ԶԵԿՈՒՅՑԸ ՄՆԱՑ ԹԵՐԻ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում Թերի Դեւիսը երեկ պիտի ներկայացներ Ղարաբաղի խնդրի շուրջ իր զեկույցը, սակայն զեկուցողի առաջարկով այն հետաձգվեց, որ վերջնական տեսքի բերվի մինչ հանձնաժողովի հունիսի նիստը: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը Փարիզից հայտնեց, որ զեկույցը մինչեւ հաջորդ նիստը հետաձգելու պատճառներից մեկն այն է եղել, որ նիստի ընթացքում աննախադեպ երկար ու բուռն քննարկում է տեղի ունեցել Չեչնիայի խնդրի շուրջ, որը խլել է աշխատաժամանակի առյուծի բաժինը: Բացի այդ՝ «Թերի Դեւիսը հետաձգումը հիմնավորեց այն հանգամանքով, որ վերջին շրջանում ղարաբաղյան խնդրի առնչությամբ տեղի են ունեցել, իր գնահատմամբ, զգալի տեղաշարժեր եւ այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել զգալիորեն վերանայել զեկույցը, փոխել շեշտադրումները: Զեկուցողը հատուկ ընդգծեց, որ այդ տեղաշարժերից հետո ավելի լավատեսորեն է տրամադրված հարցի լուծման առնչությամբ, քան Երեւան, Ստեփանակերտ ու Բաքու իր այցից հետո»: Մեր հարցին՝ որոշակի ի՞նչ իրադարձություններ էր պրն Դեւիսը գնահատում իբրեւ «զգալի տեղաշարժ», որոնք ստիպել են նրան վերանայել իր նախկին՝ ենթադրվում է, հոռետեսական վերաբերմունքը հակամարտության կարգավորման նկատմամբ՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց, որ ճիշտ կլիներ այդ հարցն ուղղել պրն Դեւիսին, «թե ինչն էր իր համար ունեցել հոռետեսական ազդեցություն: Բայց իր մի քանի նախադասությամբ ներկայացրածից կարելի էր հետեւություն անել, թե իրեն լավատեսություն են ներշնչում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի նախարարների միջեւ վերջին շրջանի հանդիպումները»: Անկախ այն հանգամանքի՞ց, որ այդ հանդիպումներին զուգահեռ ռազմատենչ հայտարարություններ են հնչել Ադրբեջանից՝ հարցին էլ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարն արձագանքեց. «Այդ հանդիպումներին հետեւողները կհամոզվեն, որ դրանց ընթացքում չեն հնչել ռազմատենչ հայտարարություններ: Այնպես որ՝ Թերի Դեւիսի խոսքը հաստատ այդ մասին չէր: Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները շատ հաճախ ռազմատենչ հայտարարություններ են անում միայն ներքին օգտագործման համար»: Մեջբերենք, թե ինչ էր Թերի Դեւիսն ասել ավելի վաղ՝ մայիսի 13-ին, Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նստաշրջանի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հետո: Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ նա հիշեցրել էր, որ երկու երկրներն էլ 2001-ին անդամակցելով Եվրախորհրդին՝ պարտավորվել են խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը: «Այսօրվա հանդիպումներն անցան փակ դռների ետեւում, ուստի չեմ կարող մեկնաբանել առկա տեղեկատվությունը եւ դիրքորոշումները, որոնք արտահայտվել են զրույցների ընթացքում: Սակայն կարող եմ ասել, որ երկու կողմն էլ գիտակցում են խնդրի լուծման անհետաձգելիությունը եւ այն հեռագնա բացասական հետեւանքները, որ կունենա հակամարտության հետագա չկարգավորումը: Որքան ավելի են զբաղեցված ու, գլխավորապես՝ դատարկված շրջանները մնում անմարդաբնակ՝ այնքան ավելի դժվար կլինի դրանք վերականգնելը: Երկու երկրների տնտեսական համակարգերն էլ կայունության եւ ֆինանսական աջակցության կարիք ունեն, սակայն հանրային փողերից մեծ գումարներ են օգտագործվում զինվորական ծախսերի համար: Ամենակարեւորը, սակայն, մարդկային եւ հումանիտար իրավիճակն է: Այն տրամաբանական հետեւանքն է երկու երկրներում էլ փախստականների ու տեղահանված մարդկանց մեծաքանակության, պաշտպանական ծախսերի բեռի եւ այն լրավճարների, որ ամեն ամիս Ղարաբաղին հատկացնում է Հայաստանը, նաեւ ներքին ու տարածաշրջանային անկայունության»: Թերի Դեւիսն անդրադառնալով տարածաշրջանի ապագային՝ նշել էր. «Երբեմն ձայներ են հնչում, թե կովկասյան երկրները դեռեւս պատրաստ չէին Եվրախորհրդին անդամակցությանը: Ժողովրդավարությանն անցումը դյուրին խնդիր չէ՝ սա պարզ էր ավելի վաղ անդամակցած երկրների օրինակով, սակայն ԵԽ-ին անդամակցությունն անկասկած դրական ներգործություն է ունենում այդ անցման վրա»: Վստահություն էր հայտնել, որ Կովկասի ժողովուրդներն ունեն մեծ ներուժ, որոնք ի հայտ կգան, երբ կլուծվի Ղարաբաղի հիմնահարցը՝ «լուրջ հակամարտություն, որը կյանքի գին ունեցավ շատերի համար, թողեց շատ վիրավորներ, ավերված շենքեր եւ հարյուր հազարավոր փախստականներ»: Նա նշել էր, թե զեկույցի ներկայացմամբ շուտով կավարտվի իր շուրջ 2 տարվա աշխատանքը, սակայն «ես հաստատապես կշարունակեմ մեծ կարեւորություն հատկացնել այս հակամարտության կարգավորմանը»: Հիշեցնենք, որ Թերի Դեւիսը հիմնական մրցակիցն է Վալտեր Շվիմերի՝ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրություններում: Դրանց ելքը նույնպես պարզ կդառնա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում, երբ կներկայացվի Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ