Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՎ

Մայիս 27,2004 00:00

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԱՐԴԱՐԱՑԱՎ

Արտգործ նախարար Վարդան Օսկանյանը մայիսի 12-ին ելույթ ունենալով
Ստրասբուրգում ԵԽ Նախարարների կոմիտեի նստաշրջանում, հայտարարել էր, թե Հայաստանը
վառ օրինակ է, որ ժողովրդավարությամբ, օրենքի գերիշխանությամբ ուղղորդվող
կառավարման համակարգին անցնելու գործընթացը շարունակական է. «Մենք տարեցտարի
ապացուցում ենք, թե որքան խորն է անցնում երկիրը ժողովրդավարության ուղով,
այնքան ավելի շատ եռանդ ու վճռականություն է պահանջվում տեղում դոփելու փոխարեն՝
առաջընթացն ապահովելու համար։ Այս գործընթացը նույն ձեւով անցել են այս սեղանի
շուրջ հավաքված բոլոր ժողովրդավարական երկրները։ Ոմանք պարտադրված էին վարել
քաղաքացիական պատերազմներ, մինչ կկարողանային առաջ շարժվել, ուրիշները ունեցան
բազմաթիվ հեղափոխություններ։ Ոմանք էլ 50 տարի սպասեցին, որպեսզի յուրաքանչյուրին
քվեարկելու իրավունք տրամադրեն»։ Երեկ ԱԳ նախարարի հետ զրույցում մենք փորձեցինք
հստակեցնել՝ ի՞նչ է առաջարկում պրն Օսկանյանը, արդյո՞ք ակնարկում է, որ Հայաստանում
եւս 50 տարի անց յուրաքանչյուր քաղաքացի քվեարկելու իրական իրավունք կունենա։
Պրն Օսկանյանը ուշադիր լսեց մեր հարցը եւ ըստ էության, չպատասխանեց. «Դուք
ելույթին ծանոթ եք, այնտեղ ամեն ինչ ասված է։ Մեկնաբանելու կարիք չկա»։
Հունիսի 20-ին ԱԳ նախարարը Պրահայում կրկին կհանդիպի Ադրբեջանի իր գործընկերոջը։ Ի՞նչ օրակարգով է լինելու այս հանդիպումը եւ ինչ խնդիրներ են քննարկվելու։ Վարդան Օսկանյանն ասաց, որ հանդիպումը կլինի մոտավորապես այդ օրերին. «Դեռ պաշտոնական հրավերը չի եկել։ Այս հանդիպումը նույնպես կլինի բաց»։ Վարդան Օսկանյանի փոխանցմամբ, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հավանաբար կհանդիպեն սեպտեմբերին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ։ «Այսօր Ղարաբաղի բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ-ի շրջանակներում, այդպես էլ կշարունակվի, բավականին ակտիվ միջնորդական ջանքեր են դրվում, այնպես որ, այս պահի դրությամբ կարիք չկա այլ կազմակերպության ակտիվացումը այս հարցում։ Սիջազգային եվրոպական կազմակերպությունները, այդ թվում նաեւ՝ Եվրամիությունը, միշտ էլ իրենց աջակցությունը բերել են, բայց որպես միջնորդական ջանք, մնում է ԵԱՀԿ-ն եւ Մինսկի խումբը»,- երեկ ասաց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել