Արմեն Խռայանի սպանության կապակցությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հունվարի 16-ին կայացրեց մի դատավճիռ, որով ամբաստանյալ Արիստակես Մարգարյանին ՀՀ քրօրի 105 հոդվածի 2-րդ մասով դատապարտեց 8 տարի ազատազրկման։
Վերջինս հանցագործ աշխարհում հայտնի է որպես «Չարխի Արիս»։ 1982թ. եւ 1985թ. դատապարտվել է գողության, ապօրինի զենք կրելու, ապօրինի թմրանյութ պահելու, 2 անգամ էլ՝ մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով։ «2001թ. հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում Արիստակես Մարգարյանի տան բակում, որտեղ տեղի էր ունեցել խնջույք, մի խումբ մարդիկ հարբած վիճակում դաժանաբար ծեծի ենթարկելով իմ որդուն՝ երկաթե ձողերով եւ ապակե շշերով, հասցրել են նրան 10-ից ավելի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- պատմում է Խռայանի հայրը։ Հետքերը թաքցնելու նպատակով ամբաստանյալը մյուս մասնակիցներին թույլ չի տվել շտապօգնություն կանչել։ Արյունաքամ, անօգնական, անգիտակից վիճակում Արմենին հինգ ժամ թողել են բակում եւ միայն առավոտյան ժամը 7-ի սահմաններում Բագրատ Մանուկյանը, Արմեն Ֆրանկյանը եւ Արթուր Բադալյանը՝ Արիստակես Մարգարյանի «կարգադրությամբ», նրան տեղափոխել են Ա. Բադալյանի բնակարան, որտեղից առավոտյան ժամը 11-ին կանչել են շտապօգնություն։ «Իմ որդուն տեղափոխել են թիվ 3 կլինիկական հիվանդանոց։ Դատաբժշկական փորձաքննության ժամանակ բժիշկ Կարեն Մանուկյանը խնդրել է, որ իրեն չդիմեն «բուժող բժիշկ» արտահայտությամբ, քանի որ նա տուժողին չի բուժել։ Տղաս հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղը մահացած վիճակում, իսկ բժիշկը միայն աշխատել է կարգավորել սրտի աշխատանքը, որը այդպես էլ նրան չի հաջողվել եւ երեկոյան ժամը 20-ին Արմենը մահացել է»։
Կատարվել է առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանություն։ Սակայն զարմանալիորեն Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը, որտեղ սկզբնական շրջանում գտնվում էր գործի վարույթը, այն որակել էր որպես ծանր մարմնական վնասվածք, որի հետեւանքով տուժողը մահացել է։
Դեպքի առնչությամբ բնակարանային խուզարկություն կատարվեց սպանության հնարավոր մասնակից Լեւոն Կոստիկյանի բնակարանում, որի աղջիկը աշխատում է ԱԺ-ում։ Խուզարկության արդյունքում նրա բնակարանում հայտնաբերվեց զինամթերք, որի կապակցությամբ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրի 232 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Սակայն ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի պաշտոնական միջնորդությունից հետո ոչ միայն փոխվեց Կոստիկյանի խափանման միջոցը, այլեւ կարճվեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Եվ նա դատարանում հանդես եկավ որպես վկա։ Ավելին, իմանալով, որ թիկունքը ամուր է, նա դատարանում իրեն սկսեց պահել ագրեսիվ, տվեց ակնհայտ սուտ ցուցմունք՝ իբր Արմեն Խռայանին «Ա. Մարգարյանի տուն են բերել ծեծված վիճակում»։ Նման սուտ ցուցմունք տվեց նաեւ Ա. Ֆրանկյանը։ Եվ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում ամբաստանյալն ամեն կերպ ցանկանում է խույս տալ պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Արթուր Բադալյանի վրա, որ իբր ինքն է կազմակերպել եւ իրականացրել Արմենի սպանությունը, մինչդեռ իրականում Արթուրը ցանկացել է կանխել հարվածները, փրկել Արմենին, որի համար էլ ծեծի է ենթարկվել ամբաստանյալի կողմից։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Ռ. Ներսիսյանը 5 անգամ դատապարտված Ա. Մարգարյանին սահմանեց պատիժ՝ 8 տարի ազատազրկում։ Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դա «մեղմ» պատիժ է։ «Ստացվում է այնպես, որ մարդասպանը կարող է 2-3 տարի հետո հայտնվել ազատության մեջ, քանի որ նոր Քրօրենսգրքով նախնական կալանքի 1 օրը հաշվարկվում է 1,5 օր, 105 հոդվածի 2-րդ մասը հնարավորություն է տալիս պատժի կեսը կրելուց հետո պայմանական վաղակետ ազատում։ Իմ խորին համոզմամբ, այդ հանգամանքը նկատի են ունեցել եւ գլխավոր դատախազությունը, եւ դատավորը, եւ ամբաստանյալը»,- ասում է որդեկորույս հայրը։
Դատական գործընթացն երեկ ավարտվեց ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ։ Հայրը ասաց. «Ես բողոքելու եմ մինչեւ Եվրոդատարան»։
ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ