Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դպրոցները դարձնել մշակույթի կենտրոն

Մայիս 22,2004 00:00

Դպրոցները դարձնել մշակույթի կենտրոն Իսկ վերջին զանգը՝ մշակույթ Երեկ Թեքեյան կենտրոնում ԿԳ նախարարը փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «ՀԵՆԿ» եւ IFES կազմակերպությունների հետ: Ըստ հուշագրի, կողմերը միասին աշխատելու են՝ զարգացնելու համայնքային դպրոցի մոդելը: Վերջինիս էությունն է՝ դպրոցը դարձնել մշակութային, քաղաքացիական կենտրոն, որը համայնքի բնակիչներին առաջարկում է բազմաժանր դասընթացներ՝ համակարգչային, մարզական, ընթերցանության եւ այլն: Ծրագրում ընդգրկվող դպրոցների ցանկը մրցութային կարգով ամեն տարի փոխվում է: Նախորդ տարի ծրագրին մասնակցել են Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերից եւ Երեւանից՝ 11 դպրոցներ: Միջոցառման ժամանակ կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը պատասխանեց դպրոցական համայնքների ներկայացուցիչների հարցերին: Մտահոգությունները տարբեր էին՝ ջեռուցման խնդիրներից մինչեւ օպտիմալացում: Վերջինիս առնչությամբ պրն Մարտիրոսյանը ասաց, որ օպտիմալացումը նախ անհրաժեշտ էր գյուղական շրջաններին, որտեղ շատ դպրոցներ իրականում գրեթե դատարկ էին: Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա մտահոգությանը, թե դասարանների խտացումից ուսուցման որակը կընկնի, ԿԲԿ տնօրենը պատասխանեց, որ դրա համար ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր են նախատեսված, որոնք կօգնեն ուսուցչին արդյունավետ անցկացնել դասերը: Եվ բերեց Ճապոնիայի դպրոցների օրինակը, որտեղ յուրաքանչյուր դասարանում մինչեւ 50 աշակետ է սովորում: Փաստորեն, ուսուցիչների նոր սերնդին անհրաժեշտ է վերապատրաստում, որպեսզի նրանք կարողանան 30-35 հոգու հետ նորմալ դաս անցկացնել: Մինչդեռ ավագ սերնդի մեր ուսուցիչները, որոնց օպտիմալացմամբ կրճատեցին առաջի՛ն հերթին, որակյալ շրջանավարտներ էին տալիս՝ դասարանում ունենալով մինչեւ 40-42 աշակերտ: Համեմատությունը արդեն թերեւս անիմաստ է, քանի որ մեր նոր կրթակարգը խորհրդային տարիների հետ այլեւս հեռավո՛ր նմանություն ունի միայն: Եվ մեր սերունդներն այսուհետ 12172ամյա կրթությամբ՝ թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով, կրկնօրինակելու են ամերիկացիներին, որոնք 10-րդ դասարանում նոր միայն «աշխարհագրություն» են անցնում եւ դպրոցն ավարտելով՝ սեփական նահանգից դուրս գրեթե ոչինչ չեն ճանաչում: Սակայն, ըստ պրն Մարտիրոսյանի, 12-ամյա կրթությունը ենթադրում է յուրաքանչյուր առարկայի առավել մանրակրկիտ ուսումնասիրություն եւ կարող է ռեպետիտորության դեմ պայքարի մի ձեւ դառնալ: Հարցերից մեկն էլ առնչվում էր Վերջին զանգի տոնակատարություններին: Առաջարկ կար՝ շրջանավարտների համար կազմակերպել կոնկրետ միջոցառում, որպեսզի նրանք փողոցներով չթափառեն: Սակայն Վ. Մարտիրոսյանը բոլորովին դեմ չէ ընդունված ձեւերին եւ ընդունում է այն, ինչ տվյալ պահին հարմար է շրջանավարտին: Նա հիշեց, թե ինչպես 2 տարի առաջ Ֆրանկֆուրտում ականատես է եղել Վերջին զանգի արարողությանը, երբ փողոցներում կատարյալ խառնաշփոթ էր տիրում, եւ խորհուրդ է տալիս այդ ամենին քննադատաբար չմոտենալ, այլ Վերջին զանգը դարձնել մշակույթ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել