Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռելաքս նշանակում է մարդու իրավունքների ոտնահարում

Մայիս 25,2004 00:00

Ռելաքս նշանակում է մարդու իրավունքների ոտնահարում Սոցիոլոգները հավանաբար չեն էլ նկատել, որ Հայաստանում սոցիալական մի նոր խումբ է առաջացել՝ Երեւանի կենտրոնում ապրող բնակիչներ: Անվերապահորեն կարելի է ասել, որ սրանց հասարակության առավել խոցելի խմբերի շարքը պետք է դասել: Նրանց մի մասն այսօր անօթեւան է դարձել, եւ հայտնի չէ, թե ինչքան ժամանակով, քանի որ պետությունը քանդել է նրանց տները եւ չնչին փոխհատուցում տվել, նման գումարներով հնարավոր չէ որեւէ բնակարան առնել: Մի մասն էլ թեեւ ապրում է արտաքուստ շքեղ ու բարեկեցիկ բազմաբնակարան շենքերում, քուն ու դադար չունի նկուղային ու առաջին հարկերում տեղավորված ռեստորաններից, գիշերային բար-սրճարաններից ներխուժող աղմուկից: Հանգիստ ավետող «Ռելաքս» սրճարանի պատճառով, օրինակ, Մոսկովյան 31 շենքի բնակիչներն արդեն շուրջ ինը տարի կորցրել են հանգիստը: Գրող Լեոնիդ Հուրունցի այրին՝ Լարիսա Իսահակյանը, ուրբաթ- շաբաթ օրերին ինքնակամ էվակուացվում է բարեկամների տները, որպեսզի գիշերը կարողանա քնել: Նույն վիճակում են այն շենքերի բնակիչները, որոնց ներքեւի հարկերում են գործում «Օմեգա», «Յոժիկ», «2×2», «Անտոնյան», «Կարաոկե», «Հավըն» բար-սրճարանները: Այս թվարկումը երկար կարելի է շարունակել: Այս բնակիչները իրենց իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները սպառել են արդեն՝ տարուբերվելով թաղապետարան-գլխավոր դատախազ շրջապտույտում: Ճարահատյալ նրանց մի մասը դիմել է դատարան, այս օրերին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում ընթանում են ընդդեմ «Օմեգայի» եւ «Յոժիկի» դատավարությունները: Վերը նշված ատյանների պես մինչ օրենքին հղում անելը, որը բնակելի շենքերի տակ գիշերային ակումբներ բացելուն խանգարող դրույթ չունի, նա որեւէ առիթ բաց չի թողնում դատավարությունները հետաձգելու եւ ժամանակ շահելու համար: Ճարահատյալ բնակիչների մի մասն էլ դիմել է իրավապաշտպան կազմակերպությունների: Համենայնդեպս, Հայաստանի հելսինկյան կոմիտեն այժմ խորընկա մոնիտորինգ ու հետաքննություն է իրականացնում: Թե ինչ արդյունք կտա այս ամենը՝ դժվար է ասել: Սակայն կասկած չկա, որ գործ ունենք կոռուպցիայի հերթական թնջուկի հետ: Հնարավոր չէ այլ եզրակացության գալ, եթե յուրաքանչյուր հաստատության վերաբերյալ երկու տեսակի փաստաթղթեր գոյություն ունեն. սրճարանի տիրոջ ունեցած փաստաթուղթն ասում է, որ տվյալ բար-սրճարանում հնչող երաժշտությունը չի անցնում թույլատրելի սահմանները, իսկ բնակիչների ձեռքի փաստաթուղթն ասում է, որ գերազանցում է մի քանի անգամ: Հնարավոր չէ այլ եզրակացության գալ, եթե ոստիկանությունը բնակիչների բողոքներին պատշաճ կերպով չի արձագանքում եւ միջոցներ չի ձեռնարկում: Տասնյակ շենքերի հարյուրավոր բնակիչների հանգիստը տարիներ շարունակ խաթարելու եւ առողջությունը քայքայելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Մնում է հերթական անգամ վավերացնել, որ Հայաստանում երկակի ստանդարտներ են գործում, եւ ցանկացած արժեք կարող է լիքը գրպանների կամ լծակների ուժով գլխիվայր շուռ գալ, հետեւաբար «ռելաքս» հայերեն պիտի թարգմանվի՝ անհանգստանալ: ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել