Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հույներն էլ են հայրենիք կորցրել

Մայիս 20,2004 00:00

Հույներն էլ են հայրենիք կորցրել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի կազմակերպած ցեղասպանություններից մեկին զոհ գնացած 300000 եւ տեղահանված 400000 պոնտացի հույների հիշատակի օրը մայիսի 19-ն է։ Երեկ Հայաստանի հույների միությունը սգո երթ էր կազմակերպել նույն տարիներին, նույն թուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ։ ՀՀ իշխանավորներից որեւէ մեկը երթին չէր մասնակցում։ Ներկա էր Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անտոնիոս Վլադիանոսիսը։ Ոչ երթը, ոչ էլ փոքրիկ հավաքը կազմակերպված-արտոնված չէին։ Ըստ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանի, «ապրիլի 24-ի համար չենք կազմակերպում։ Գիտեն՝ գալիս են։ Նույնը՝ հույների դեպքում»։ Անմար կրակի շուրջ հավաքված մոտ 100 հույների ու հայերի առջեւ Լավրենտի Բարսեղյանը հայտարարեց. «Ես ամոթ եմ զգում, որ պոնտացի հույների ցեղասպանությունը ՀՀ ԱԺ-ն չի ճանաչել, այն դեպքում, երբ Հունաստանի խորհրդարանը ճանաչել է մեր ցեղասպանությունը։ Ես հույս ունեմ, որ մենք կհասնենք այդ որոշմանը»։ 1994-ից հետո, երբ Հունաստանը պաշտոնապես ճանաչեց պոնտացի հույների ցեղասպանությունը, Լավրենտի Բարսեղյանը 6 անգամ դիմել է ՀՀ ԱԺ՝ այդ ցեղասպանությունը ճանաչելու առաջարկով։ Առայժմ՝ անարդյունք։ Հայաստանի հույների միության նախագահ Նիկոլայ Ֆեոֆանովը հայտարարեց, որ թուրքերը ծրագրված, կանխամտածված իրականացրել են հայերի եւ հույների ցեղասպանությունը՝ Փոքր Ասիայում առանց քրիստոնյաների պետություն ստեղծելու նպատակով։ Տպավորիչ էր Հունաստանի դեսպանի խոսքը. «Թուրքական գազանության հետեւանք այս ցեղասպանությունը համընկավ հայոց ցեղասպանության հետ եւ այդ ողբերգական պատմական ճակատագիրը կապում է այս երկու ժողովուրդներին՝ սերտ համագործակցության, համերաշխության կապերով։ Այդ ցեղասպանությունները վերջ դրեցին հայ եւ հույն ժողովուրդների գոյությանը Փոքր Ասիայում։ Դրանք մեր կորցրած հայրենիքներն են։ Մենք կաշխատենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում, որ ճանաչվեն այդ ցեղասպանությունները։ Բայց հիմնականում կաշխատենք, որ երբեք չկատարվեն այդպիսի իրադարձություններ։ Հայերի ցեղասպանությունը ավելի շատ երկրներ են ճանաչել, որովհետեւ այդ հարցը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ցավոք, հույների ցեղասպանությունը Հունաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Դրա համար էլ այն ճանաչել է միայն Հունաստանը։ Իսկ Հայաստանը չի ճանաչել թերեւս այն պատճառով, որ Հունաստանը պաշտոնապես չի խնդրել Հայաստանին»։ Ըստ դեսպանի, Հայաստանում ապրում է շուրջ 5000 հույն (Հունաստանում մոտ 30 հազար հայ կա- Ա. Զ.)։ Նախկինում շատ էին ու շատերն են հեռացել։ Այժմ Հունաստանը փորձում է պահպանել Հայաստանի հունական համայնքը. հունարեն է դասավանդվում եւ այլն։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել