Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաջորդը մեզ կքննադատի ՆԱՏՕ-ն

Մայիս 22,2004 00:00

Հաջորդը մեզ կքննադատի ՆԱՏՕ-ն Միացյալ ընդդիմության երեկվա հանրահավաքում հնչած հիմնական պահանջներից մեկն էր՝ անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, որոնց թիվը, ընդդիմության տվյալներով՝ 16-ն է: Ռոբերտ Քոչարյանն օրերս արած իր մի քանի հայտարարություններով հերթական անգամ հարուստ նյութ էր տվել ընդդիմությանը: Վերջինս երեկվա իր հանրահավաքում անդրադարձավ դրանցից մասնավորապես մեկին՝ «աշխարհը չի հասկանում՝ ինչ է ուզում Հայաստանի ընդդիմությունը»: «Մենք չենք ուզում ապրել բռնապետության պայմաններում: Մենք ժողովրդի հետ միասին ուզում ենք կերտել ժողովրդավարական երկիր, իրավական պետություն, ապահովել օրենքի գերակայությունը եւ մեր քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների լիարժեք ապահովում: Սա է մեր ժողովրդի ցանկությունը: Իսկ դրա համար պետք է լուծել մեկ խոչընդոտ. Ռ.Քոչարյանը պետք է հեռանա»,- ասաց Ա.Բազեյանը, որի այս հայտարարությունը համեմվեց՝ «Ռոբերտ հեռացիր» վանկարկություններով: Ռ.Քոչարյանի հիշյալ հայտարարությանն անդրադառնալով Ա.Զ. Սարգսյանը նկատեց, թե միջազգային հանրությունն ու այլ պետությունների ղեկավարները շատ էլ լավ հասկանում են, թե ինչ է ուզում հայաստանյան ընդդիմությունը, որովհետեւ վերջիններս լինելով ԵԽ անդամ պետություններ՝ 2003-ի նախագահական ընտրությունների առնչությամբ արդեն երկրորդ տարին է բանաձեւեր են ընդունում՝ հստակ նշելով, որ Ռ.Քոչարյանի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, որ երկրում այլընտրանքային ԶԼՄ-ներ չկան, որ ոտնահարվում են մարդու իրավունքները: Նույնն արել է նաեւ ԱՄՆ Պետդեպը: « Նրանք հասկանում են, պարզապես ուզում են իմանալ, դուք գիտե՞ք, թե՞ չէ: Ձեռ են առնում»,- դիմելով Ռ.Քոչարյանին նկատեց Ա.Զ. Սարգսյանը: Նա նաեւ հայտարարեց. ապրիլի 12-ին ընդդիմությունը Բաղրամյան պողոտա էր գնացել Քոչարյանին հասկացնելու, թե ինչ է ընդդիմության ու ժողովրդի ուզածը, բայց նրանց ջրցաններով եւ փշալարերով դիմավորեցին: «Բայց մենք մեծահոգի ենք եւ, եթե Ռ.Քոչարյանն ուզում է հասկանալ, թե իրենից ինչ է ուզում ընդդիմությունը, թող խնդրի՝ մենք էլի կգնանք Բաղրամյան պողոտա եւ կբացատրենք»: Հանրահավաքի մյուս սուր թեման, որը՝ դատելով մասնակիցների արձագանքից, միահամուռ աջակցության արժանացավ՝ Կոմկուսի ներկայացուցիչ Հասմիկ Գյոդուկյանի պահանջն էր ընդդիմությունից. իշխանության գալուց հետո նրա առաջին քայլերը պետք է լինեն. «բոլոր նրանք, ովքեր մեզ այս օրն են հասցրել՝ պատժվեն, եւ, որ պետականորեն պահանջվի, որ այն ողջ կապիտալը, որ տարիներով տարվել եւ կուտակվել է դրսում՝ բերվի Հայաստան»: Այս պահանջը զարգացրեց ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը՝ հայտարարելով, որ օրինական իշխանությունների հաստատման պարագայում իրենք մտադիր են ԱԺ-ում օրենք ընդունել «Ազգայնացման մասին» եւ, որ ժողովրդից կողոպտված փողերը պետք է նրան վերադարձվեն օրենքով: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը մեջբերեց ՆԱՏՕ-ի վեհաժողովի կողմից նախապատրաստվող մի զեկույց, որը վերաբերում է Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին: «Այդ զեկույցը վերաբերում է այդ երկրների 10 տարվա անկախությանը: Երեք պետություններում էլ վիճակը շատ վատ է, տնտեսական զարգացում չկա, կոռումպացված են, ժողովրդավարական չեն: Միաժամանակ նշվում է, որ նոր հեռանկարներ են բացվում Վրաստանում՝ կապված «Վարդերի հեղափոխության» հետ, Ադրբեջանում՝ կապված նավթի վաճառքից ստացվելիք եկամուտների հետ, Հայաստանում՝ կապված ներկա քաղաքական ճգնաժամի հետ: Այ սա է գնահատականը՝ ոչ թե կայուն ճահճացում, կայուն բռնապետություն, այլ՝ կայուն ժողովրդավարություն, որի հիմքերի խարխլողը Ռ.Քոչարյանն է»,- ասաց Շ.Քոչարյանը՝ հակադարձելով կայունությանը վերաբերող Ռ.Քոչարյանի հայտարարություններին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել