ԱԺ
վերահսկիչ պալատի մասին իր տեսակետը երեկ ասուլիսում ազդարարեց Էջմիածինից
ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Պատգամավորը, որ չէր մասնակցել Վերահսկիչ պալատի հաշվետվության քվեարկությանը՝ հայտարարեց, թե այն «ձեւական կառույց է», որը «պատվերով աշխատանք է կատարում»: Ըստ Հակոբ Հակոբյանի՝ ԱԺ նախագահն ու ՎՊ ղեկավարը թաքցնում են խոշոր յուրացումների մասին փաստերը, եւ բացահայտում միայն ատամնաբուժարանների սեփականաշնորհման կարգի «փոքր» գործերը. «Գտնում եմ, որ դրանք ժողովրդին մոլորեցնելու համար են արվում, իբր տեսե՜ք՝ Վերահսկիչ պալատը բացահայտել է դարի հանցագործությունը»:
Պատգամավորը պնդեց, թե ՎՊ-ն ողջ խորհրդարանինը չէ, «այլ պատկանում է ԱԺ նախագահին, եւ կուսակցականացված կառույց է: Վերահսկիչ պալատում աշխատում են միմիայն տերով մարդիկ եւ ոչ մի անտեր մարդ չկա՝ մի հասարակ, բանվորի ընտանիքում ծնված երեխա: Կա՛մ կուսակցականներ են, կա՛մ սրա-նրա «կռիշայի» տակ մտած մարդիկ»: Ըստ նրա համոզման՝ Վերահսկիչ պալատում պիտի աշխատեն անկուսակցականներ. «Եթե այդպես չլինի՝ այդ կառույցը պարզապես կնմանվի կուսակցական խնդիրներ լուծող մարմնի»:
Հակոբ Հակոբյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահի այն խոստմանը, թե պետք է ՎՊ-ի բացահայտած չարաշահումների մասին նյութերն ուղարկի դատախազություն. «Կխնդրեի դատախազությանն այդ ձեւական նյութերով չզբաղվել, այլ զբաղվել այն նյութերով, որոնք չեն ուղարկվելու, քանի որ մարդիկ, կարելի է ասել՝ հարցեր են լուծել եւ այդ նյութերն ԱԺ-ից դատախազություն չեն գնալու»: Որպես օրինակ նշեց ջրային տնտեսության համակարգում կատարված յուրացումների, բնապահպանական ոլորտի ուսումնասիրությունների մասին նյութերը: Սակայն ասաց, թե չի կարող պնդել, որ փող են տվել կամ բարեխոսել այս գործերը փակելու համար: «Արմեն Մխիթարյանն ասում է, որ Հայաստանում չկան այնպիսի ստուգող կազմակերպություններ, որոնք փող չեն վերցնում: Բոլո՛րն էլ վերցնում են»,- այս պատգամավորի եւ ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ Համլետ Հարությունյանի առնչությամբ պնդում արվեց, թե նրանք էլ են կիսում այս մոտեցումները: Վերջինս ներկա էր ասուլիսին եւ հաստատեց. «Այո՛, ես գտնում եմ, որ ԱԺ վերահսկիչ պալատը պետք է անկախ ու ապակուսակցական լինի, եւ չպետք է արտահայտի այս կամ այն կուսակցության շահերը, դառնալով նրանց համար ազդեցության լծակ՝ քաղաքական միավորներ շահելու համար»:
Նշենք, որ Արթուր Բաղդասարյանը մեկնաբանություններ չուներ այս հայտարարությունների կապակցությամբ: Փոխարենը նրա կուսակցական ընկերներն էին վրդովված գնահատականներ տալիս լրագրողներին: Պարզաբանումներ հնարավոր չեղավ ստանալ նաեւ Վերահսկիչ պալատի նախագահից ու նրա տեղակալից, քանի որ երկուսն էլ մեկնել էին արտերկիր՝ գործուղման: Սակայն Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե պատրաստ է բանավեճում փաստարկել իր պնդումները:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ