Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

Մայիս 21,2004 00:00

ԻՆՉՊԵՍ ՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ «Վրաստանի նոր տնտեսական դպրոցը» Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ նախաձեռնել է հարավկովկասյան երկրներում տնտեսական ազատության ինդեքսի հետազոտման ցանցի ներդրումը: Մայիսի 18-ին այս թեմայով Թբիլիսիում սեմինար տեղի ունեցավ: Իսկ նոր ինդեքսի ներդրումը ենթադրում է հարյուրավոր երկրների շարքում որոշել նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տնտեսությունների ազատության աստիճանը, ինչն այդ երկրների տնտեսությունները կանխատեսելի կդարձնի, եւ արդյունքում այս երկրներում ներդրումներ կատարելու որոշումները գործարարների համար կլինեն վիճակին համեմատաբար ադեկվատ եւ նվազ ռիսկային: Իսկ տնտեսական ազատության աստիճանի հաշվարկի մեթոդը որոշելու համար Նաումանի հիմնադրամի լիբերալ ինստիտուտի ներկայացուցիչ Սաշա Տամի տվյալներով, տնտեսագետները 8 տարի գլուխ են ջարդել եւ միայն 1995 թվականին են այն որոշել: Ընդ որում՝ դրա շուրջ բանավեճը դեռեւս ավարտված չէ: Ամենասկզբում կողմնորոշվում էին երկրների Համախառն ներքին արդյունքներով, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով եւ այլն: Այժմ տնտեսական ազատության աստիճանը որոշելիս մասնագետները կողմնորոշվում են ավելի կոնկրետ ու բազմակողմանի ցուցանիշներով: Նրանք համեմատում են կառավարական ծախսերի, հարկերի եւ եկամուտների չափերը: Կարեւոր բաղադրիչ է համարվում նաեւ տնտեսության ստվերային հատվածի չափը, սեւ շուկայի առկայությունը: Հաշվի է առնվում նաեւ, թե արդյոք պետական ձեռնարկություններ կա՞ն, եւ թե պետությունն ինչքա՞ն գումար է ծախսում դրանք պահելու համար: Առանձնապես կարեւորվում են սեփականության իրավունքի պաշտպանության, դատական համակարգի անկախության, իրավական համակարգի ամբողջականության վերաբերյալ տեղեկություններն ու տվյալները: Կարեւոր է, թե արդյոք քաղաքական որոշումներին ռազմական միջամտություն կամ գների կարգավորման պրակտիկա կա՞, եւ այլն: Ակնկալվում է, որ այդ բոլոր հաշվարկները պետք է անի որեւէ հասարակական կազմակերպություն կամ հկ-ների խումբ: Երեք երկրների ներկայացուցիչները, բնականաբար, ցանցին միանալու համաձայնություն տվեցին: Հայաստանից այդ աշխատանքն անելու պատրաստակամություն հայտնեց ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Հաշվարկման մեթոդոլոգիայի փոքրիկ տարբերությամբ նմանատիպ մեկ այլ վարկանիշային ցանց եւս գոյություն ունի՝ «Հերիթեյջինը», որտեղ Հայաստանը նկատելի «դիրքային առավելություն» ունի հարեւանների նկատմամբ: Իսկ շարքային վրացիների (ոչ պաշտոնական) տվյալներով, այդ երկրում դեռեւս մեծ է ստվերային եկամուտը, աշխատավարձի՝ այսպես կոչված չարձանագրվող, չհարկվող մասը, իսկ, օրինակ, աշխատանք ունեցողների 70 տոկոսն էլ զբաղված է պետական ու կառավարական մարմիններում: Եվ ընդհանրապես մի շարք ցուցանիշներով Հայաստանն ակնհայտորեն առաջ է իր հարեւաններից: Սակայն մասնագետները համոզված են, որ զարգացման հնարավորությունների տեսակետից Վրաստանն ու Ադրբեջանն անհամեմատ լավ վիճակում են: Առաջինը՝ աշխարհագրական դիրքի, երկրորդը՝ բնական ռեսուրսների շնորհիվ: Ի դեպ, Վրաստանում այժմ մեծ տեմպերով ընթանում է Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարությունը: Տրանսպորտային խնդիրներ ունեցող Հայաստանին էլ մնում է տրանզիտի բարելավման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել: Միեւնույն օրը Թբիլիսիում տեղի ունեցավ նաեւ այս թեմայով սեմինար: Տրանզիտի հետ կապված Հայաստանն այլ երկրների համեմատությամբ բավականին անբարենպաստ վիճակում է գտնվում, որին կանդրադառնանք առաջիկայում: «Վրաստանի նոր տնտեսական դպրոցը» Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հետ միասին տնտեսական ազատության ինդեքսի ցանցի ներդրման շնորհանդեսին լրջորեն էին նախապատրաստվել: Իսկ շքեղ շնորհանդեսը մեծ ծախսերի մասին էր վկայում: Կազմակերպիչները հրավիրել էին նաեւ Վրաստանի կառավարության անդամներին, որոնք կարծես թե տալով նախնական համաձայնություն, այդպես էլ չմասնակցեցին ոչ սեմինարին, ոչ էլ շնորհանդեսին: Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել