Երեկ
կուսակցության երիտասարդական ժողովի ժամանակ այսպես արտահայտվեց Արամ Կարապետյանը
եւ ներկայացրեց դեռեւս չորս ամիս առաջ խոստացած՝ երկիրը փրկելու ծրագիրը։
Ըստ այդմ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջին փուլով նա նախագահին առաջարկում է ցրել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություններ։ Այնուհետեւ, ըստ Արամ Կարապետյանի, անհրաժեշտ է ցրել նաեւ կոալիցիոն-կուսակցական սկզբունքով ձեւավորված կառավարությունը եւ կազմավորել «մասնագիտական» կառավարություն։ Նորընտիր ԱԺ-ն, ըստ Արամ Կարապետյանի պատկերացումների, նոր Ընտրական օրենսգիրք պետք է ընդունի՝ 131 պատգամավորի՝ առայժմ 100 համամասնական եւ 31 մեծամասնական տարբերակով։ Ժամանակի ընթացքում նախատեսվում է անցում՝ 100 տոկոս համամասնականի։ Ապա՝ մշակել պատգամավորների ետկանչի մեխանիզմներն ու նրանց անձեռնմխելիությունը մասնակիորեն սահմանափակող օրենքներ, ՀՀ արդյունաբերականացման ծրագրի մշակում եւ մանր ու միջին բիզնեսի ապաբյուրոկրատացում երաշխավորող օրենսդրության ստեղծում։ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի ղեկավարները, համաձայն ծրագրի՝ պետք է ընտրվեն, իսկ ստորադաս մարմինները բրգաձեւ սկզբունքով պետք է նշանակվեն՝ մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը։ Կաշառակերության մասով՝ իրավապահ մարմիններում եւ իշխանության վերին օղակներում կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի միասնական մարմնի ստեղծում, ՀՀ Վերահսկիչ պալատի ապակուսակցականացում եւ անկախության երաշխավորում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ապակուսակցականացում եւ «մասնագիտական հիմունքներով» ձեւավորում։ Նախատեսվում է նաեւ ՀՀ ԿԲ կարգավիճակի փոփոխություն, որն էլ կլինի բանկա-վարկային համակարգի ձեւափոխման գործընթացի սկիզբ։ Քաղաքական դաշտում՝ ուժային կառույցների ազդեցության չեզոքացում, ՀՀ նախագահին կից՝ պետական խորհրդի ստեղծում, որի կազմում պետք է ընդգրկվեն նախկին եւ ներկա նախագահները, պառլամենտական, արտախորհրդարանական ազդեցիկ քաղաքական ուժերի, Սփյուռքի լոբբիստական ծանրակշիռ կառույցների ներկայացուցիչներ։
«Մենք հետամուտ ենք լինելու փուլ առ փուլ իշխանափոխությանը»,- երիտասարդներին լուսավորեց առաջնորդը,- հակառակ պարագայում՝ առավոտյան կսկսենք, երեկոյան կպրծնենք» (նկատի ուներ հեղափոխությունը- Ն.Գ.)։
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ