Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունքը կորզել են ծեծելով

Մայիս 26,2004 00:00

Ցուցմունքը կորզել են ծեծելով Դատն ընդմիջվեց հայհոյանքներով Ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանի գլխին պլաստիկ շշով հարվածելու փաստի առթիվ ՀՀ քրօրի 316 հոդվածի առաջին մասով ՀՀ քաղաքացի Էդգար Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործի երեկ սկսված դատավարությունը (Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, դատավոր՝ Պարգեւ Օհանյան) կարող էր ավարտվել դատավճռով, սակայն ընդմիջվեց մինչեւ այսօր՝ դահլիճում հավաքվածների՝ դատախազության եւ տուժողի հասցեին հայհոյախառն գոռոցների արդյունքում։ Դատախազը պահանջեց 2,5 տարվա ազատազրկման դատապարտել մեղադրյալին: Դրանից հետո Էդգարի մայրն ուշաթափվեց, իսկ մյուս ներկաները սկսեցին բղավել: Դատաքննության ընթացքում հնչած նորությունը ամբաստանյալ Էդգար Առաքելյանի այն հայտարարությունն էր, թե ոստիկանության Էրեբունու բաժին-ոստիկանության Երեւանի վարչություն-ԱԱ մեկուսարան-ՀՀ գլխավոր դատախազություն «շրջագայության» ընթացքում իրավապահները (հատկապես շեշտվեցին դատախազության ՀԿԳ քննիչ Թահվերդյանի, դատախազ Միրզոյանի, Հովսեփյանի անունները) իրեն «ծեծում-սպանում էին» մինչեւ ուշաթափության աստիճան եւ ցուցմունք կորզում։ Նախ ստիպել են, որ ընդունի, թե զազրախոսել է ոստիկաններին, ապա՝ որ ապրիլի 13-ին ինչ արել է, արել է Ա. Գեղամյանի եւ Ս. Դեմիրճյանի հրամանով եւ որոշակի գումարի դիմաց։ Սեփական իրավունքներից եւ ՀՀ օրենքներից ոչ այնքան տեղյակ Է. Առաքելյանը կատարել է քննիչների որոշ պահանջներ, քանզի նաեւ խոստացել են, որ մի երկու օրից տուն կգնա։ Սակայն մեկուսարանում երեք օր անցկացնելուց հետո, տուն գնալու խոստացված ժամից մեկ ժամ առաջ ռադիոյով լսել է, որ իրեն վերագրվել է Քրօրի 300 հոդվածը, որը սպառնում է 10-15 տարի ազատազրկում։ Դրանից հետո իրավապահներն ասել են, թե 300-ը ապացուցել չհաջողվեց եւ վերագրվում է 316-ի առաջին մասը։ Այս ամենից հետո Առաքելյանը դատապաշտպան է պահանջել, սակայն քննիչի բերած փաստաբան Հրաչյա Իսաջանյանը առանձնապես չի հետաքրքրվել իր պաշտպանյալի շահերով եւ այժմ Է. Առաքելյանի շահերը ներկայացնում է փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը։ Է. Առաքելյանի նախաքննական ծեծի, մարմնական վնասվածքների ու նվաստացումների հետքերը տեսել եւ արձանագրել են ԵԽ եւ «Կարմիր խաչի» ներկայացուցիչները։ Է. Առաքելյանը դատարանում հայտարարեց, որ եթե իմանար դիմացինը ոստիկան էր՝ չէր խփի, խփել է այն բանից հետո, երբ արցունքաբեր գազ են փչել աչքերին ու «վահանով այնպես խփեցին, որ ատամներս թափվեցին»։ «Համոզված եմ, որ օբյեկտիվ կմոտենաք հարցին»,- եզրափակեց ամբաստանյալը։ Տուժողը՝ ոստիկանության զորքերի բաժնի պետ, փոխգնդապետ Սահակ Մարտիրոսյանը ապրիլի 13-ի գիշերվա գործողությունները նկարագրեց ճիշտ եւ ճիշտ ոստիկանության հաղորդագրության համաձայն եւ հարցերին ի պատասխան՝ խոսեց հօգուտ ամբաստանյալի։ Ինքը դաշտային համազգեստով է եղել եւ անփորձ աչքով տեսանելի չեն այդ համազգեստի ուսադիրները, փողոցի լույսերն անջատված էին եւ հարված է ստացել ոստիկանական գործողությունները սկսելուց հետո, բացառված է, որ Է. Առաքելյանը անձնական հակակրանք ունենար։ «Ես մահակ չեմ ունեցել, իմ գործողություններում բռնություն չի եղել»,- ասաց փոխգնդապետ, հավելելով, որ ինքը ոստիկանների շարքերի առջեւից քայլելով, հավաքվածներին առաջարկել է լքել փողոցը։ «Խնդրում եմ մեղմ վարվել ամբաստանյալի հետ»,- դատարանին կոչ արեց տուժողը ու դահլիճը ծափահարեց նրան։ Մեղադրող Արամ Ամիրզադյանը մեղադրական ճառում կրկնեց նախաքննության մեղադրական եզրակացությունը, հղում արեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներին, ոչինչ չասաց ծեծի ու ցուցմունք կորզելու մասին։ Ըստ մեղադրողի, ամբաստանյալը կարող էր ճանաչել ոստիկանին նաեւ ֆիզիկական տվյալներից (փոխգնդապետ Մարտիրոսյանը թերսնված չէր): ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել