Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական «ֆրանսիական» ջանքը

Մայիս 26,2004 00:00

Հերթական «ֆրանսիական» ջանքը

Ընդունված է համարել, որ ղարաբաղյան հակամարտությունն առնվազն երեք
անգամ շատ մոտ է եղել հիմնարար կարգավորման բնագծին: Առաջին նման իրավիճակն
առաջացել էր 1998 թվականին, երբ թվացյալ հասարակական, իրականում՝ վարչա-կլանային
մեծ հակազդեցության պայմաններում մերժվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
«պարտվողական» որակված ծրագիրը, ինչին էլ հետեւեց վերջինիս հրաժարականը:

Թռուցիկ մի հայացք նետելով ոչ հեռավոր անցյալի այդ ժամանակահատվածին, հեշտությամբ մտաբերում ենք, թե բանակցային այդ փուլում որքան էական էին ամերիկյան ու հատկապես՝ ֆրանսիական միջնորդական ջանքերը: Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո կարգավորման ողջ «տնտեսությունը» սկզբունքային փոփոխությունների ենթարկվեց: Նախ՝ միառժամանակ կողմերի միջեւ շփումներն առհասարակ դադարեցին: Ապա՝ փոխվեց բանակցությունների ձեւաչափն ու հետեւաբար՝ նաեւ հակամարտության բուն էությունը: Այդուհանդերձ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարճ ժամանակ անց վերսկսեցին միջնորդական գործունեությունը, որը համեմատաբար ակտիվ բնույթ սկսեց կրել 1999թ. երկրորդ կեսին: Քաղաքական փորձագետների շրջանում տարածված կարծիք կա, որ այդ ժամանակ միջնորդներին հաջողվել էր որոշ սկզբունքային հարցերում մոտեցնել կողմերի դիրքորոշումները, սակայն 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունն ի չիք դարձրեց սպասվող արդյունքները: Գործընթացը դարձյալ փակուղի մտավ: Որոշ ժամանակ անց սկսվեց Քոչարյան-Ալիեւ հանդիպումների հայտնի շարքը, որը թեեւ շատ դիտորդների կողմից գնահատվում էր ապարդյուն, այնուամենայնիվ, 2001թ. ամռանն ինչ-որ արդյունք ունեցավ: Այդ արդյունքը նշանավորվեց այսպես կոչված՝ «փարիզյան սկզբունքների» հաստատագրմամբ: «Դեռ երբեք հակամարտող կողմերն ասքան մոտ չեն եղել հակամարտության հանգուցալուծմանը, որքան հիմա»,- այն ժամանակ Քի-ուեսթում հայտարարեց ամերիկյան համանախագահ Քերի Քավանոն: Սակայն այս սկզբունքներին եւս վիճակված չէր կենսագործվելու: Բանակցային գործընթացն աստիճանաբար սկսեց մարել, ապա՝ կապված Հայաստանում եւ Ադրբեջանում մեկնարկած նախընտրական շրջանների հետ, բոլորովին դադարեց: Դիտորդներն օրինաչափորեն կանխատեսում էին, որ բանակցությունները կվերսկսվեն Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք բոլոր տեսակի ընտրություններից հետո միայն, սակայն նշում էին, որ երկուստեք՝ կապված ներքաղաքական լարումների, իսկ Ադրբեջանում՝ նաեւ նախագահի փոփոխության հետ, դրանք ծանր բնույթ կընդունեն: Այդպես էլ եղավ: Այդուհանդերձ, պատերազմի ուրվականի հետեւողական վերակենդանացմանը զուգընթաց, հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության, մասնավորաբար, ԵԽ-ի եւ ԵՄ-ի կողմից աննախադեպ հետաքրքրություն արձանագրվեց: Հատկանշական է, որ բանակցային այս նոր շրջափուլում եւս սկսում է էական դառնալ Փարիզի դերակատարությունը: Այսպես. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը նամակ է հղել Իլհամ Ալիեւին, որում, ի թիվս այլ հարցերի, Ֆրանսիայի ղեկավարը ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման հույս է հայտնել: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկա շաբաթներին կորոշակիացվի այն նախաձեռնությունը, որի իրականացման համար «Ֆրանսիան քիչ ջանք չի գործադրել»:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել