Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԴ-ն էլ «Բաքու չի գնա»

Մայիս 21,2004 00:00

ՌԴ-ն էլ «Բաքու չի գնա» ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի երկօրյա այցի հիմնական նպատակը Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ իր «գործընկեր եւ ընկեր» Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների վարումն էր: Ռուս բարձրաստիճանն այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանում: «Մենք կքննարկենք պաշտպանության եւ անվտանգության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ռուս-հայկական փոխգործակցության հարցերի ողջ շրջանակը: Վերջին ժամանակներս մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում եւ ոչ մի մեծ խնդիր, մասնավորապես, ռազմական հարցերում, մեր զորքերի միացյալ խմբավորման փոխգործակցության, 102-րդ ռազմակայանի կենսագործունեության առնչությամբ մենք չունենք»,- ասել է նա: ՌԴ պաշտպանության նախարարին դիմավորել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ նախարարի առաջին տեղակալ Միքայել Հարությունյանը: Պատասխանելով այն հարցին, թե այցելության ընթացքում կքննարկվե՞ն արդյոք ՀՀ-ում ռուսական ռազմակայանի եւ Հայաստանի զինված ուժերի ուժեղացման նպատակով սպառազինությունների մատակարարումների խնդիրները, Ս. Իվանովը նշել է, որ այդ հարցերը պարբերաբար քննարկվում են ՀԱՊԿ շրջանակներում: «Արդեն ընդունվել են ռուսաստանյան ներքին գներով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարումների առնչությամբ բոլոր քաղաքական որոշումները: Բնականաբար, Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ունի գնումների համար բոլոր հնարավորությունները: Ինչ վերաբերում է մեր ռազմակայանին, ապա վերջինիս մատակարարումն իրականացվում է մատակարարման սեփական նորմաներին համապատասխան: Ցանկանում եմ հավաստիացնել, որ այդ ռազմակայանի ապահովվածությունը վատ չէ», հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը: Իսկ ուշ երեկոյան կայացած մամուլի ասուլիսին Իվանովը հայտնեց, որ ՀՀ-ն Հավաքական անվտանգության պայմանագրի «մեխանիզմներին համապատասխան» արդեն իսկ ներռուսաստանյան գներով ձեռք է բերել երկու «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որնք երեկ վայրէջք են կատարել Հայաստանում: Խոսելով հայ-ռուսական ռազմական համագործակցության մասին, Իվանովը նշեց, որ մոտ 600 հայ սպա ուսուցում է անցնում ՌԴ-ում: Եվս 150-ը ուսուցման նպատակով այդ երկիր կմեկնի հաջորդ տարի: Իվանովը հայտնեց նաեւ, որ Ռուսաստանը չի մասնակցելու սեպտեմբերին ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Ադրբեջանում կայանալիք զորավարժություններին: «Մենք զորավարժություններին մասնակցում ենք միայն այն դեպքում, երբ մեզ համար գործնական օգուտ ենք տեսնում»,- ասաց նա: Իր հերթին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է մասնակցել այդ զորավարժություններին միայն իբրեւ լիարժեք մասնակից, իսկ դիտորդի կարգավիճակն անընդունելի է ՀՀ-ի համար: Սերգեյ Իվանովը նշեց նաեւ, որ ՌԴ-ն մտադիր չէ ավելացնել Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի անձնակազմի ներկայիս թվաքանակը, ինչը, նրա բնորոշմամբ, «օպտիմալ է»: Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, (որն, ինչպես հայտնի է, ՌԴ-ն վարձակալել է) ԱՄՆ-ի հետ համատեղ շահագործման մասին լուրերը Իվանովն անհեթեթ որակեց: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել