Քաղաքական ուժերը երեկ հերթական անգամ բանավիճում էին
«Քաղաքական բանավեճի ակումբը» երեկ նախաձեռնել էր «Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը» թեմայով քննարկում։ Այն ընթացավ դասական եղանակով։ Օրինակ, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը մանրամասնորեն ներկայացրեց մեր երկրի ձեռքբերումները (հատկապես՝ օրենսդրական դաշտում) Եվրոպային ինտեգրվելու ճանապարհին։ Ի դեպ, արձանագրելով, որ 90-ականների առաջին կեսին «կարող էինք ավելի ակտիվ աշխատել եւ այսօր առավել բարձր արդյունքներ կունենայինք»։ Այս տեսակետն արտահայտելով՝ ԱԺ փոխխոսնակն, իր ներկայացմամբ, ոչ ոքի չէր ուզում մեղադրանք ներկայացնել։ Ընդամենը՝ «փաստն եմ արձանագրում»։ Խոսելով ԵԽ ԽՎ 1374 բանաձեւի մասին, պարոն Թորոսյանը խոստովանեց, որ դա արդյունք էր թիվ 1361 (հունվարյան) բանաձեւի անտեսման, իհարկե՝ հիմնական մեղքն ընդդիմության վրա բարդելով։ Այս համատեքստում, թիվ 1374 բանաձեւի կատարման առումով այսպես խոսեց. «Երկխոսության փորձեր արվել են, բայց դրանք անկեղծ չէին, մինչդեռ երկխոսությունն այսօր էլ է անհրաժեշտ։ Սա մեզ համար դրական չէ՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության։ Խնդիրը բոլորինս է, երկրինն է։ Հուսով եմ, միասին ամեն ինչ կանենք սեպտեմբերին պատվիրակության լիազորությունների դադարեցման հարց չառաջանալու համար»։ «Մեղավորներ փնտրելու վրա չպիտի կենտրոնանանք, այլ երեւույթները բացահայտելու»,- համատեղ լվացք անելու հերթական առաջարկն արեց Տ. Թորոսյանը։ Ապա ընդդիմության հայտնի տեսակետները մեկ անգամ եւս շարադրեց Շավարշ Քոչարյանը։ «Կատարո՞ւմ, թե՞ իմիտացիա» ենթավերնագրված իր ելույթում նա հանգեց նրան, որ Հայաստանը ոչ թե ամեն ինչ անում է, որ ինտեգրվի Եվրոպային, այլ իմիտացիա է ստեղծում։ «Այսքանից հետո՝ երեկ էլ մարդկանց տարել են ոստիկանություններ։ Թորոսյանն էլ ասում է, թե երկխոսության ձգտումն անկեղծ չէր։ Իշխանությունների քայլե՞րն են անկեղծը, երբ ցուցակով ձերբակալում են ընդդիմադիրներին»,- ասաց Շ. Քոչարյանը։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «տնավարի» բնութագրեց իրավիճակը. «Ալկաշը կնոջը մեղադրում է, թե ինչու է տնից կեղտը հելել-գնում, բայց չի մտածում, որ ինքն էլ իր երեխեքի հացի փողն է խմում»։
ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը պարտավորությունների կատարումը՝ ձեւական առումով, «լավ» գնահատեց։ «Բայց, եթե այդքան լավ է, ինչո՞ւ է այսքան վատ»՝ հարց հնչեցրեց նա ու ինքն էլ պատասխանեց. «Քաղաքական որոշումների վրա ուղղակի ազդեցություն ունեցող անձինք եւ ուժերը պետք է մտածեն՝ ի՞նչ անել։ ԵԽ ԽՎ բանաձեւերը ոչ թե լուծումների տեղիք տվեցին, այլ առճակատումը խորացնելու»։ 1374 բանաձեւը, ըստ Խ. Հարությունյանի, սթափության կոչ պետք է լիներ, բայց «կողմերն այն օգտագործեցին սեփական քաղաքական ձեռքբերումներն ամրագրելու համար»։ Ուստի, ՔԴՄ նախագահը կողմերին «անպատասխանատու» որակեց։ Երկխոսության վստահության մթնոլորտի ստեղծման պատասխանատվությունը իշխանությունների ուսերին դնելով՝ Խ. Հարությունյանն ընդդիմության մասին հետեւյալ կարծիքն արտահայտեց. «Ընդդիմությունն էլ առիթ է ման գալիս երկխոսություն չսկսելու համար»։ Ի դեպ, իշխանության՝ ձերբակալվածներին ազատ արձակելու, մարդկանց ազատ տեղաշարժին չխոչընդոտելու, ծեծ ու ջարդ կազմակերպողներին պատժելու շարքում Խ. Հարությունյանը «ծիծաղելի» որակեց մայիսի 5-ին լրագրողներին ծեծի ենթարկած անձանց չհայտնաբերելը. «Նկարը տպագրվեց, հասցեն գիտեն, ավտոյի համարը գիտեն, բայց չեն կարողանում բռնել»։ «Անորսալի Ջո» ռուսերենով ռեպլիկ նետեց ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ