Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) հրապարակել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ իր վերլուծությունը:
Այս կենտրոնի հիմնադիրները ՀՀ կառավարությունն ու Եվրամիությունն են: AEPLAC-ն իր վերլուծություններն արել է բացառապես պաշտոնական տվյալների հիման վրա: Եվ ուշագրավ եզրահանգումների է եկել:
Կենտրոնի մասնագետների գնահատմամբ, հարկերի հավաքագրումը «մակրոտնտեսական իրավիճակի ամենաթույլ օղակն է», չնայած այն բանին, որ պետական բյուջեի մուտքերի հավաքագրման մակարդակը բարձրացել է 15 %-ով: Խնդիրն այն է, որ «հարկերի հավաքագրման աստիճանը ՀՆԱ-ի նկատմամբ դեռեւս շատ ցածր է»: Իսկ, որ ավելի էական է, կենտրոնի վերլուծաբանները գտնում են, որ ֆիսկալ խնդիրների լուծման ավելի մեծ պոտենցիալ կա, քան օգտագործվում է, եւ որ հարկային վարչարարության առավել արդյունավետ գործունեության դեպքում պետբյուջեի հարկային մուտքերն ավելի մեծ կլինեին: Մեր հարկային քաղաքականությունն իրականացնողների հիմնական քննադատների նման AEPLAC-ը եւս արձանագրում է, որ «2003թ. իրական հարկային եկամուտների մեծ մասը հավաքագրվել է անուղղակի հարկերից: ԱԱՀ եւ ակցիզային հարկը միասին կազմել են ընդհանուր մուտքերի շուրջ 70%-ը»: Մինչդեռ, տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է հակառակը՝ որ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը մեծ լինի պետբյուջեում:
AEPLAC-ը նկատում է, որ վերջին երկու տարիներին մեր երկրի արտահանման ծավալը կրկնապատկվել է, ինչի շնորհիվ բարելավվել է ներմուծում-արտահանում հարաբերակցությունը: Միաժամանակ ներմուծման աճ է գրանցվել: Այդուհանդերձ, մասնագետները «որոշ կասկածներ ունեն, որ ներմուծման արժեքն իրականից բարձր է գնահատվել եւ գրանցված աճն իրականում չի արտացոլում ներմուծված ապրանքների ծավալների փաստացի աճը»:
Կենտրոնը նշել է, որ աղքատության որոշակի կրճատում կա, «սակայն աղքատության ընդհանուր վիճակը վերջին երկու-երեք տարվա ընթացքում գրեթե նույնն է մնացել»: Իսկ «գյուղաբնակների եւ քաղաքաբնակների շրջանում աղքատության մակարդակների միջեւ հստակ արտահայտված տարբերություններ կան»: Եվ սա այն դեպքում, երբ «ՀՀ տնտեսությունը 2003թ. շարունակել է զարգացման իր տպավորիչ վերընթացը՝ ապահովելով ՀՆԱ-ի 13.9% աճ, նախորդ տարում՝ ՀՆԱ-ի աշխարհում ամենաբարձր ցուցանիշը՝ 12.9%»:
AEPLAC-ի մասնագետների ներկայացմամբ, Հայաստանը տարածաշրջանի երկրների համեմատությամբ ունի «համեմատաբար բարձր ծախսերով բնութագրվող ենթակառուցվածքներ», ինչը ոչ միայն մեծ, այլեւ որոշ դեպքերում անլուծելի խնդիր է պետության համար: Ընդհանրապես ենթակառուցվածքների առումով Հայաստանն իր հարեւանների համեմատությամբ վատ վիճակում է: Կենտրոնի մասնագետները նկատում են, որ մեր երկիրն «առջեւում է միայն ճանապարհների ասֆալտապատման ցուցանիշով», ինչն առավել քան ակնառու է: Իսկ «ֆինանսական ինստիտուտների զարգացմամբ Հայաստանը զիջում է բոլորին»:
Այս ամենով հանդերձ, AEPLAC-ը գտնում է, որ «նախկինում լինելով համայնավարական ճամբարի անդամ, Հայաստանն այսօր ունի ամենաազատական տնտեսությունը տարածաշրջանում: Գաղտնիքը շուկայական ազատական ինստիտուցիոնալ համակարգի կառուցմանն ուղղված հետեւողական քաղաքականության իրագործումն է»:
Պետք է ենթադրել, որ մոտավորապես նույնպիսի բացատրություն ունի մի շարք կարեւոր ցուցանիշներով ու տվյալներով՝ Հայաստանի՝ հարեւաններից առաջ ընկնելու փաստը:
ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ