Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍՈՒՐԲ ԳԻՐՔ ՄԻ՛ ԴԱՐՁՐԵՔ

Մայիս 22,2004 00:00

ՊԵՏԴԵՊԻ ԶԵԿՈՒՅՑԸ ՍՈՒՐԲ ԳԻՐՔ ՄԻ՛ ԴԱՐՁՐԵՔ Երեկ խորհուրդ տվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը՝ հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբին: Նրա խոսքում հստակ միտում զգացվեց՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի վերաբերյալ բանաձեւի պահանջների չկատարումը պատճառաբանել ընդդիմության գործողություններով. «Նույն հարցերը Հայաստանի առջեւ դրված էին ԵԽԽՎ հունվարի 26-ի փաստաթղթում եւ անմիջապես դրանից հետո սկսվեց ընդդիմության գործունեության հանրահավաքային ակտիվ փուլը: Իսկ հանրահավաքային փուլում այդ տիպի պարտավորությունները կատարելը շատ դժվար է: Այսինքն՝ ակնհայտ է, որ պարտավորությունների կատարումը դժվարացնելու միտում կա ընդդիմության առնվազն մի մասի մոտ»: Ստացվում է, քանի որ իշխանություններն ուղղակի չեն կարող հանրահավաքներին մասնակցելու համար չձերբակալել մարդկանց, վարչական կալանքներին վերջ տալու ԵԽԽՎ պահանջներից հետո ցույցեր հրավիրելով՝ ընդդիմությունը սադրում էր բանաձեւի տապալումը: Սակայն Վահան Հովհաննիսյանն այն կարծիքին էր, թե իշխանությունն անգամ միակողմանի պետք է կատարի իր վրա դրված պարտավորությունները: Թե ինչպես պետք է հասցնեն այդ ամենը մինչեւ ԵԽԽՎ հունիսի 21-25-ի նստաշրջանը՝ չպարզաբանվեց: Ասենք՝ բանաձեւի այն դրույթը, որ վերաբերում է հանրահավաքներին մասնակցելու համար կալանավորված անձանց անմիջապես ազատ արձակելուն՝ շարունակաբար անտեսվում է: Եվ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որ ժամանակին հացադուլ էր արել Վահան Հովհաննիսյանի ազատ արձակմանը զորակցելով, այժմ էլի հացադուլ է անում՝ ԵԽԽՎ բանաձեւի անհապաղ կատարման ենթակա դրույթներն ի կատար ածելու պահանջով: Պարզվեց, որ ՀՅԴ Բյուրոյի անդամն այժմ պատասխան հացադուլ չի ձեռնարկելու, իսկ Սուրեն Սուրենյանցի քայլի առնչությամբ էլ ասաց. «Հացադուլ հայտարարելը յուրաքանչյուր քաղաքացու անձնական գործն է»: «Առավոտի» հարցին՝ համարո՞ւմ է, արդյոք, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ, եւ եթե ոչ՝ ինչո՞ւ էին ընդդիմության կալանավորված գործիչների ազատ արձակման խնդրի լուծումը պայմանավորում քաղաքական երկխոսությամբ՝ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, թե օրակարգում այդ հարցը ներառել էր ոչ թե կոալիցիան, այլ ընդդիմությունը. «Հետո մոռացան ու օրակարգի մեջ առաջարկեցին ընդամենը «ճգնաժամի քննարկում» հարցը, որ որեւէ ենթատեքստ չի պարունակում քաղբանտարկյալների մասին: Ու մինչեւ չհնչեն դատավճիռներ կամ առնվազն մեղադրական եզրակացություններ՝ մենք չենք կարող անել նման հաստատումներ»: Իսկ հանրահավաքների կապակցությամբ բերման ենթարկվածների մասին էլ ասաց. «Համարում եմ նորմալ, եթե մարդկանց նախազգուշացնում են, որ ձեր միտինգը հանկարծ ագրեսիվ բնույթ չկրի»: Ի դեպ, նա պնդեց, թե ճգնաժամ կա, բայց միայն ընդդիմության գործողություններում. «Այն ինքն իրեն, ցավոք, հասցրել է փակուղու: Ակնհայտ է փորձը՝ սեփական ներքին ճգնաժամը փոխանցելու ամբողջ հանրապետության վրա»: ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ օրենսդրական գործունեությունը բոյկոտող ընդդիմադիրները կարող են զրկվել մանդատներից. «Եթե պատգամավորը կամ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ աշխատանքը՝ նա պետք է բոյկոտի յուրաքանչյուր առանձին վերցրած քվեարկությունը՝ այդ մասին հայտարարելով, այլապես կանոնակարգով յուրաքանչյուր բաց թողնված քվեարկություն դիտվում է որպես անհարգելի բացակայություն»: Թեեւ ասաց՝ չգիտի, արդյոք այս հարցը կհայտնվի՞ ԱԺ օրակարգում. «Բայց եթե մտնի օրակարգ՝ կլինի օրենքի սահմաններում»: Հիշեցրինք, որ երբ ընդդիմությունն ու նաեւ ՀՅԴ ներկայացուցիչը 1996-1998-ին բոյկոտում էին խորհրդարանի աշխատանքները՝ նրանց այդ իրավունքը հարգվում էր, ու բացակայությունները համարվում էին հարգելի: Ուստի չի՞ կարծում, որ եթե դիմեն լիազորություններից զրկելու քայլին՝ նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ համեմատությունն իրենց օգտին չի լինի: «Ես չասացի, թե մենք կդիմենք նման քայլի: Ասում եմ, որ օրենքով նման հնարավորություն գոյություն ունի: Իսկ թե ինչպես կվարվի ԱԺ-ն՝ արդեն ոչ թե օրենքի, այլ քաղաքական որոշման խնդիր է: Եվ չեմ կարծում, թե ԱԺ-ն այստեղ կսխալվի,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը:- Այն ժամանակ իրոք հարգելի ճանաչվեցին բացակայությունները, սակայն դա շատ երկար չտեւեց, որովհետեւ դրան հետեւեց նախագահի հրաժարականը»: Հիշեցնենք, որ բացակայությունները հարգելի էին համարվել 1997-ին՝ երկու անգամ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998-ին: Մեր խնդրանքով արձագանքելով ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած հաստատումներին՝ Վահան Հովհաննիսյանը թեեւ ասաց. «Շատ հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում եղած իրավիճակը ներկայացնեմ վարդագույն երանգներով»,- սակայն հավելեց. «Արդար չէ ամեն մի արտասահմանյան լեզվով գրված փաստաթուղթ դարձնել ինչ-որ սուրբ գիրք»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել