ՇՇՈՎ ԽՓԵԼԸ ՍՊԱՆԵԼՈՒՑ ՎԱ՞Տ Է Պարզվում է՝ այո՛, քանի որ ապրիլի 12-ի գիշերը ոստիկանին պլաստիկե շշով խփած ՀԺԿ անդամ Էդգար Առաքելյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման, մինչդեռ ծեծելով մարդ սպանած նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանն իր պատիժը կրեց միայն պայմանական: Երբ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին երեկ խնդրում էինք մեկնաբանել այս իրողությունը՝ դեռ հայտնի էր միայն այն, որ մեղադրողը Էդգար Առաքելյանին միջնորդել էր դատապարտել 2,5 տարվա ազատազրկման: Մեր բոլոր զրուցակիցները վստահ էին, թե դատարանը կվճռի պատիժը կիրառել միայն պայմանականորեն, թեեւ բոլորին էլ հիշեցնում էինք, որ մեզանում մեղադրողի միջնորդություններն ու դատարանի վճիռները քիչ են տարբերվում միմյանցից: Այնուամենայնիվ՝ պատգամավորներից եւ ոչ մեկի պատասխանում շեշտադրում չեղավ, թե համարժեք պատժաչափ չէ արցունքաբեր գազից ու վահանով դեմքին խփելուց հետո՝ պլաստիկե շշով հարվածելու համար ազատազրկելը, մանավանդ, եթե տուժողը չի ստացել որեւէ վնասվածք: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Ցանկությունների առումով կողմնակից եմ, որ ապրիլի 12-ի գիշերը կատարվածի համար բոլոր կալանավորվածները չդատապարտվեն, սակայն դատական գործընթացները ցանկություններով, իմ կամ մյուսի ասելով չէ: Իսկ ընդհանուր առմամբ՝ այս բոլոր բաները բնականաբար չէին լինի, եթե ընդդիմությունը փորձեր խնդիրները լուծել քաղաքական դաշտում»: Դարձյալ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ մարդ սպանելու համար նախագահի թիկնապահը գոնե մեկ օրով չազատազրկվեց, իսկ «Ջերմուկի» շշով խփելը, պարզվում է, ավելի ծանր հանցագործություն է: «Չեմ ուզում սադրանքների ենթարկվել,- ի պատասխան ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:- Չի բացահայտվել, թե Աղամալ Հարությունյանն է սպանել, եւ հետո՝ ինքն իր աշխատանքի պահում է եղել: Եկեք այդ գործընթացները չխառնենք: Եթե երկրի ներսում աղմուկ կա՝ իր բացասական հետեւանքները պիտի ունենա»: Արձանագրենք, որ թիկնապահներին աշխատանքի ընթացքում կարելի է մարդ սպանել՝ անգամ երբ պաշտպանյալ «թիկունքին» ոչինչ չի սպառնում, եւ ներկայացնենք ԱԺ նախագահ, «Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանի պատասխանը մեր հարցին, թե արդյոք նման խտրական դատավճիռներն ընդդիմության նկատմամբ նպաստո՞ւմ են երկխոսությանը. «Իհարկե, ցանկալի է, որ Հայաստանում դատարանների վճիռները լինեն արդար: Այլ մեկնաբանություններ չունեմ՝ մինչեւ դատավճիռը»: Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը մեր հարցին, թե այս օրինակով կարո՞ղ ենք պնդել, որ Հայաստանում արդարադատությունը ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ակնհայտ խտրականությամբ է կիրառվում՝ պատասխանեց. «Մեր մոլորակի բոլոր պետություններում էլ արդարադատության համակարգն անկողմնապահ չէ, քանի որ այն իշխանության թեւերից մեկն է: Պիտի միշտ փաստենք, թե Հայաստանում կամ որեւէ այլ երկրում հնարավոր չէ իրականացնել բացարձակ արդարադատություն՝ կան որոշակի հանգամանքներ, գործոններ եւ այլն, որոնք միշտ ազդելու են մարդկանց կողմից կայացվող որոշումների վրա»: Իսկ այս գործի առնչությամբ նույնպես հույս հայտնեց, թե դատարանը կգտնի «ոսկե միջինը», կցուցաբերի ողջամտություն եւ կկայացնի պայմանական դատավճիռ: Ավելորդ է հիշեցնել, որ այս կանխատեսումը չիրականացավ, թեեւ, նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանն էր մեր զրույցում հայտնել նույն հույսը. «Պատիժը պետք է անհատականացվի: Կարելի է, ելնելով անձի բնութագրից՝ ավելի քիչ տալ, քանի որ երիտասարդ է, նախկինում չդատված եւ այլն»: «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Որ իրավական դաշտում լինում է անհավասար վերաբերմունք, անձնավորված մոտեցում եւ նկատվում են նմանատիպ դեպքեր՝ ոչ ոք չի կարող ժխտել: Սակայն այս պարագայում մանրակրկիտ ուսումնասիրություններ չեմ կատարել, որ կարողանամ գնահատել, թե արդյոք արժանի՞ էր նման պատժի»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշեց. «Ցավոք, մեր արդարադատության համակարգում առայսօր երբեմն տարբեր դատավորներ տարբեր ձեւով են մոտենում նմանաբնույթ հանցագործություններին»: Հավելենք՝ երբեմն ընդհանրապե՛ս որեւէ ձեւով չեն մոտենում: Ասենք, Գրետա Սարգսյանի 2003-ի նստացույցի մասնակից կանանցից մեկի գլխին էլ Արաբկիրի ոստիկանությունում էին խփել հանքային ջրով լեցուն շշով, սակայն իրավապահները որեւէ կերպ չարձագանքեցին այդ մասին հրապարակումներին: Վերջում մի ընդհանրություն նշենք՝ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հիշեցնում էին, որ ազատազրկման վճիռը կարելի է նաեւ բողոքարկել վերաքննիչ դատարանում, հույս հայտնելով, թե կցուցաբերվի ավելի արդարացի մոտեցում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ