Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ՄՐՑԱՇԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Մայիս 27,2004 00:00

Շախմատ՝ կռվելու փոխարեն

ԱԺ-ում երեկ անցկացված շախմատի միաժամանակյա սեանսին մասնակցելու եկած ընդդիմադիր պատգամավոր Արամ Գ. Սարգսյանին տեսնելով, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Իրար հետ կռվելու փոխարեն՝ փոքրամասնությունը մեծամասնության հետ թող շախմատ խաղա։ Ով պարտվեց՝ հաղթողի ասածները անելու է»։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց այս գնահատականին. «Ես սովոր չեմ նման բարձր գումարներով խաղալ»։

ԱԺ-ում երեկ կոալիցիա-ընդդիմություն անվերջանալի թվացող կրքերին փոխարինում էին շախմատային կրքերը։ Միջազգային կարգի գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ միաժամանակյա սեանսին մասնակցում էր 14 մարդ (10-ը պատգամավորներ էին, 2-ը՝ փորձագետ, 2-ը՝ Հրանուշ Հակոբյանի կազմակերպած «Երիտասարդական խորհրդարանի» անդամ)։ Արմատներով ղարաբաղցի, Հանրապետական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը հենց սկզբից հայտարարեց՝ «Քանի որ խաղին ես էլ եմ մասնակցում, այն կարելի է կոչել միջազգային»։ Հայտարարեց ու ձեռքի հետ էլ երկրորդ քայլից առաջ գրպանը գցեց (փաստորեն «գողացավ») մրցակցի փիղը։ Ինքն իրեն մրցավար հայտարարած Մանուկ Գասպարյանը իզուր էր հրահանգում. «Այ տղա, փիղը տեղը դիր»։ «Արտասահմանցի» շախմատիստն անդրդվելի էր, սակայն «փղի» բացակայությունը նրան եւս չփրկեց, ինչպես չփրկեց մյուս «շախմատիստներին»։ Բոլոր 11 խաղացողները անփառունակ պարտություն կրեցին։ Ոչ-ոքի գրանցեցին երեքը՝ Արմեն Մխիթարյանը (ՀՀԿ), Գագիկ Մխեյանը (ՕԵԿ) եւ Արտակ Մանուկյանը («Երիտասարդական խորհրդարան»)։

Շախմատային երեկվա խաղը արթնացրել էր մասնակիցների ծագումնաբանական հիշողությունը։ Իրենց բոլոր գործողությունները եւ խոսքերը շախմատիստ պատգամավորները կատարում էին իրենց արմատներին համարժեք։ Խաղից առաջ եւ ամբողջ խաղի ընթացքում ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը «կապրիզ» էր անում. «Ձիերը փոխեք էշերով, որ խաղամ, ես առանց էշի չեմ խաղա»։ Ու երբ պարտվեց, մեղավորը, ըստ իրեն՝ խաղատախտակին էշերի բացակայությունն էր։ «Սաղ սրանք էին մեղավոր,- մի կողմ նետելով ձիերը, ասաց պատգամավորը,- ասեցի էլ՝ 2 հատ էշ բերեք»։ Լյովա Խաչատրյանը իր երկու գործընկերների անուններն էր հնչեցնում եւ հրավիրում էր հանդես գալ էշի կարգավիճակում. «Այ տղա –, արի էս ձիու փոխարեն կանգնիր, էն –ին էլ բեր»։ Վերոհիշյալ պատգամավորների անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, իմանալ ցանկացողները դիմեն Լյովա Խաչատրյանին։ Իսկ ավելի ուշ ինքնախոստովանվեց. «Իմ պարտությունն իմ խելքից էր»։

Այսպես ուրախ ու իրար ձեռ առնելով էլ պատգամավորները երեկ շախմատ էին խաղում։ Իր յուրաքանչյուր սխալից եւ գրոսմայստերի յուրաքանչյուր քայլից հետո Համլետ Հարությունյանն արձագանքում էր. «Շատ էլ ճիշտ արեցիր, աչքս էլ հանեցիր»։

«Ժողպատգամավոր» խումբը գրեթե ամբողջ կազմով խմբվել էր իր խաղացողների՝ Վլադիմիր Բադալյանի եւ Լյովա Խաչատրյանի շուրջ եւ բավականին աղմկոտ «բալետ» էր անում։ Խաղի վերջում հայտնվեց խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը եւ հրահանգեց. «Ա՛յ տղա, մտածելով խաղա»։ «Ինչո՞վ մտածեմ»,- ինքն իրենից դժգոհում էր նույն հումորով ապարանցի պատգամավորը։ Խմբի ղեկավարը առաջարկում էր գրոսմայստերին. «Գոնե մեկնումեկի հետ ոչ-ոքի գրանցեք, որ խայտառակ չլինենք»։ Խայտառակ լինելու հեռանկարից սարսափում էր նաեւ ՕԵԿ անդամ Ալիկ Պետրոսյանը։ Նա ժամանակ առ ժամանակ տնքում էր. «Այ մարդ, գոնե ոչ-ոքի լիներ»։ Ու փառահեղ պարտվեց։ ՕԵԿ խմբակցությունը «բալետ» էր անում Գագիկ Մխեյանին եւ խմբովին խորհուրդներ էին տալիս։ «Տո, թողեք խաղամ, էլի»,- բարկանում էր պատգամավորը։

Խաղին մասնակցում էր նաեւ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Արամ Գ. Սարգսյանը։ Վերջինս բավականին երկար դիմացավ, թեպետ Վիկտոր Դալլաքյանը կողքից շարունակ խորհուրդներ էր տալիս։ Իսկ խմբակցության փորձագետ Ֆելիքս Բաբայանին պրն Դալլաքյանի առաջարկած օգնությունը խիստ գործնական նշանակության էր։ «Ֆելիքս, գործերդ վա՞տ են, ուզո՞ւմ ես թագուհին գողանամ։ Իմ մոտ թագուհիների հետ լավ է ստացվում»։ Պրն Դալլաքյանը գործնական օգնությունից բացի, երեկ նաեւ փիլիսոփայական մտքեր ուներ. «Շախմատի ամբողջ փիլիսոփայությունն այն է, որ այստեղ ամենաանպաշտպանը թագավորն է։ Անգամ թագուհին պատրաստ է իրեն զոհաբերել, որպեսզի թագավորը գահից չզրկվի»։

Միակ դաշնակցական շախմատիստ Ռուբեն Հովսեփյանը ինքնակամ հանձնվեց խաղի սկզբից 1 ժամ 20 րոպե անց։ Խաղի վերջում «դաշտում» հայտնված դաշնակցական Վահան Հովհաննիսյանը՝ սույն փաստին այսպես արձագանքեց. «Խայտառա՞կ ենք եղել»։ Ու մոտավորապես նույն պահին Մանուկ Գասպարյանը (եւս մեկ ապարանցի), հայտարարեց. «Ես հույս չունեի, որ դեպուտատներն այսքան կդիմանան»։

Ազգային ժողովին շախմատի տախտակները եւ խաղաքարերը նվիրել էր պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (ՀՀԿ), թեպետ ինքը չէր մասնակցում խաղին։

Խաղի ավարտից հետո գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ասաց, թե շատ շոգ էր եւ հույս հայտնեց, որ շախմատը կկարողանա համախմբել մարդկանց. «Շախմատը մեծ սեր է, եւ այդ սիրո շուրջ են մարդիկ այստեղ հավաքվել»։

Հաղթողին ԱԺ նախագահը ժամացույց նվիրեց եւ հույս հայտնեց, որ գրոսմայստերի շնորհիվ պատգամավորները կարգին շախմատ խաղալ կսովորեն եւ կմասնակցեն ԱՊՀ երկրների խորհրդարանների շախմատային մրցաշարերին։ Եթե այս ամբողջ իրարանցման կազմակերպիչ Հրանուշ Հակոբյանը որոշի նաեւ միաժամանակյա ընթերցանություն կազմակերպել, ապա կստացվի, որ ազգային երեսփոխանները սկսել են սիրել ու զբաղվել այն ամենով, ինչը չի սիրում եւ ինչով չի զբաղվում ՀՀ նախագահը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել