Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ

Մայիս 27,2004 00:00

Անթալիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 5-րդ առաջնությունը, որտեղ հաղթողին ու մրցանակակիրներին որոշելու համար պայքարում է Հին աշխարհամասի 74 ներկայացուցիչ:

Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանում է յոթ հոգի՝ Լեւոն Արոնյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը:

Երեկ առաջնությունում հանգստի երկրորդ օրն էր: Իսկ նախորդ օրը կայացել էր 10-րդ տուրը: Մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով միանձնյա գլխավորում է Դավիդ Նավարան: Սակայն չեխ գրոսմայստերի դիրքերն այնքան էլ ամուր չեն, քանի որ նրանից ընդամենը կես միավոր պակաս են վաստակել ուկրաինացի Վասիլի Իվանչուկը եւ վերջերս կրկին Հայաստանի հավաքական վերադարձած Լեւոն Արոնյանը: Նրանք բաժանում են 2-րդ եւ 3-րդ տեղերը:

Մեր մյուս շախմատիստներն առայժմ ունեն հետեւյալ արդյունքները. 11.Կարեն Ասրյան՝ 6,5 միավոր, 18.Գաբրիել Սարգսյան՝ 6,0, 25.Աշոտ Անաստասյան՝ 5,5, 33.Տիգրան Պետրոսյան՝ 5,5, 41.Արման Փաշիկյան՝ 5,0, 44.Արտաշես Մինասյան՝ 4,5:

Այսօր, 11-րդ տուրում մեր տղաները կազմելու են հետեւյալ զույգերը. Լեւոն Արոնյան-Անդրեյ Իստրատեսկու (Ռումինիա), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Կարեն Ասրյան, Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Գաբրիել Սարգսյան, Շախրիար Մամեդյարով (Ադրբեջան)- Տիգրան Պետրոսյան, Աշոտ Անաստասյան- Միհայ-Լուչիան Գրունբերգ (Ռումինիա), Արման Փաշիկյան-Կրունոսլավ Հուլակ (Խորվաթիա), Մերտ Էրդօղլու (Թուրքիա)-Արտաշես Մինասյան:

Առաջնության ավարտին մնացել է երեք տուր: Տեղեկացնենք նաեւ, որ չեմպիոնն, ըստ կանոնակարգի, ստանալու է 8 հազար եվրո դրամական մրցանակ, 2-րդ տեղն զբաղեցնողը՝ 5 հազար, 3-րդը՝ 4 հազար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել