Արեւոտ եւ ամպամած առավոտներ «Առավոտի» 10-ամյա տարելիցի առթիվ ներկայացնում ենք քաղաքական գործիչների կարծիքները թերթի մասին: Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան- «Իմ կարծիքով, «Առավոտը» փորձում է ապահովել բազմակարծությունը Հայաստանի տեղեկատվական եւ վերլուծական ոլորտներում, սակայն ոչ միշտ է դա հաջողվում: Կան նաեւ որոշակի ենթակայական (սուբյեկտիվ) մոտեցումներ, որոնք առավել հաճախակի երեւակվում են հայ ազգայնականության մասին հրապարակումներում: Միգուցե անճանաչողության՝ ազգայնականությունը եւ ազգայնամոլությունը չտարանջատելու հետեւա՞նք է: Ինչեւէ, «Առավոտը» հանրապետության ամենակարդացվող թերթերից մեկն է, եւ դա իսկապես նվաճում է, անկախ այն հանգամանքից՝ ով ինչպես է վերաբերվում թերթին: Կցանկանայի օրաթերթի էջերում ավելի շատ ազգային շունչ տեսնել: Մաղթում եմ հաջողություններ՝ հանուն Հայաստանի ու հայության»: «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյան- «Հայաստանյան առավոտները միշտ արեւոտ են լինում, երբեմն՝ ամպամած: Այդ նույն զգացմունքներն էլ առաջացնում է ձեր թերթը»: «Ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան- «Ազատ մամուլի բացակայության պարագայում, երբ լավագույն դեպքում պարբերականը այս կամ այն գործատիրոջն է կից, երբեմն նաեւ փոփոխվող, դժվար է ՀՀ-ում լիարժեք ազատ խոսք ակնկալել, ազատ մամուլ: Այս պայմաններում որեւէ պարբերականի նույնիսկ մասնակի անկախության դրսեւորումը պետք է հերոսություն համարել: Մաղթում եմ, որ 10-ամյակի կապակցությամբ «Առավոտը» կարողանա ազատ մամուլի կայացման հարցում իր խոսքն ասել: «Առավոտում» ինձ դուր է գալիս քաղաքացիական արիությունն այն դեպքերում, երբ դա պատվեր չի, որովհետեւ պատվերով էլ են լինում խիզախումներ: Իսկ դուր չի գալիս անհարկի շտապողականությունն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է մարդու գործունեության միակողմանի ներկայացմանը: Ուզում եմ ասել, որ պետք չէ շտապողականություն ցուցաբերել, կարելի է լսել երկրորդ կողմին էլ, նոր գրել»: Պատրաստեց Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ