Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎՆ ԱՆՏԵՍՎՈՒՄ Է

Մայիս 25,2004 00:00

ԲԱՆԱՁԵՎՆ ԱՆՏԵՍՎՈՒՄ Է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանին վերաբերող բանաձեւում պահանջ կա, որ իշխանությունները մինչեւ 2004-ի հունիսին կայանալիք նստաշրջանը պիտի գրավոր տեղեկացնեն «9-րդ կետի «ա» եւ «զ» ենթակետերի կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին», որոնք են՝ «Թույլ տալ խաղաղ ցույցերը եւ զերծ մնալ ապագա ցանկացած գործողություններից, որոնք օրենսդրորեն կամ գործնականում կբերեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատ հավաքի իրավունքի չարդարացված սահմանափակմանը», իսկ երկրորդը՝ «ստեղծել արդար պայմաններ ԶԼՄ-ների բնականոն գործունեության համար, հեռուստաընկերություններին, մասնավորապես «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր տրամադրելու հարցում»: Հունիսյան նստաշրջանին հաշված օրեր են մնացել, սակայն այս երկու պահանջների կատարման ուղղությամբ որեւէ քայլ չի կատարվել՝ Երեւանի քաղաքապետը աննկուն հաստատակամությամբ աննպատակահարմար է համարում ընդդիմության խաղաղ ցույցերի անցկացումը, իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահն էլ պնդում է, թե առաջիկայում որեւէ մրցույթ չի անցկացվելու, ուստի «Ա1+»-ին արտոնագիր չի տրամադրվի: «Առավոտի» հարցին՝ խնդիրներ չե՞ն ունենա բանաձեւն անտեսելու հետեւանքով, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ասաց. «Ինչպես Եվրախորհրդի բանաձեւն է պահանջում՝ մինչեւ նստաշրջանը երկրի կողմից կտրվի պաշտոնական համապարփակ պատասխան՝ այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ես չեմ ընդունում, որ Ձեր նշած դրույթներն անտեսվել են: Հայաստանում չկա խաղաղ ցույցերի սահմանափակում»: Նորից հիշեցրինք քաղաքապետի «աննպատակահարմար» գրությունները եւ պրն Ռուստամյանն ասաց. «Դա մեկնաբանությունների խնդիր է: Եվ երեւի ամբողջական տեղեկատվությունը չի ներկայացվում: Մինչ այժմ դեպքերի 99 տոկոսում, ըստ էության, չեն էլ դիմել հանրահավաք անցկացնելու համար: Միշտ ներկայացվել է իբրեւ հանդիպում ընտրողների հետ, իսկ դա բոլորովին այլ բան է: Եվ բացի այդ՝ այսօր արդեն նոր իրավիճակի մեջ ենք: Մայիսի 22-ից ուժի մեջ է մտել հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքը: Այս շրջանակում է պետք դիտարկել՝ օրենքը խախտվե՞լ է, թե՞ ոչ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել