Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս 21,2004 00:00

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հանրահավաքից առաջ ոստիկանները ձերբակալում են ընդդիմության ակտիվիստներին եւ խուսափում են լրագրողների հետ շփվելուց: Արտաշատում երեկ առավոտյան 8.30-ի սահմաններում ոստիկանություն էին տարվել 7-8 հոգի. Ստեփան Ստեփանյան, Խաչիկ Չոբանյան (Նորաշեն), Հրաչ Բարսեղյան (Ծաղկաշեն), Ասատուր Աբրահամյան, Բաբկեն Հովսեփյան եւ այլք։ Ոստիկանության Արտաշատի բաժնի առջեւ հավաքված էին նրանց հարազատները, ըստ որոնց էլ, մարդկանց ոստիկանություն են տարել «քնից հանելով, անկողնուց», ասելով, թե՝ պետը հրավիրում է զրույցի։ Աշխատանքային օրվա ավարտին «հրավիրվածները» դեռ ներսում էին։ Լրագրողներին պարզաբանումներ տալու եկավ ոստիկանության Արտաշատի բաժնի պետի տեղակալ, մայոր Կարապետյանը (անունը հրաժարվեց ասել)։ Վերջինս, ինչպես նաեւ բաժնի հերթապահությունում կանգնած կապիտանը ակնհայտորեն լարված էին։ Մայոր Կարապետյանը նախ ասաց. «Առաջին հերթին ես լրատվություն տալու ժամանակ չունեմ, որովհետեւ մենք աշխատանքի մեջ ենք։ Երկրորդն էլ՝ ձերբակալություններ չեն եղել՝ ինչքան ես գիտեմ։ Միայն մեր աշխատանքի բերումով։ Խնդրում եմ սպասեք»։ Հետաքրքրվեցինք՝ թե դա ի՞նչ է նշանակում։ «Ես պարտավոր չեմ մեր հանցագործություններով հաշվետվություն տալ։ Սպասեք՝ կասեն»,- տեղեկացրեց մայոր Կարապետյանը։ Հարազատներին էլ ասաց. «Սպասեք, ես իմանամ ինչի մասին է խոսքը։ Ինձ ասացին լրագրողներ կան՝ իջա»։ 3-4 րոպեի ընթացքում Կարապետյանը հասցրեց ճշտել ու լրագրողներին փոխանցել. «Չունենք ձերբակալվածներ, ունենք հրավիրվածներ, բերվածներ, որ մեր բաժնի աշխատանքներով աշխատում ենք»։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործով են հրավիրվել։ «Ես պարտավոր չեմ դա ասելու, որովհետեւ մենք բազում հանցագործություններ ունենք, ընդհուպ՝ սպանություններ»,-տեղեկացրեց մայորը։ Մայոր Կարապետյանից կրկին հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործով են հրավիրվել. սպանություն, գողություն, կողոպուտ։ «Աշխատանքի բերումով ես չեմ կարող դա ասել»,- պատասխանեց Կարապետյանը, չասելով, թե ով կարող է ասել։ Սրանից հետո Կարապետյանի եւ «հրավիրված» Բաբկեն Հովսեփյանի մոր՝ Վերգուշ Հովսեփյանի միջեւ ծավալվեց հետեւյալ երկխոսությունը։ Սկսեց մայորը. – Խնդրում եմ, մի խանգարեք մեր աշխատանքը։ – Ախր ինչ խնդրել։ Իմ էրեխուն ինչի՞ եք անկողնուց հանել-բերել։ Տվեք՝ տանեմ։ Էդ եմ պահանջում։ Ի՞նչ է արել։ Մա՞րդ է սպանել, գողությո՞ւն է արել։ Իմ արդար էրեխուն բերել են էստեղ։ – Արդարը ոչ մի անգամ օրենքի կողմից չի պատժվել, մայրիկ ջան։ – Տե՞նց ա՝ տե՛նց ա։ Կարող ա էսօր ես էլ ցույցի գնամ։ – Ո՞վ է քեզ խանգարել ցույցի գնալ։ – Խանգարում են։ Շատ։ Բոլոր միլիցայությունները կանգնում են, ճանապարհները փակ են։ – Որտե՞ղ է ճանապարհը փակ։ – Չի՞ եղել առաջի օրերը, ցույցի օրերը։ – Ոչ մի անգամ։ – Եղել ա, սուտ մի խոսեք։ Հետ են տվել։ Նույնիսկ ուսանողները չեն կարողացել դասի գնալ։ Ի դեպ, երեկ Արտաշատի ոստիկանները փորձել են «հրավիրել» նաեւ ՀԺԿ-ական Արամայիս Բարսեղյանին, սակայն վերջինիս տանը չգտնելով, անորոշ ժամանակով «պաշարել» են նրա տունը։ Նույն վիճակն էր նաեւ հանրապետության այլ շրջաններում։ Երեկ Չարենցավանի Արզական գյուղի բնակիչ Սերժիկ Մնացականյանը (ՀԺԿ տարածքային գրասենյակի քարտուղար) եւ Չարենցավան քաղաքի բնակիչ Սաշիկ Սայադյանը («Հանրապետության» քարտուղար) տասնօրյա վարչական կալանքի արժանացան։ Հավանաբար զազրախոսելու եւ իրավապահների պահանջներին չենթարկվելու հիմքերով։ Հավանաբար, որովհետեւ մինչ լրագրողների՝ Չարենցավանի դատարան հասնելը, դատական պրոցեսն արդեն ավարտվել էր։ Դատավոր՝ նույն ինքը երգիչ եւ լուսավորիչ («Առավոտն» առիթ ունեցել է այս դատավորի կենսագրությունը ներկայացնելու) Արիստակես Սիսակյանի գործավարուհին՝ մերժելով լրագրողների՝ դատավորի հետ զրուցելու խնդրանքը, հայտարարեց, որ «նա այլ գործով վճիռ է գրում, Աստված էլ գա, մեր նախարարն էլ գա՝ իրավունք չունեմ անհանգստացնելու»։ Ասվածից մեկ-երկու րոպե հետո դատավորի սենյակի դուռը բացվեց։ Հարգելի դատավորն ընդմիջման էր շտապում։ Լրագրողների խնդրանքին՝ ներկայացնել վճռի հիմքերը, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ 5 ժամ աշխատելուց հետո իրավունք ունեմ գնամ ընդմիջման։ Ես ձեզ ասելու էլ բան չունեմ»։ Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Սերժիկ Մնացականյանը 15 օր առաջ պարոն Սիսակյանի մեկ այլ վճռով 1000 դրամ տուգանքի էր արժանացել։ Իսկ Սաշիկ Սարգսյանին ոստիկանները մի քանի անգամ արդեն զրույցի էին հրավիրել։ Իսկ Չարենցավանի ոստիկանությունում զավեշտալի պատմության մեջ հայտնվեցինք։ Նախ՝ հերթապահը ոստիկանապետին զեկուցելուց հետո, լրագրողներին եւ ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանին տեղեկացրեց, որ պետն ընդմիջում է անում եւ պետք է 30-40 րոպե սպասել։ Ոստիկանին խնդրեցինք շենքի սրահում սպասել, քանի որ դրսում ցուրտ էր եւ անձրեւ։ Սպասումներն անցան առանց զազրախոսության եւ ոստիկանների պահանջներին չենթարկվելու։ Ապա հայտնվեց մի ոստիկան, որը պնդում էր, թե մենք խանգարում ենք իրենց աշխատանքը եւ, որ իրավունք չունենք շենքի տարածքում գտնվելու։ Նա ներկայացավ՝ «կապիտան, առանց ազգանունի»։ 40 րոպե տեւած «փոխհրաձգությունից» հետո, որին ներկա էին բաժնի բոլոր աշխատակիցները, պետի տեղակալները վերջապես տեղեկացրին, որ «պետն այսօր ձեզ չի կարող ընդունել»։ Եվս 2 ժամ տեւած «բանակցություններից» հետո հայտնաբերվեց, որ պետը՝ Մայոր Մանուկյանը, լրագրողներին ու պատգամավորին համառորեն դուրս հրավիրող՝ առանց ազգանվան կապիտանն էր։ Բացահայտման պահին նա արդեն ներկա չէր։ Ոստիկանության լրատվական ծառայությունից ընդդիմությունից ձերբակալվածների մասին որեւէ տեղեկություն չտրամադրեցին։ Իսկ «Արդարություն» դաշինքի երեկվա ժամը 19-ի տվյալներով, ձերբակալվածների թիվը 15-ն էր։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել