Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹԵՑ ՓԱՌՈՒՆԱ՞Կ ԿԵՐՊՈՎ»

Մայիս 22,2004 00:00

«Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Աղասի Արշակյանը 1988-ից է ճանաչում Արամ Կարապետյանին, վատ կարծիքի չէր նրա մասին եւ այժմ ափսոսանքով է հետեւում նրա քայլերին:

«Ամեն քայլ անելուց առաջ արժե հարց տալ՝ իսկ ո՞ւմ է ձեռնտու,- խորհուրդ է տալիս Աղասի Արշակյանը:- Ուղղակի զարմացած եմ Արամ Կարապետյանի քայլերից: Ինքն իրեն չի՞ տալիս այդ հարցը, ո՞վ է այս ամենից օգտվելու: Պատասխանում եմ՝ իհարկե, իշխանություններին է ձեռնտու, հետեւաբար՝ ինչո՞ւ է նեղանում, երբ իր գործողությունները գնահատվում են որպես «պրոիշխանական»: Հասկանում եմ, որ ձգտում ունի ազդեցիկ տեղ ունենալու քաղաքական դաշտում, բայց ա՛յս ձեւով չէ, որ նա պետք է հասնի դրան»: Առարկեցինք, թե Արամ Կարապետյանի գործողությունները բավական տրամաբանական են՝ նրան մեղադրել են գործակալ լինելու մեջ, ինքն էլ, ինչպես խոստովանում է՝ «փորձում եմ պարզել, թե որ երկրի գործակալ եմ հանդիսանում, որը չի վճարում ինձ գործակալի աշխատանքի դիմաց» եւ իր պատիվը ձգտում է պաշտպանել դատարանում: Աղասի Արշակյանն ի պատասխան ասաց. «Արամ Կարապետյանն իր հայցում պահանջել է հերքել նաեւ այնպիսի արտահայտություններ կամ փաստեր, որոնք որեւէ կերպ չեն ավելացնելու նրա հեղինակությունը, եթե կրկնվեն մի քանի անգամ: Կամ՝ ինչպե՞ս կարելի է հերքել մի բան, որն իրենից ներկայացնում է քաղաքական գնահատական: Օրինակ՝ հայցում նա մեջբերել է Ալեքսան Կարապետյանի խոսքից. «Ազնվությունից բարբաջող քաղաքական այս շառլատանի փուչիկն անփառունակ կերպով պայթեց»: Արամ Կարապետյանը պահանջում է, որ դատարանում ապացուցվի այս պնդման իսկությունը: Մտածում եմ՝ ասենք ես լինեի այս հայցով պատասխանողը, դատարանում կհարցնեի՝ սիրելի՛ Արամ, ես ի՞նչը ապացուցեմ կամ հերքեմ. ասեմ, որ քաղաքական շառլատա՞ն չեք, թե՞ որ փուչիկն էլ անփառունակ չի պայթել, այլ փառունակ կերպով է պայթել»:

Աղասի Արշակյանը կարծում է, թե հայցը սխալ է ձեւակերպված եւ չէր կարող ընդունվել քննության. «Նա ընդամենը պետք է պահանջեր, որ դատարանը պարտավորեցնի պատասխանող կողմին տպագրել հերքում այն լրատվամիջոցներում, որտեղ ըստ իրեն՝ իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող հրապարակումներ կան: Ավելին՝ անգամ թերթերի ներկայացուցիչներին չի հրավիրել որպես հարակից պատասխանողներ, որ դատարանը կարողանա պարզել՝ գուցե մեկին-մե՞կ չեն վերարտադրել Ալեքսան Կարապետյանի ասույթները»:

Մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց նաեւ այլ հանգամանքի վրա, որ Արամ Կարապետյանը չէր փորձել պատասխանատվության կանչել իր գործակալ լինելու մասին ավելի վաղ ուղղակի կամ անուղղակի պնդումներ անողներին. «Ո՛չ քաղաքագետ Հրաչ Գալստյանից, ո՛չ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանից, որն Արամ Կարապետյանի մասին «Կենտրոնի» եթերից ասաց. «Ես եկել եմ Ռուսաստանից, իսկ նրան ուղարկել են»՝ պատիվ չպահանջեց: Թերեւս այն պատճառով, որ նրանց հետ չի մրցակցում, եւ շահելու բան չունի այդ վեճից: Բայց երեւի իրեն թվում է, որ եթե վիճի Գեղամյանի հետ՝ կավելանա՞ իր հասարակական կշիռը: Լուրջ կասկածում եմ: Երբ նա մեղադրեց ընդդիմությանը՝ դրան հետեւեցին այս պատասխանները: Չէ՞ որ սկզբում նա՛ ասաց, թե ընդդիմությունն իր գործողություններով թուլացնում է հանրապետության նախագահի դիրքերն արտաքին քաղաքական միջավայրում: Հիմա ուզում եմ հարցնել. եթե ինքն ընդդիմադիր է՝ իր նպատակը ո՞րն է՝ որ ուժեղանա՞ն Ռոբերտ Քոչարյանի դիրքերը: Եվ եթե դա է իր նպատակը՝ բա էլ ինչո՞ւմ է մեղադրում Գեղամյանին կամ Կարապետյանին, ովքեր ասում են, թե Արամ Կարապետյանը հանդես է գալիս իշխանության դիրքերից կամ նրանց դրածոն է»:

Աղասի Արշակյանը նաեւ նկատեց. «Ինչ է, չտեսա՞ք՝ ինչ «պերեդոզիրովկայի» մեջ էին ընկել իշխանական լրատվամիջոցները՝ ուղղակի «կայֆից» մեռնում էին Արամ Կարապետյանի դատարան դիմելու լուրը հաղորդելուց»: Թեեւ անկեղծ ասած՝ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար էլ պակաս բավականություն չէ լսելը, թե Արամ Կարապետյանն ինչպես է անընդհատ համոզում, թե Գեղամյանն ունի լսողության խնդիր, քանի որ ինքն ասում է ոչ թե «Փալաքալ», այլ «Փարաքար»: Ի դեպ, «Փալաքալ» հնչողությունը, որ այդքան նեղացրել է Արամ Կարապետյանին՝ նրան ավելի վաղ վերագրել էին Աղվան Վարդանյանն ու էլի շատերը, բայց նա էլի պատիվ չէր պահանջել: «Հիմա սա անուղղակի ապացույց չի՞, որ Արամ Կարապետյանը վերջին 10 տարվա բնակվող է, բայց վերջին 5 տարվա բնակվող չէ,- ասում է Աղասի Արշակյանը:- Մարդ, որ քաղաքական նկատառումներով իջեցվեց ասպարեզ, ընդդիմությունից խլեց ձայների 3 տոկոսը, նաեւ օգտագործվեց մեկ այլ՝ 10 տարվա չբնակվողի կամ քաղաքացիություն չունեցող թեկնածուին լեգիտիմացնելու համար: Իսկ հետո, երբ չափն անցավ՝ պարզվեց, որ չուներ անգամ 5 տարվա բնակության ցենզ»:

Եվ վերջաբանի համար եւս մի խորհուրդ Աղասի Արշակյանից՝ հատուկ Արամ Կարապետյանի համար. «Դեպի նպատակ սլացողին բեռ դառնալը կամ ոտքերի տակ խճճվելն ազնիվ չէ նույնի՛սկ քաղաքականության մեջ»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել