 փողոցի մի
խումբ բնակիչներ։
Կասկադի վերնամասում (էլեկտրագնացքի կայարան) ապրող շուրջ 100 ընտանիք տասնյակ տարիներ շարունակ քաղաք ելումուտ անելու մի ճանապարհ է ունեցել։ Այն էլ կարող էին չունենալ, եթե երեկ առավոտյան բռնի կերպով տարածքից չվտարեին ճանապարհը քանդելու եկած տրակտորիստին։ Մինչ այդ նրանք նկատել են, որ ճանապարհի մի կողմում երկար «խրամատ» է փորված։ «Դա մեկ շաբաթ առաջ էր, առավոտ շուտ տրակտորը եկել-քանդում էր, իմացա՝ ջրագիծ են անցկացնում։ Հետո մի երիտասարդ մոտեցավ ու հարցիս պատասխանեց, թե՝ սա իմ պարսպի հիմքն է, այս տարածքը քաղաքապետարանն է ինձ տվել»,- պատմեց թիվ 29 փողոցի թաղային լիազոր Ստյոպա Հովակիմյանը. «Փաստաթուղթ ուզեցի՝ չտվեց, թե՝ ով որ պետք է, գիտի»։

Միջադեպն ավարտվել է նրանով, որ սեփականատերն էլ, տրակտորիստն էլ գործը չավարտած հեռացել են տարածքից։ Սակայն՝ ժամանակավոր։

Երեկ ասֆալտապատ ճանապարհը քանդելու հերթական փորձն է արվել։ Ճիշտ է՝ առայժմ ապարդյուն։ Խրամատով սահմանագծված տարածքում էլ իր մահվանն է սպասում հերթական հասուն ծառախումբը։ «Մենք մասնակցել ենք էս ծառերը տնկելուն, ամբողջ Արաբկիրի համայնքում ծառ չկար, սրանք էին, կտրելով-ուտելով չեն կշտանում, մնացել էին էս մի քանիսը»,- իրավիճակը նկարագրեցին բնակիչները։ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող եւ այգու տրամաբանական շարունակությունը կազմող հաստաբուն ծառերով պուրակի կոտորածն արդեն ակնառու է նույնիսկ Ազատության պողոտայից. վերջին երկու տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների նորակառույց առանձնատներ են «աճել» ծառերի փոխարեն։ Մեր զրուցակիցները երեկ ասացին, որ որեւէ պաշտոնյայի՝ թաղապետարանի կամ քաղաքապետարանի, չեն դիմել եւ չեն էլ դիմի՝ «իմաստ չունի», ավելին՝ «նրանց ձեռքի գործն է, ի՞նչ սպասենք էլ»։ Նույն կառույցներից պատասխան չստացանք նաեւ մենք. քաղաքապետարանում, ինչպես միշտ, բոլորը խորհրդակցության էին։

Իսկ Արաբկիրի համայնքի գլխավոր ճարտարապետ Արտավազդ Նազարեթյանը խոր կասկած ուներ, թե «լրագրողներն աղավաղում են իմ ասածը»։ Ուստի հրաժարվեց հեռախոսով պատասխանել որեւէ հարցի, առանց տեղեկանալու, թե ո՞ր տարածքի մասին է խոսքը։ Իսկ բողոքող բնակիչների համար լրագրողների ներկայությունն առայժմ միակ աջակցությունն էր եւ հարցի լուծման բանալին։ Նրանք տարածքում հերթապահելու են ամեն օր, որպեսզի պահպանեն իրենց միակ ճանապարհը։ Իսկ իր բառերին սիրահարված թաղապետարանի պաշտոնյայից կամ մնացած պաշտոնյաներից նրանք սպասելիք չունեն։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել