Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ

Մայիս 26,2004 00:00

ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն «Առավոտին» հայտնեց, որ ինքն ու գործով քննիչ Արամ Խաչատրյանն իր պաշտպանյալի պահանջով երեկ նրա հետ հանդիպել են քննչական մեկուսարանում. «Սուրենյանցը քննիչին տեղյակ պահեց, որ ցանկացել է հանդիպել՝ ներկայացնելու առարկություններ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնարավորություններն իր նկատմամբ չկիրառելու եւ առողջական ոչ բարվոք վիճակում գտնվելու պայմաններում անգամ քննչական մեկուսարանում պահելու, բժշկական պատշաճ օգնություն ստանալուց զրկելու կապակցությամբ, որ նա ձեռնարկի համապատասխան միջոցներ: Նաեւ նշեց, թե հացադուլը հայտարարել էր՝ համոզված լինելով, որ ի վնաս իրեն ուղղակի անտեսվում են գործող օրենսդրության պահանջները, եւ իրեն ցանկանում են պահել որպես քաղաքական պատանդ: Սուրենյանցը հայտնեց, թե կարող է եւ հնարավորություններ ունի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին տեղյակ պահել իր վիճակի մասին, սակայն չի դիմում այդ քայլին, քանի որ հույս ունի, թե Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններն ու արդարադատության համակարգն ի վերջո կարող են ընթացք տալ իր պահանջներին եւ բավարարել դրանք՝ եթե ցուցաբերվի օբյեկտիվ մոտեցում: Քննիչն առաջարկեց այդ հարցերը լուծել համապատասխան միջնորդություններով»: Խոսքը մասնավորապես կալանքի տակ պահելու եւ գրավ չկիրառելու մասին է: Ռոբերտ Գրիգորյանը հայտնեց, որ իրենց հորդորներից հետո, նաեւ հաշվի առնելով, որ նախորդ օրն էլ ծնողներն էին խնդրել դադարեցնել հացադուլը՝ «Սուրենյանցը մտածելով, որ առողջ վիճակում ինքն ավելի լավ կարող է պայքարել, քան հացադուլի հետեւանքով թուլացած օրգանիզմով ու տեսողության կորստի սպառնալիքով՝ բավարար համարեց այն արդյունքները, որոնք ապահովել էր 6-օրյա հացադուլի հետեւանքով: Եվ ինձ տեղյակ պահեց, որ մայիսի 25-ից կդադարեցնի հացադուլը»: Նախատեսվում էր, որ Սուրենյանցին երեկ առավոտյան պիտի այցելեր նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Սակայն նա պաշտպանին հայտնել էր, թե մինչ այդ ցանկանում են իր հետ հանդիպել՝ գործին ծանոթանալու համար: «Չգիտեմ, թե գործին ծանոթանալու համար ինչու պիտի ինձ հանդիպի եւ ոչ քննիչին: Ինձ մոտ գործի միայն որոշ նյութեր են»,- ասաց պրն Գրիգորյանը: Սակայն երեկ մինչեւ օրվա վերջ հանդիպում չէր եղել անգամ պաշտպանի հետ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել