Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

21-ՐԴ ԴԱՐԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

Մայիս 20,2004 00:00

21-ՐԴ ԴԱՐԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ Թերեւս այդպես կարելի է բնորոշել բիոռեզոնանսային դիագնոստիկայի եւ բուժման մեթոդները, որոնք Հայաստանում կիրառում է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտակ Հովսեփյանը: – Ո՞րն է Ձեր կիրառած մեթոդի էությունը։ – Այն կոչվում է վեգետատիվ ռեզոնանսային թեսթ։ Դա բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ, թեսթային համակարգով ստուգվում են օրգանիզմի շուրջ 21 հազար ցուցանիշներ։ Այդ ստուգումները հնարավորություն են տալիս ճշտել՝ օրգանիզմում առկա՞ է արդյոք տվյալ ցուցանիշը, թե՞ ոչ։ Ցուցանիշների ստուգման տեխնոլոգիան լիովին կախված է տվյալ բժշկից՝ որքան է նա պատկերացնում փոխադարձ կապերը, այս կամ այն հարուցիչների դերն այլեւայլ գործընթացների մեջ։ Քանի որ մեթոդիկան համեմատաբար նոր է, մինչեւ հիմա այն ընթացել է թեսթերի քանակն ավելացնելու ուղղությամբ։ Իսկ այժմ ստեղծվել է արդեն նոր համակարգ, որը հիմնված է օրգանիզմում նորմալ եւ պաթոլոգիական երեւույթների վրա։ – Մեթոդիկան որքանո՞վ է հնարավորություն տալիս ստանալ օրգանիզմի ամբողջական պատկերը։ Եվ ամե՞ն կարգի հիվանդություններն են ի հայտ գալիս։ – Ամեն կարգի հիվանդությունները՝ բոլոր օրգանների եւ հյուսվածքների։ Դեռ ավելին՝ այն հնարավորություն է տալիս պարզել օրգանիզմի նախատրամադրվածությունը այս կամ այն հիվանդության հանդեպ, եւ ընդհանրապես տեսնել առողջ մարդու օրգանիզմում առկա թույլ օղակները՝ որտեղ ինչ կարելի է սպասել առաջիկայում։ Այսինքն, այն ունի նաեւ կանխարգելիչ բնույթ։ – Դիագնոստիկ առումով որքա՞ն են կազմում շեղումները։ – Դիագնոստիկ ճշգրտությունը կազմում է 93-96 տոկոս։ Սա բավականին բարձր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ առ այսօր ամենաբարձր ճշգրտության տոկոսն ուներ միջուկամագնիսական ռեզոնանսը՝ ընդամենը 91 տոկոս, եւ այն ստուգում է ընդամենը մեկ պարամետր։ Նշեմ նաեւ, որ այս մեթոդի ճշգրտության մակարդակը ուղիղ համեմատական է բժշկի գիտելիքներին։ – Այս մեթոդի առանձնահատկությունը նաեւ այն է, որ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր օրգանիզմի համար պատրաստել որոշակի դեղամիջո՞ց։ – Քանի որ դիագնոստիկ համակարգը հնարավորություն է ընձեռում որոշել այս կամ այն ցուցանիշը՝ կարելի է դրանց հիման վրա պարզել նաեւ, թե որ դեղորայքը ինչ ազդեցություն ունի։ Նույն կերպ կարող ենք օրգանիզմից հանել էլեկտրամագնիսական այն տատանումները, որոնք բնորոշում են ստացված ցուցանիշները։ Եվ դրանք ձեւափոխելով՝ կարող ենք վերադարձնել օրգանիզմին ու «պատվիրել» այն պատկերը, ինչ ցանկանում ենք, որ լինի այդ օրգանիզմում։ Այսինքն, դեղը դեռ չտված՝ կարող ենք տեսնել, թե վերջում ի՞նչ է լինելու։ – Հարկ կա թերեւս անդրադառնալ նաեւ Ձեր նորամուծությանն այս մեթոդիկայում։ – Արդեն նշեցի՝ մինչեւ հիմա զարգացումն ընթանում էր դեպի թեսթերի քանակի ավելացումը, նոր թեսթերի ներդրումը։ Տրամաբանական համակարգն, այսինքն, մշակված չէր։ Այժմ ես ստեղծել եմ այդ համակարգը, որը բժշկին հուշում եւ թելադրում է ամեն հաջորդ քայլը՝ կախված նախորդ քայլի արդյունքից։ Դա հնարավորություն է տալիս, որ բոլոր բժիշկների մոտ լինի նմանատիպ կրկնելիություն։ Որ կարողանանք համեմատել տարբեր բժիշկների առաջարկած բուժական մեթոդների արդյունավետությունը կամ ոչ արդյունավետությունը։ – Պիտի խնդրեմ նաեւ ներկայացնեք այլ երկրներում մեթոդիկայի կիրառման փորձը։ – Այն ստեղծվել է 1978 թ., հեղինակը գերմանացի է՝ Հելմուտ Շիմել։ Սկզբում եղել է ընդամենը 30 թեսթ։ Այսօրվա համեմատ դա խղճուկ պատկեր է. այժմ խոսում ենք 21 հազար ցուցանիշի մասին։ Մեթոդիկան զուգակցվել է բիոռեզոնանսային թերապիայի բլոկին։ Բիոռեզոնանսային բլոկի հավելման հեղինակը Մորելն է։ Մեթոդիկան այսօր մեծ կիրառություն եւ տարածում ունի Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Իտալիայում եւ այլ երկրներում։ – Այսուհանդերձ, որպես ոչ ավանդական մեթոդ՝ այն երբեմն արժանանում է դասական բժշկության կողմնակիցների թերահավատ վերաբերմունքին։ – Բացարձակ սխալ է վեգետատիվ ռեզոնանսային թեսթը դասել ոչ ավանդական բժշկության կատեգորիային։ Այստեղ մենք հիմնվում ենք դասական բժշկության գիտելիքների վրա։ Նշեմ նաեւ, որ գոյություն ունի Ֆոլի մեթոդիկան, որի ժամանակ օգտագործվում են Ֆոլի հայտնաբերած կետերը՝ զուգակցված ասեղնաբուժության կետերին, որոնց միջոցով կատարվում է այս կամ այն համակարգի ախտորոշումը։ Այն լայն տարածում ունի մեր հանրապետությունում։ Սրանք սկզբունքորեն տարբեր բաներ են։ Այնտեղ ընդամենը չափվում է մաշկի այն կետի դիմադրությունը, որը կապ ունի այս կամ այն օրգանի հետ։ Եվ եթե այդ օրգանն ունի ինչ-որ ֆունկցիոնալ շեղում, այդ կետի ցուցանիշը լինում է բարձր կամ ցածր, որով էլ դատում են, թե ինչ վիճակում է տվյալ օրգանը։ Բայց կան մի շարք մաշկային հիվանդություններ, որոնք հնարավոր չեն դարձնում տվյալ հատվածում չափում կատարելը։ Եվ ապա, դա կատարվում է երբեմն դիլետանտական մակարդակով։ – Որքա՞ն է Ձեր կիրառած մեթոդով բուժման արդյունավետությունը։ – 85-90 տոկոսով՝ լիարժեք լավացում, 3-4 տոկոսով՝ հարաբերական լավացում։ Կան նաեւ 3-4 տոկոս հիվանդներ, որոնց օրգանիզմում չի կատարվում որեւէ տեղաշարժ։ Օրգանիզմը պիտի բաց լինի նման բուժական միջամտության համար։ Այսօրվա դրությամբ մեր սարքավորումները լավագույններից են աշխարհում, եւ տեխնոլոգիաներն էլ առաջատար են։ Զրույցը վարեց Հ. ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել