Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԵՌԱՑՈՂԸ ՉԷ

Մայիս 25,2004 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԵՌԱՑՈՂԸ ՉԷ «Ինչքա՞ն է կորցնում «ԱրմենՏելը», արդյոք երբեւէ կկարողանա՞ շարունակել թվայնացումը, որը հասել է արդեն 37 տոկոսի, արդյոք ե՞րբ մեծ շրջանները, քաղաքները եւ գյուղերը կթվայնացվեն՝ կախված է այս պատմության (միջազգային դատարաններում քննվելիք գործերի- Ա. Ու.) վերջնական կետից»: Երեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հարցերը վերաձեւակերպեց եւ ի պատասխան նշեց «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը: Միջազգային արբիտրաժային դատարան ներկայացրած իրենց հայցի քննության անգամ ժամկետների մասին հրաժարվեց տեղեկություններ հայտնել, նշելով, որ այդ «գործերի վերաբերյալ մեկնաբանություններ չի թույլատրվում»: Պարոն Վասիլակիսը դարձյալ դժգոհեց, որ «ՀՀ կառավարության ոչ պատշաճ վարվելակերպի» պատճառով իր ղեկավարած ընկերությունը զրկված է եկամուտներից, րոպեավճար չի կարող կիրառել եւ այլն: Միայն րոպեավճարից իր չստացած եկամուտը ընկերությունը գնահատում է «տարեկան 20 միլիոն դոլարից ավելի»: Չնայած սրան, «ԱրմենՏելը» չի պատրաստվում հեռանալ հայաստանյան հեռահաղորդակցության շուկայից, անգամ մենաշնորհից զրկվելու պարագայում. «Ինչպե՞ս է հնարավոր հայկական շուկայից դուրս գա այդ ընկերությունը, երբ 150 միլիոն դոլար վճարել է, որպեսզի գնի բաժնետոմսերի 90 տոկոսը, հետագայում ներդրել է 216 միլիոն դոլար»: Իր երկրի կառավարության կողմից ներդրված գումարի չափը գնահատեց պարոն Վասիլակիսը եւ շարունակեց. «ի՞նչ է նշանակում շուկայից դուրս գալ: Ուղղակի քննարկում ենք, թե արդյոք նոր գործարար ներդրումային միջավայրում շարունակի՞ իր ներդրումների կատարումը, թե՞ ոչ»: Ընկերության տրամադրվածությունը հետեւյալն է. «եթե չփոխվեն բոլոր այս վերջին ծրագրերը, չի կարող շարունակվել թվայնացումը, եւ Հայաստանը կմնա այն իրավիճակում, ինչպիսին այժմ է»: Հինգ ու կես տարի Հայաստանում աշխատած Գ. Վասիլակիսը գտնում է, որ՝ «ԱրմենՏելը» բավականին մեծ աշխատանք է կատարել»: Այնքան մեծ, որ չնայած իր գործունեության վեց ու կես տարուն, այս ոլորտում սեւ շուկայի ծավալները գրեթե հավասար են օրինականին: Եվ այսուհանդերձ պարոն Վասիլակիսը հույսով է, որ «այս ընկերությունը կարիք ունի եւ արժանի է ավելի լավ ճակատագրի»: Տնօրենն առանց մեկնաբանության թողեց OTE-ի բաժնեմասը վաճառելու վերաբերյալ հայտարարությունը, որ արվել էր Հունաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ ամենաշատ ձայները հավաքած քաղաքական ուժի կողմից: Այնուամենայնիվ, «շատ լավ կլիներ, որ OTE-ն չգտնվի այդ երկընտրանքի առջեւ, որպեսզի ցանկանա ազատվել Հայաստանից, քանի որ դա անձամբ ես կհամարեմ իմ անձնական ձախողումը»: Իսկ պարոն Վասիլակիսը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով էր հրավիրվել ինտերնետային ծառայությունների մատուցման շուկայում տնտեսվարողների նկատմամբ խտրական մոտեցում ցուցաբերելու մեղադրանքի վերաբերյալ պարզաբանումների համար: Բողոքողն «Արմինկոն» էր: Պարզվում է, նա էլ է ժամանակին «ԱրմենՏելից» համահայկական համար խնդրել, որով ինտերնետային ծառայություն մատուցելը 20 անգամ էժան է, քան սովորական միջքաղաքային հեռախոսակապի միջոցով մատուցելը, բայց մերժվել է: Փոխարենը նման կապ է ստացել մեկ այլ ընկերություն՝ հայտնվելով անհավասար լավ պայմաններում: «ԱրմենՏելը» իր քայլը հիմնավորեց, նշելով, որ դա փորձարկում է եղել, որն՝ ի դեպ, տեւել է մոտ երկու տարի: Բայց հանձնաժողովը պնդեց, որ փորձարկման ժամանակ կոմերցիոն շահեր չեն կարող հետապնդվել, ինչը տեղի է ունեցել: Հանձնաժողովը հերթական՝ հինգերորդ խախտման համար «ԱրմենՏելին» տուգանեց 5 միլիոն դրամով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ. Գ.Գ. Վասիլակիսի ասելով, «վաղը կամ մյուս օրը հայտարարություն կանեն. ովքեր SIM քարտերի ձեռքբերման ցանկություն ունեն եւ դիմում են ներկայացրել, կունենան: Իզի քարտերի համար աշխատանքներ են կատարվում Երեւանում, որպեսզի որոշ կետերում բարելավենք որակը, սակայն պատրաստ ենք նաեւ այդ ոլորտում՝ միգուցե հաջորդ ամսվա ընթացքում, 50 հազարից ավելի քարտեր թողարկելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել