Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեփական նախաձեռնությամբ այցելեց «Հ.Էդ.Հայաս» ԲԲԸ տրիկոտաժի եւ կարի ձեռնարկություն։
Լրագրողներին առաջարկվեց նախագահին միայն տնտեսության վերաբերյալ հարցեր տալ։ Առաջարկը չընդունվեց, սակայն լրագրողների սպասելիքներն էլ առանձնապես չարդարացան։
1981թ. հիմնված ձեռնարկության սեփականատեր եւ վարչության նախագահ Էդուարդ Հարությունյանից նախ տեղեկացանք, որ 240 աշխատողով, 30-35 հազար դրամ միջին աշխատավարձով ընկերության արտադրանքի 80-90%-ը արտահանվում է Ռուսաստան (մանկական տրիկոտաժ), Ֆրանսիա (միայն Փարիզ, կանացի վերնազգեստ), ԱՄՆ (որսորդական, զինվորական, մարզական հագուստ)։
Ընկերության ղեկավարի հետ արտադրամասերով շրջելուց եւ խորհրդակցելուց հետո իր տպավորությունները ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը։ «Անցած տարվա հետ համեմատ, իրենց ծավալները 3 անգամ աճել են։ Այցի նպատակը ոչ միայն արտադրությանը ծանոթանալն է, այլ սեփականատիրոջ, աշխատեցնողի հետ քննարկելը՝ ի՞նչն է խանգարում, լրացուցիչ ի՞նչ կարող ենք անել բիզնեսը խրախուսելու համար։ Երկու շաբաթվա ընթացքում կառավարության պաշտոնյաները կներկայացնեն մեր դիրքորոշումը թեթեւ արդյունաբերության համար»,- տեղեկացրեց Ռ. Քոչարյանը։ Իսկ բացահայտված խոչընդոտ- խնդիրներն են. արտադրող-վաճառող կապի վատ աշխատանքը, սարքավորումների ներկրման վրա ԱԱՀ-ի կիրառման խանգարող ազդեցությունը։ Կապը առավել արդյունավետ դարձնելու համար «գուցե ավելի հաճախակի ցուցահանդես կազմակերպենք, որ իրար գտնեն եւ պայմանագիր կնքեն»։ Նաեւ դրսի ցուցահանդեսներին կմասնակցենք՝ օրինակ, Ճապոնիայում «Էքսպո-2005»-ին, նաեւ արտահանումը խթանելու համար։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ գործարարի հետ չի՞ քննարկել քաղաքական զարգացումների հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա։ «Այն, ինչով դուք շատ եք մտահոգված… մեր գործարարները շատ ավելի պարզ հաշվարկներ ունեն, միգուցե հողին կպած բնազդ, որով զգում են, որ այդ զարգացումները Հայաստանում իրենց բիզնեսին որեւէ վտանգ չեն սպառնում, որովհետեւ նման լուրջ զարգացումներ ոչ ոք չի ակնկալում։ Եղա՞վ»,- պատասխանեց նախագահը։ Իսկ «երբ դրսում ձեզ ասում են՝ ընդդիմությունն ի՞նչ է ուզում, ի՞նչ եք պատասխանում» հարցը Ռ. Քոչարյանը թողեց անպատասխան։
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ