Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիբիրախտը շարունակվում է

Մայիս 21,2004 00:00

Սիբիրախտը շարունակվում է Շիրակի մարզի Այգաբաց գյուղում կարանտինը շարունակվում է: Պատճառը, ինչպես հայտնի է, տարածված սիբիրախտն է: Մեր տեղեկություններով, ընդամենը չորս օր առաջ դարձյալ սատկել է մեկ անասուն, իսկ մարդկանց վարակվածության դեպքեր (բացառությամբ մեկից) բարեբախտաբար այլեւս չեն գրանցվել: Ներկա պահին խստիվ արգելված է գյուղատնտեսական ապրանքների արտահանումը հարեւան համայնքներ, միաժամանակ դադարեցվել է կառավարության կողմից տրամադրվող օգնությունը՝ պարարտանյութի, կարտոֆիլի, շաքարավազի եւ այլնի տեսքով: Պարզվում է, օգնությունն էլ օգնության նման չի եղել: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Վարդան Պետրոսյանը հայտնեց, որ կարտոֆիլի 7-8 տոկոսը փչացած էր: Սա, բնականաբար, շատ է զայրացրել նյութական ճգնաժամի մեջ հայտնված այգաբացցիներին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սեփական կառավարությունից հիասթափված, գյուղացիները ցանկություն հայտնեցին թողնել Հայաստանը: Ինչպես պարզաբանեց գյուղապետ Գագիկ Ալթունյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում, նման ցանկության պատճառը պատվաստման ուշացումն էր: Իսկ մարզպետարանի գյուղատնտեսական վարչությունից մեզ տեղեկացրին, որ այլեւս նման խնդիր չկա: Ութ օր է՝ պատվաստումը սկսված է: Արդեն պատվաստվել է 510 գլուխ մանր եղջերավոր անասուն, ըստ հրահանգի՝ շիճուկ ստանալուց հետո կպատվաստվի խոշոր եղջերավորների գլխաքանակը, որը կկազմի մոտ 700 գլուխ: Գլխավոր մասնագետ Վարդան Պետրոսյանը հավաստիացրեց, որ գյուղացիների կրած նյութական վնասներից կաթի փոխհատուցումը լիարժեք կատարվել է: Երեկ բաժանվել է վերջինիս համար նախատեսված գումարը՝ մեկ լիտրը հաշվարկվել է 100 դրամ: Իսկ թե ինչու շրջափակման մեջ հայտնված Այգաբացում կառավարությունն այդքան վաղ դադարեցրեց օգնությունը, մեր հարցից մարզպետարանի պաշտոնյան շատ զարմացավ. «Օգնությունը հո հարատեւ չի, անընդհատ որտեղի՞ց օգնեն»: Բժիշկ-մասնագետների հավաստմամբ, փոխարենը հարատեւ է սիբիրախտը ու անորոշ՝ այգաբացցիների վիճակը: Ակնհայտ է, որ գյուղը բոլոր տեսանկյուններով անապահով գոտի է դարձել: Անգամ նյութական վնասի չափերը դեռ ճշտված չեն: Որոշ մասնագետների վստահեցնում են, որ կատարված հաշվարկները դեռ շատ են փոփոխվելու: Ն. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել