Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԻՍԻ ԲԱՆՏԸ՝ ՆԵՐՍԻՑ

Մայիս 25,2004 00:00

ԳՈՐԻՍԻ ԲԱՆՏԸ՝ ՆԵՐՍԻՑ Հայաստանի ազատազրկման վայրերից ամենահեռուն գտնվողն ու տարեցը Գորիսի բանտն է։ Այն 1812-16թթ. եղել է ցարական զորակայան, իսկ 1870-ից գործում է իբրեւ բանտ։ Այսօր այն արդարադատության նախարարության ենթակայության տակ է եւ անվանում են «Գորիս» քրեակատարողական հիմնարկ։ Տասնմեկ տարի է՝ հիմնարկի պետն է Հակոբ Մանուչարյանը։ Վերջինիս հանդիպեցինք 2 օր առաջ։ Վերջերս Գորիս էին տեղափոխվել 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներից 15-ը։ Ի դեպ, այնտեղ էլ տեղեկացա, որ դարի հանցագործության՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով 7 դատապարտվածներից երկու շաբաթ առաջ Գորիս էր տեղափոխվել Համլետ Ստեփանյանը, որին էլ այդ օրը տեսակցության էին եկել կինն ու քույրը։ Մեզ հետաքրքրում էր ցմահների վիճակը նորաբաց խցերում։ Պետի հետ «ընտրում» եմ պատահական 33 թվակիր խուցը։ Այնտեղ գտնվում էր 4 դատապարտյալ. Իգոր Օհանյանը, Արթուր Կոստանյանը, Արթուր Համբարձումյանն ու Արամ Առաքելյանը։ Առաջին երկուսը իրենց պատիժը կրում են արդեն 10 տարի, իսկ Արթուրն ու Արամը՝ 11-ական տարի։ Ի դեպ, անցյալ տարի ես եղել էի նաեւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մահապատժի դատապարտվածների խցերում։ Եվ ի տարբերություն «Նուբարաշենի», այստեղ խցում երկու պատուհան կար, իսկ զուգարանը բարձր պատով էր, փակվող դռնով։ 24 քմ խցում կար հեռուստացույց, ռադիո։ Այս դատապարտյալներին տեղափոխել էին մարտի 9-ին, իսկ վերանորոգված խցում էին մարտի 15-ից։ «Առավոտին» հետաքրքրում էր, թե ցմահներն ինչ խնդիրներ ունեին, որ կուզեին մամուլով արծարծվեր։ «Նոր օրենսգիրքը հետադարձ ուժ չպիտի ունենար»,- ասում են նրանք եւ շարունակում, որ «ցմահ դատապարտվելու» մասին վճիռ չեն ստացել. «Թող տան, իմանանք, որ ցմահ է, մեր յուղով տապակվենք»։ Փետրվարի 4-ին, ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», նրանք բողոքի հացադուլ էին հայտարարել եւ փաստորեն հետեւել էր նրանց մեկուսացումը. մարտի 4-ից նրանց մի մասը տեղափոխվեց Գորիս։ Ցմահների համար նախատեսված 5 խցերում կարող է տեղավորվել ընդհանուր 19 դատապարտյալ։ «Գորիսի» պետը՝ պրն Մանուչարյանը տեղեկացնում է, որ կա ընդհանուր 34 խուց, 103-ից 45-ը դատապարտվածներ են, 15-ը՝ ցմահ ազատազրկվածներ, 21-ը՝ «քննչականներ», 10-ը՝ «վճռաբեկներ», 10-ը՝ տնտեսական մաս կազմողներ… Հատկապես շատ են Արարատյան դաշտավայրից, Երեւանից։ Մենք փորձեցինք տեղեկանալ, թե այդ պահին պատժախցում՝ կարցերում քանի՞ կարգազանց կա։ Պարզվեց 3 պատժախցում 3-ն են։ Սեդրակը 4-րդ օրն է, ինչ այդտեղ է։ Չորս անգամ գողության համար դատապարտված։ 11 օր էլ պիտի մնա այդտեղ։ Հարեւան պատժախցում Գեւորգ Տերյանն է։ Նրան մնում էր եւս 6 օր։ Պատրաստել էր ինքնաշեն խմիչք՝ «բրագա»։ 40 տարեկան է, որից 16-ն անցկացրել է ազատազրկման վայրերում։ Պարզվում է, որ բանաստեղծ Վահան Տերյանը պապի հորեղբոր թոռն է։ 3-րդ պատժախցի Գրիշա Թումանյանն էլ բարեբախտաբար աղերս չունի մյուս բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հետ։ Նա էլ դրսի հետ կապի մեջ է եղել։ Նախկինում 7 անգամ դատված։ Գորիսում եղել էի տարիներ առաջ։ Եվ նորություն էր երկարատեւ տեսակցության (1-3 օր) սենյակը, ինչպես նաեւ կարցերից զբոսանքի տանելը։ Չորս զբոսարան կար։ Տիպական։ Մեր՝ բանտում գտնվելու պահին այնտեղ էր «Կարմիր խաչը»։ Բժիշկ Յուրի Դաղունցից տեղեկանում եմ, որ նրանք տուբերկուլյոզի բաժին են բացելու եւ 73 քմ կինոդահլիճը կծառայի այդ նպատակին։ «Գորիս» ՔԿՀ-ում կար մեկ տուբերկուլյոզով հիվանդ, որին էլ հավանաբար տեղափոխեն Երեւանի դատապարտյալների հիվանդանոց։ «Ո՞րն է թիվ 1 բանտային հիվանդությունը» մեր հարցին բժիշկ Դաղունցը պատասխանում է, որ դատապարտյալները հաճախակի են գանգատվում գլխացավերից, վերին շնչուղիների հիվանդություններից, իսկ ընդհանրապես՝ խոնավությունից։ Զբաղվածության հարցը, ինչպես մնացյալ ՔԿՀ-ներում, լուծված չէ։ Տեղեկացնեմ միայն, որ խորհրդային տարիներին այստեղ ամսական 30 հազար սպորտային կոշիկ էր արտադրվում, 10 հազար շարժիչ։ Ամբողջ ՔԿՀ-ում 10-ն են աշխատում։ Իսկ օրական սպառում 470-480 դրամի չափ։ «Արտակարգ որեւէ դեպք եղե՞լ է»՝ հարցնում եմ պետին։ Նա հիշում է միայն 1994թ., երբ քաղաքացիական հիվանդանոց էին տարել մի դատապարտյալի, որի վրա էլ հիվանդանոցում կրակել է ինչ-որ հոգեգար։ Ժամանակին Գորիսի բանտը հայտնի էր նրանով, որ այստեղ են «մկրտվել» միութենական «օրենքով գողերից»՝ Էդիկ «Կրասնովը», «Ժարի Ժորան», «ավտարիտետներից»՝ «Դիլխոր Էդիկը», «Չիրը», «Զեյթունցի Աշոտը», «Արամիկը»։ Մեր հարցին՝ «ավտարիտետներ կա՞ն», պետը հետաքրքիր պատասխան տվեց. «Եթե անձը ոչինչ չի ներկայացնում, բայց նրա հարազատները լավ «պերեդաչի» են բերում, դառնում են ավտարիտետ»։ Սոցիալական նոր կարգ է, փաստորեն, ձեւավորվում. հեղինակություններ՝ սոցիալական նշանակության։ Գորիսի բանտում, մեր տեղեկություններով, կար մեկ հեղինակություն. «Սուրոն»՝ Սուրիկ Սիմոնյանը։ Իսկ ընդհանրապես, դասականությունն այդ աշխարհում նույնպես փոխվել էր։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Գորիս-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել