Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանն անցանկալի հղի է»

Մայիս 21,2004 00:00

«Հայաստանն անցանկալի հղի է» Այդպես է կարծում նախկին ոստիկանը «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած կլոր սեղանը նվիրված էր ԵԽԽՎ 2004 թվականի ապրլի 28-ի 1374 բանաձեւին եւ առանձնացավ, թերեւս փոքր172ինչ կոպիտ, սակայն դիպուկ նկարագրություն-գնահատականներով: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը տարակուսանք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները համաձայն են բանաձեւի բովանդակային մասին, իսկ նկարագրականին՝ ոչ: Մինչդեռ, ըստ բանախոսի, դրանք տրամաբանական կապ ունեն եւ մեկը մյուսից է բխում: «Ժողովրդավարություն-քաղաքագիտական եւ իրավական ուսումնասիրությունների կենտրոնի» նախագահ Վարդան Պողոսյանն էլ այն կարծիքին է, որ ՍԴ որոշած վստահության հանրաքվեն կարելի է անցկացնել ոչ միայն կեղծված ընտրությունների պատճառով, այլ՝ իշխանության վարած քաղաքականությունից դժգոհության հիմքով. «Բանաձեւի իրականացումը կբերի Հայաստանի բարգավաճմանը»,- հայտարարեց Վ. Պողոսյանը: Մինչդեռ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» նախագահ Աղասի Ենոքյանը համոզված է, որ բանաձեւի ընդունումից հետո ՀՀ իշխանությունները ոչինչ չեն արել ԵԽԽՎ պահանջները իրականացնելու համար եւ չեն էլ ցանկանում անել: Եվ ինչպես բանաձեւի կոչ՝ ընդդիմություն-իշխանություն երկխոսության փոխարեն իմիտացիա եղավ, այնպես էլ ԵԽԽՎ մյուս պահանջների դեպքում «իշխանությունները կամ կփորձեն պատճառներ գտնել, թե ինչու չեն կատարում, կամ իմիտացիա կստեղծեն, թե կատարում են: Սա մեր քաղաքական իրականությունն է. ինչպես խաբել, «շուստրիություն» անել»: Իսկ այս ամենը մի նպատակ ունի՝ մեկուսացնել Հայաստանը՝ «իմ երկիրն է՝ ինչ կուզեմ կանեմ»: Մեկուսացման քաղաքականության դրսեւորումներից են նաեւ Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերություններ կարգավորելու չկամությունը: Ըստ Ա. Ենոքյանի, մեկուսացման քաղաքականությանը զուգահեռ, ՀՀ իշխանությունները միտումնավոր վարում են «Եվրոպային փչացնելու քաղաքականություն», մասնավորաբար հասարակությանը մատուցելով, որ Եվրոպայի մեզ տվածը միայն կրոնական եւ սեռական փոքրամասնությունների ազատությունն է: Իսկ եթե սեպտեմբերին ԵԽԽՎ-ն Հայաստանին դուրս հրավիրի Եվրոպայից՝ կկարեւորվի այլ հարց. Հայաստանը պարտավոր չի լինի կատարել ԵԽԽՎ պահանջները եւ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին հետեւելու լծակ չի լինի: ԵԽ Գլխավոր քարտուղարի Հայաստանում հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան էլ վստահեցրեց, որ բանաձեւի հիմնական ոգին ԵԽ չափանիշներով՝ ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում քաղաքական երկխոսությունն է, «քանի որ դա ողջ Եվրոպայի շահերից է»: Ն. Վուտովան տեղեկացրեց նաեւ, որ իրենք անհամբեր սպասում են ԵԽԽՎ բանաձեւի կատարման վերաբերյալ իշխանությունների տեղեկություններին եւ Հայաստանի հարցով զեկուցողների օր առաջ ժամանմանը: «Օրենքի ուժ» հ/կ նախագահ, նախկին ոստիկան Նարեկ Մալյանը նախ համոզված հայտարարեց, որ ապրիլի 5-ին «Նաիրի» կինոթատրոնի մատույցներում լրագրողների դեմ բռնություններին ներկա 800-1000 ոստիկանները չեն միջամտել, որովհետեւ չմիջամտելու հստակ հրաման են ունեցել. «պետք է պարզել, թե ով է հրաման տվել եւ ոչ թե ստվեր գցել ոստիկանի ինստիտուտի վրա»: Ըստ Նարեկ Մալյանի, Հայաստանի ներկա վիճակը անցանկալի հղիություն է, որը երկար թաքցնել չի լինի, բայց որից հնարավոր էր խուսափել: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն էլ ասաց՝ «հասարակական կազմակերպությունների ակտիվությունը նշանակում է, որ այսօր եվրոպական նվազագույն չափանիշներ չբավարարող Հայաստանը պատրաստ է ապրել եվրոպական չափանիշներով: Խոչընդոտը իշխանությունն է: Քաղաքական պայքարը ցլամարտ չէ, որ ընդդիմությունը մենակ գնա, անհրաժեշտ է հասարակության աջակցությունը»: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել