Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԵԳԲԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ԱՊԱԳԱ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ

Մայիս 22,2004 00:00

ՌԵԳԲԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ԱՊԱԳԱ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ Համոզված են ռեգբիի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Փանիկյանը, ֆրանսահայ նախկին ռեգբիստները, որոնք հիմա էլ մարզաձեւի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաներում ազդեցիկ դեմքեր են ու վրացի մասնագետները: Երեկ նրանք ժուռնալիստի տանը մամուլի ասուլիս էին հրավիրել: Գ. Փանիկյանը նախ հիշեցրեց, որ ռեգբին Հայաստանում հարուստ ավանդույթներ է ունեցել, հանրապետության հավաքականը բավականին հաջող մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին ու գավաթի խաղարկություններին, անգամ հասել Զ եզրափակիչ, սակայն վերջին տարիներին այն մոռացության է մատնվել: Լավ է, որ Հայաստանում մնացել են նախկին մարզիկներ ու մասնագետներ, որոնք շարունակում են մնալ իրենց մարզաձեւի նվիրյալներ, պատրաստ են անել հնարավոր ամեն բան մարզաձեւին երկրորդ կյանք տալու համար: Այս հարցում անցած տարվանից անգնահատելի դեր են ստանձնել ֆրանսահայերը, որոնք շատ մեծ ներդրում ունեն ռեգբիի՝ աշխարհում ուժեղագույն դպրոցներից մեկն ունեցողի համբավ վայելող Ֆրանսիայում: Նրանք հերթական անգամ են ժամանել Հայաստան՝ մարզաձեւն այստեղ զարգացնելուն կոնկրետ գործով աջակցելու: Մասնավորապես, երեկ նրանք հանդիպել են Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանին, որն էլ խոստացել է մինչեւ սեպտեմբեր մայրաքաղաքի իրենց ենթակայության խաղային մարզադպրոցներում ռեգբիի առնվազն մեկ- երկու խումբ բացել: Մասնագետները միահամուռ այն համոզմանն են, որ ռեգբիի զարգացման առաջնային նախապայմանը մասսայականությունն է, նյութատեխնիկական բազա ստեղծելը: Եվ այդ նպատակով էլ ձեռնամուխ են եղել գնդակներ, համապատասխան մարզահագուստ, տեսանյութեր, անհրաժեշտ այլ պարագաներ հայթայթելուն: Իսկ որպեսզի երեխաները ցանկանան զբաղվել ռեգբիով, շատ բան կախված է լինելու նաեւ ԶԼՄ-ներից: Անգամ լրագրողներիս համար հաճելի անակնկալ էր, երբ տեղեկացանք, որ Հայաստանն ունի ազգային հավաքական, որի հիմնական կորիզը կազմում են այսօր Ֆրանսիայի տարբեր առաջատար ակումբներում հանդես եկող մեր հայրենակիցները: Ընդ որում, մեր ընտրանին պատրաստվում է հունիսի 2-6-ը Ֆրանսիայում մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, որտեղ մրցելու է Իսրայելի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ, ու առաջին փուլը հաղթահարելու լուրջ նպատակներ ունի: Ավելին, բոլորն էլ հայտարարեցին, որ ցանկանում են նաեւ 2007 թվականին Ֆրանսիայում կայանալիք աշխարհի հերթական առաջնությանը մասնակցելու իրավունք նվաճել ու դա էլ իրատեսական են համարում: Ասուլիսում խոսվեց նաեւ մեզանում ռեգբին զարգացնելուն խոչընդոտող հանգամանքների մասին: Օրինակ, մարզաձեւը ֆինանսական կայուն աջակցության կարիք ունի, բայց, ավաղ, չնայած արված որոշակի առաջարկություններին, Հայաստանում գործարարները չեն արձագանքում: Միայն «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն Աշոտ Աղաբաբյանն է, որ մարզաձեւին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Անկեղծ ասած, տարօրինակ էր, որ Հայաստանի ֆեդերացիայի նախագահը ռեգբիի հետ կապված խնդիրները լուծելու առաջարկով չի դիմել հանրապետության մարզական ղեկավարությանը: Հուսանք, որ այդ վրիպումը կշտկվի մոտ օրերս մարզաձեւի պատվիրակության եւ սպորտպետկոմի ղեկավարների հանդիպման ժամանակ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել