Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ ԿՐԿԻՆ ՄԱՐԶՉԻ ԽՆԴԻՐ Է

Մայիս 26,2004 00:00

ԳՈՒՑԵ ԿՐԿԻՆ ՄԱՐԶՉԻ ԽՆԴԻՐ Է Երեկ ՀՖՖ-ում մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողներին: Խոսելով Բրատիսլավայում երեք մրցակիցների հետ ձախողված հանդիպումների մասին՝ մարզիչն ասաց հետեւյալը. «Գերմանիայի հավաքականի հետ խաղից առաջ ես տղաներին ասել եմ, որ մենք չենք կարող նրանցից որեւէ բանով առավել լինել: Ուղղակի իմ խնդրանքն ու ցանկությունը եղել է, որպեսզի դաշտում մրցակցից չվախենան, վազեն ու պայքարեն մինչեւ վերջին րոպեն: Բայց տղաները չկատարեցին մարզչի առաջադրանքը: Ավելին, ստացվեց լրիվ հակառակը: Ես չգիտեմ, թե ինչ էր կատարվում մեր ֆուտբոլիստների հետ: Միակ պատճառը համարում եմ վախեցած լինելը: Բայց ինչի՞ց: Եթե վախեցած ես մտնելու խաղադաշտ, ավելի լավ է ընդհանրապես չմտնես: Մեկնարկային 20 րոպեն դեռ ոչինչ: Սակայն բաց թողած առաջին իսկ գոլից հետո թիմը մի տեսակ կանգնեց: Ու արդյունքում պարտվեցինք 0:5 հաշվով: Պիտի ասեմ նաեւ, որ մի սխալ էլ ես էի թույլ տվել. զգույշ տակտիկա չէի ընտրել: Այդ սխալն ուղղեցի երկրորդ խաղում՝ սլովակների հետ: Այսինքն, փորձեցի դաշտի կենտրոնը հագեցնել: Սլովակիայի դեմ մերոնք ավելի համարձակ խաղացին: Առաջին կեսում դաշտի տերերը գոլային ոչ մի պահ չունեցան, իսկ մենք հակառակը՝ 100 տոկոսանոց երեք հնարավորություն չօգտագործեցինք: Իսկ երբ Կալեն 55-րդ եւ 58-րդ րոպեներին երկու դեղին քարտ ստանալով թողեց խաղադաշտը, ինձ թվում է, դա պատճառ դարձավ, որ պարտվեցինք 0:1 հաշվով: Ինչ վերաբերում է պորտուգալացիների հետ վերջին հանդիպմանը, ես այն տպավորությունն ունեմ, որ ֆուտբոլիստները ոչ թե խաղի մասին էին մտածում, այլ՝ այն շուտ ավարտվելու: Այս ամենն ինձ հուշում է, որ հակառակ լեգեոներականների, հայաստանցիներն իրենց անելիքին պրոֆեսիոնալ մոտեցում չունեն»: Լրագրողներից մեկը հարց տվեց. Դուք փորձառու ֆուտբոլիստ եք եղել: Բայց ի՞նչ եք կարծում, ձեր մարզչական գիտելիքները համապատասխանու՞մ են ներկայիս զբաղեցրած պաշտոնին: Վ. Մինասյանը պատասխանեց. «Իհարկե ոչ: Արդեն ասացի, որ ես էլ եմ սխալներ թույլ տվել: Ես ունեցել եմ մեծ մարզիչներ, որոնք ինձ շատ բան են տվել: Նրանք էլ ապահովագրված չեն եղել սխալներից: Մարզչական դպրոց չեմ ավարտել: Կրկնում եմ, ինչ գիտեմ, սովորել եմ նրանցից»: Իսկ շարունակելու՞ եք աշխատել հավաքականի հետ, թե՞ հրաժարական եք տալու հարցին Վարդան Մինասյանը գերադասեց ընդհանրապես չպատասխանել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել