Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է կույրը

Մայիս 28,2004 00:00

Ո՞վ է կույրը

Հայաստանի ժողովուրդը չի հավատում իր երկրի ապագային: Նման կարծիք
է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի
կողմից անցկացված «Իմ հայացքն ապագային» հարցման մասնակիցների 64%-ը: Մեկնաբանելով
այս ցուցանիշը «պետականամետ» դիրքերից եւ ընդհանրացնելով համամասնության
տրամաբանությունը, սոսկումով պետք է փաստենք, որ Հայաստանի բնակչության ավելի
քան 60%-ը տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, քանզի չի տեսնում
իշխանությունների արձանագրած ակնհայտ հաջողությունները, չի ընկալում համընդհանուր
բարգավաճումն ու պետական շինարարության փայլուն խիզախումները եւ «տարօրինակորեն»
չի հավատում երկրի ապագային: Նույն ցուցանիշը ցանկացած այլ մեկնակետից դիտարկելու
դեպքում, սակայն, ոչ պակաս սոսկումով հայտնագործում ենք, որ հասարակության
թեկուզ եւ կույր, բայց ահռելի այդ զանգվածն, իր հերթին, աննկատ է մնում նրանց
համար, ովքեր ի պաշտոնե եւ իրենց վերապահված առաքելության շրջանակներում
պարտավոր են գոնե երբեմն-երբեմն ծանոթանալ բնակչության մեջ խմորվող «դոմինանտ»
տրամադրություններին:
Տեսնենք, թե մասնավորապես ինչ տեքստով է Հանրապետության տոնի առթիվ ժողովրդին շնորհավորում երկրի վարչապետը. «13-ամյա Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր վստահ առաջ է ընթանում` աստիճանաբար զարգացնելով իր տնտեսությունն ու հզորացնելով անկախ պետականությունը, ամրապնդելով իր տեղն ու դերը համաշխարհային գործընթացներում: Ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ Հայաստանն այլընտրանք չունի եւ համոզված եմ՝ այլեւս ոչ մի ուժ, ոչ մի դժվարություն ի զորու չի լինի խոչընդոտել մեր երթը»: Միակ տրամաբանական հետեւությունը, որ կարելի է անել այս մի քանի տողում ամփոփված «կործանիչ» լավատեսությունից սթափվելուց հետո, հետեւյալն է՝ մարդն ուղղակի չի տեսնում երկրի բնակչության գերակշիռ մասին եւ իր տոնական ուղերձը, փաստորեն, հասցեագրում է փոքրամասնությանը: Հակառակ պնդումները բացառվում են. համաձայնեք, որ առնվազն բարեկիրթ չէր դիտվի հիմնավորապես հուսալքված մարդու օձիքից բռնելն ու բացատրելը, թե ինչ լավ արժեքներ են ձեւավորվում նրա շուրջը, ու թե որքան անկասելի է հզոր պետականության շառաչուն երթը:

Այժմ տեսնենք, թե հասարակական գրեթե համատարած կուրության, կամ անվստահության (ընկալեք ինչպես կուզեք) ֆոնի վրա ինչպես է հնչում Ռոբերտ Քոչարյանի ուղերձը. «Առաջին հանրապետությունը հասցրեց լուրջ նախադրյալներ ստեղծել մեր երկրի զարգացման համար։ Այն կարողացավ սերունդներին փոխանցել նոր՝ պետականություն կրող ազգի արժեքային համակարգ, սեփական երկրի քաղաքացի լինելու գիտակցություն։ Մայիսի 28-ը ազգային միասնության բացառիկ օրինակ է…»: Դժվար չէ հասկանալը, որ այս դեպքում եւս գործ ունենք երկրի բնակչության մի հսկայական հատված չնկատելու պաթոլոգիայի հետ: Չափազանց մեծ երեւակայություն է պետք անվստահության այսչափ մեծ ռեսուրսի պարագայում խոսել «միասնության բացառիկ օրինակների» կամ «սեփական երկրի քաղաքացի լինելու գիտակցություն» կոչված ամորֆ ու անատամ հասկացությունների մասին, թեկուզեւ՝ տոնի նախաշեմին։

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել