Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդլայնել ֆորմատը

Մայիս 25,2004 00:00

Ընդլայնել ֆորմատը ՀՅԴ-ն արդեն երկրորդ անգամ նախաձեռնում է մտավորականների հետ հանդիպում՝ ներքաղաքական խնդիրները քննարկելու նպատակով։ Եթե մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ ճշտվում էին ներքաղաքական վիճակն ու հնարավոր ելքերը, ապա այս մեկը խնդիր ուներ պարզել Հայաստանի հասարակության պահանջը եւ դրա իրականացման ձեւերը։ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը առաջարկեց լինել օբյեկտիվ եւ արձանագրեց, որ այսօր Հայաստանում «չկա անորոշ հեռանկարով իշխանափոխության պահանջ, կա արմատական բարեփոխումների պահանջ»։ Իսկ դա պետք է անել եւ կարելի է անել քաղաքացիական հասարակությանը վայել՝ իշխանություն-ընդդիմություն համաձայնությամբ, որ ամեն մեկն իր պատասխանատվության չափով օգտակար լինի։ «Երկխոսության մերժումը չի նշանակում, թե համաձայնության գաղափարն է մեռել»,- եզրակացրեց Ռուստամյանը։ Օբյեկտիվ լինելու կոչը ընդունվեց, եւ ՀՅԴ ներկայացուցիչները բազմաթիվ քննադատական մտքեր լսեցին ՀՅԴ մասին հատկապես եւ իշխանությունների մասին՝ ընդհանրապես։ Ըստ Նորա Հակոբյանի, չի կարելի կեղծ կատեգորիաներով առաջնորդվել, երբ ժողովրդի ճակատագիրն է որոշվում. «Իշխանությունը սխալ է վերծանում ժողովրդի լռությունը։ Միտինգ չգնացողը տանը նստած չի պաշտպանում իշխանություններին։ Հիմնարկներին հանձնարարված քանակով հրապարակ լցնելը չի օգնի մաքրել այս վիճակը»։ Տիկին Հակոբյանը առաջարկեց լինել քաղաքակիրթ, չխոսել սպառնալիքներով. ընդդիմությանը կվերացնենք, մանդատներից կզրկենք եւ այլն։ Պատմաբան Աշոտ Եղիազարյանի խոսքերով, ակադեմիկոսը 15.000 դրամ է ստանում, պատգամավորը՝ 700 դոլար։ Ու այս մեծ տարբերությունն է, որ կարող է բերել բախումների։ Ըստ նրա, պետք է ճշտել ոչ թե իշխանության կամ ընդդիմության ուզածը, այլ՝ «ինչ է ուզում ժողովուրդը եւ ժողովրդի դժգոհության դեմն առնել։ Անցած հանդիպումից հետո ոչ մի լուրջ քայլ չի կատարվել վիճակի մեղմացման համար։ Մտավորականներն ընդդիմադիր չեն։ Մտավորականներն ասում են ճշմարտությունը»։ Սուրեն Զոլյան. «Ինքնանպատակ իշխանափոխության հակառակը ինքնանպատակ իշխանապահպանումն է։ Եթե ընդդիմությունը թույլ է, չի նշանակում, թե իշխանությունն ուժեղ է եւ եթե իշխանությանը չեն վստահում, չի նշանակում, թե վստահում են ընդդիմությանը»։ Յուրօրինակ մտքեր արտահայտեց Գառնիկ Անանյանը։ Ասենք, որ ժողովրդավարությունն այլընտրանք ունի, մենք լավն ենք Վրաստանից ու Ադրբեջանից՝ բոլոր առումներով, բայց «մեզ մոտ իշխանություններն ու օլիգարխները օրենքից դուրս են, արդարություն չկա, օրենքի գերակայություն չկա»։ Հակառակ դրան հայագետ Լեւոն Բարխուդարյանը նախանձով էր նայում մեր հարեւաններին։ Կարինե Դանիելյանն էլ առաջարկեց գտնել քաղաքը գրաված սրճարանների իրական տերերին եւ «ով այդ հարցով զբաղվի, նրա ետեւից էլ կգնանք»։ Ի դեպ, սրճարանատերերից մեկը՝ ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը լուռ եւ ուշադիր լսում էր։ ՀՅԴ-ն դեռ շատ քննադատություն լսեց. որ Լոքյանի հանձնաժողովի գործունեության արդյունքում ոչ ոք չպատժվեց, որ ներկա իշխանությունները նախորդների հետ կապ ունեն՝ «մեկի պոչը մյուսի ոտքի տակ է», դրա համար ոչ ոք չի պատժվում եւ այլն։ Ի վերջո, մտավորականներն առաջարկեցին հիշատակված հարցերը քննարկել առավել լայն ֆորմատով, իշխանական բոլոր կուսակցությունների եւ ընդդիմության մասնակցությամբ, թեեւ կասկածում էին, որ ՀՅԴ-ն ասվածը կփոխանցի իշխանություններին։ ՀՅԴ-ն խոստացավ հաշվի առնել հնչած քննադատությունը։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել