Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱՎՃԻՌ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»

Մայիս 25,2004 00:00

«ԴԱՏԱՎՃԻՌ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» Լույս է տեսել «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանի երկրորդ՝ «Դատավճիռ «հանուն Հայաստանի Հանրապետության» գիրքը: Յուրօրինակ այս ժողովածուն դատաիրավական թեմաներով գրող լրագրողի ավելի քան 10 տարիների աշխատանքի արգասիք-արդյունքն է: Այստեղ տեղ են գտել հետաքրքիր հոդվածներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ, նամակներ, «քսիֆներ» կալանավայրերից եւ այլն: Հերոսները իրական մարդիկ են՝ կեղծ ամուսնության միջոցով բնակարանը վաճառել ցանկացող Յուրա Սարդարյանը, աշակերտի հարձակման զոհ դարձած ուսուցչուհի Մարգարիտ Մարտիրոսյանը, հայտնի փաստաբաններ, որոնց վրա հարկ եղած դեպքում «գործ են սարքում», թաղային հեղինակություն Արեշի Պելեն, ռազմական ոստիկանության մեկուսարանում անցկացրած Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանը, ձեռնաշղթաներով դատարան բերված լրագրող Վահրամ Աղաջանյանը եւ ուրիշներ: Պատահական չի ընտրված նաեւ ժողովածուի վերնագիրը՝ «Դատավճիռ «հանուն Հայաստանի Հանրապետության»: Ամեն օր հանուն ՀՀ-ի դատական բազմաթիվ վճիռներ են արձակվում. արդյո՞ք միշտ են դրանք հանուն պետության կայացվում: Ահա թե որն է Ռուզանի մտահոգությունը: «Դատավճիռ»-ը իսկապես տեսակի մեջ բացառիկ է, թեեւ պակաս հետաքրքիր չէր նաեւ հեղինակի առաջին՝ «Հիշողությունը շիրմաքար չունի» գիրքը: Մեր թերթի իրավական էջի պատասխանատու Մինասյանը «Վերսուս» ստուդիայի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի սահմանած «Կալանավորների վերադարձը հասարակություն» մրցույթի 2001թ. մրցանակակիր է, «Իրավական թեմաները լուսաբանող լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնագրքի» համահեղինակ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել