Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԵՐԳԻՆ ՀՐՇԵՋՆԵ՞ՐՆ ԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ

Մայիս 22,2004 00:00

«Նոր սերունդ, 21-րդ դար» կազմակերպության եւ «Ռոլ Ռեյ» պրոդյուսերական կենտրոնի համագործակցության արդյունքում արդեն բազմաթիվ փառատոներ եւ համերգներ (այդ թվում՝ բարեգործական) են կազմակերպվել:

Վերջինը «Գարուն-2004» երգի-պարի հանրապետական փառատոնն էր, որ պետք է անցկացվեր դեռեւս մայիսի 8-ին: Համենայնդեպս, «Ռոլ Ռեյ» պրոդյուսերական կենտրոնը ապրիլի վերջին պայմանագիր էր կնքել Մարզահամերգային համալիրի մշակութային կենտրոնի տնօրեն Ռուբեն Հեբոյանի հետ՝ փառատոնը տեղի դահլիճում անցկացնելու վերաբերյալ: Մայիսի 8-ին պետք է միջոցառումը անցկացվեր 2 սեանսով: «Սակայն պրն Հեբոյանը ընդամենը մի քանի օր առաջ տեղեկացնում է, որ միջոցառման առաջին սեանսը հանվում է, եւ իբր մշակույթի նախարարի փոփոխությամբ պայմանավորված՝ իրենց մոտ ստուգումներ են սկսվել: Իրականում մայիսի 8-ին այդտեղ Երկրապահի օրվան նվիրված համերգ էր: Հարգելով երկրապահների տոնը, պայմանավորվեցինք մեր միջոցառումը տեղափոխել մայիսի 15-ին»,- պատմեց «Նոր սերունդ» եւ «Ռոլ Ռեյ» կենտրոնների ղեկավար Ռոլանդ Ռեյը: Համերգի կազմակերպիչները ստիպված հետ են ուղարկում նաեւ մարզերից ժամանած մանկական երաժշտական խմբերին:

«Հեբոյանը հետո ինձ ասաց, որ վախեցել է իր աթոռը կորցնելուց: Մտածել է՝ կասեն՝ էդքան չկա՞ս, չե՞ս կարողանում մի համերգ տեղափոխես: Ես էլ համաձայնեցի մարդու հետ, մտա նրա դրության մեջ եւ համերգը տեղափոխեցինք մայիսի 15-ին»,- պատմեց Ռ. Ռեյը: Ըստ նրա՝ մայիսի 11-ին էլ փառատոնի կազմակերպիչներին զանգահարել է Ռ. Հեբոյանի տեղակալը ու հայտարարել, որ իր շեֆի հրամանով ամսի 15-ի համերգն ընդհանրապես հանվում է: «Հետագայում պարզվեց, որ ինքը, բացի վճարված 300 հազար դրամը, մեզանից պահանջում է եւս 150 հազար, ինչը օրինական չէր: Կարծում եմ՝ դա փաստաթղթով չէր էլ երեւալու: Եվ մինչեւ գումարը չտվեցինք՝ միջոցառման օրը կնքված դռները չբացվեցին: Սա առաջին դեպքը չի: Նախկինում Հեբոյանը այդպես է վարվել նաեւ Երիտասարդական պալատի տնօրեն եղած ժամանակ: Դրա համար էլ ներկայումս չկա որեւէ կազմակերպություն, որ ուզենա իր հետ աշխատել: Մնացել է ինչ-որ կրոնական խումբ»,- շարունակեց Ռ. Ռեյը:

Մշակութային կենտրոնի ղեկավար Ռ. Հեբոյանը չընդունելով իր հասցեին հնչած մեղադրանքները, ասաց, որ կենտրոնի ղեկավարությունը ոչ միայն զեղչեր է արել փառատոնի կազմակերպիչներին՝ դահլիճը տրամադրելիս, այլեւ նույնիսկ մեկ օր անվճար է տարածք տրամադրել՝ փառատոնի փորձերի համար:

«Էվելինա Ասատրյանը («Ռոլ Ռեյի» ադմինիստրատորը) մեզանից գոհ է մնացել, որովհետեւ մենք իրենց աջակցել ենք: Զարմանում եմ՝ ինչո՞ւ է դժգոհում Ռոլանդ Ռեյը: Ի դեպ ասեմ, որ երեխաները աթոռ էին կոտրել եւ տարել մեր վարագույրները՝ 3 սենյակներից»,- ասաց պրն Հեբոյանը:

«Մեզ հետ դահլիճը վարձակալելու պայմանագիր է կապել անհատը՝ Էվելինա Ասատրյանը, ոչ թե որեւէ կենտրոն: Կան մուծման կտրոնները, իրենք 2 օրվա համար վճարել են 400 հազար դրամ, սա այն դեպքում, երբ մեզ մոտ 1 ժամն արժե 140 հազար դրամ»,- պարզաբանեց փոխտնօրեն Ռուբեն Սարգսյանը: Իսկ ինչ վերաբերում է դահլիճի դռները կնքելուն, Ռ. Սարգսյանի խոսքերով՝ «դա արվել է Արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության պետ Լ. Դավթյանի կարգադրությամբ, որովհետեւ կենտրոնի համերգային մասը շահագործվում է հակահրդեհային նորմերի ու կանոնների խախտումներով»:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել